Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այստեղ մարդկանց միայն ճանաչում է պետք, փող եւ ինքնախաբեություն»

Հոկտեմբեր 25,2011 00:00

NEW

Կինոդերասանի աշխատանքն այսօր թերեւս շատ քիչ պահանջարկ ունի։

Մենք սովոր ենք ընդունել, որ դերասանները «պարապ» չեն, եւ առնվազն մի քանի սերիալներում նկարահանվելու հնարավորություն ունեն։ Սակայն իրականում դերասանն այսօր էլ փնտրտուքի մեջ է։ Խոսքն այն դերասանների մասին է, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը եւ իրենց արվեստագետ համարում։ Մյուս կողմից, ինչ-որ չափով կարելի է արդարացնել նրանց, ովքեր ամենօրյա սերիալային կյանքով են ապրում՝ դրամ աշխատելու միտումով։ Այս խնդիրը այսօր շատ արդիական է, քանի որ պահանջարկն ու որակը չեն համապատասխանում միմյանց, իսկ կինոարտադրության անմխիթար վիճակը ստիպում է դերասանների մեծ մասին մեկընդմիշտ մոռանալ կինոնկարում նկարահանվելու մեծ ցանկության մասին։ Այդ խնդրի առաջ է նաեւ երիտասարդ դերասան Նարեկ Ներսիսյանը՝ այն քչերից մեկը, ով, չնայած իր տարիքին, թե՛ կինոարվեստում, թե՛ թատերական՝ բազմաթիվ լուրջ ձեռքբերումներ է ունեցել։ Բավական է նշել, որ նա հանդիսանում է Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասան, արժանացել է «Արտավազդ» մրցանակին, որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան՝ «Լյուսիեն Լյուկ» ներկայացման համար, նկարահանվել է երեք լիամետրաժ եւ մի քանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերում, մասնակցել մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ հեղինակավոր «Բեռլինալեին»։ Սակայն ունենալով հաջողություններ, նա այսօր էլ փնտրտուքի առաջ է, ստանալով բազմաթիվ հրավերներ սերիալներից եւ հեռ. նախագծերից, Նարեկը մինչ օրս չի հանդիպել մի առաջարկի, որն իր պրոֆեսիոնալ մակարդակով կհետաքրքրի իրեն։
Ն.Ն. Շատ դերասանների համար գլխավոր հույսը սերիալներում նկարահանվելն է, օրվա գումար վաստակելն ու «կյանքի հաճույքներից» օգտվելը։ Բայց կա դերասանների փոքր զանգված, որը չի ընդունում կոմերցիոն բնույթը, այլ հարց է, թե ֆինանսներ որտեղից է ճարում։ Այդ դերասանները լուրջ նպատակներ ունեն, սովորաբար նրանք հաճույքով են ընդունում կինոֆիլմում նկարահանվելու առաջարկը։ Շատերից եմ լսել, որ սերիալներում դերասանը չի կարողանում աշխատել, խելահեղ ռիթմն ու նկարահանման խմբի անտեղյակությունը պարզապես դերասանի մասնագիտությունը վերածում են էժանագին արհեստի։ Ես այսօրվա դերասաններին բաժանում եմ երկու խմբի՝ 1. անփորձներ եւ մասնագիտական կրթություն չունեցողներ, ովքեր չեն տարբերում սիրողականը արհեստավարժից, 2. եւ մարդիկ, ովքեր իրենց ամեն օր չեն ուզում «ծախել»։
Ա.Ա. Եթե քեզ առաջարկեին արտասահմանյան թատրոնում խաղալ, բայց առանց վարձատրության, կընդունեի՞ր հրավերը։
Ն.Ն. Կարծում եմ՝ դրսից անվճար առաջարկ չէր լինի, բայց եթե լիներ, նախ կհետաքրքրվեի ստեղծագործական խմբի մասին, ու եթե առաջարկը հետագայում առաջ գնալու հնարավորություն ընձեռեր, անշուշտ, կընդունեի։
Ա.Ա. Դու ներգրավված ես թատրոնի բազմաթիվ ներկայացումներում, համարվում ես առաջատար դերասան, բայց, այդուհանդերձ, քո եւ գործընկերներիդ աշխատավարձի չափը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում։ Ի՞նչ ես կարծում, եթե դերասանի ամսական աշխատավարձը կազմեր առնվազն 1000 ԱՄՆ դոլար, նույնքան մե՞ծ կլիներ դերասանների հոսքը սերիալներ։
Ն.Ն. Եթե այդքան վարձատրվեին, կարծում եմ, որ նվիրված դերասանը դժվար թե գերադասեր սերիալը։ Բայց բացառություններ կլինեին։ Փողից հրաժարվելը դժվար է։ Դերասանը, ով լուրջ հետաքրքրություններ ունի, չի գնա այնտեղ, նա կնախընտրի աշխատել նոր պիեսի, նոր գաղափարների վրա, քան խաղալ «Վլոյի» դերը «Այսինչ» սերիալում։ Ի վերջո, արհեստավարժ դերասանը  նախ եւ առաջ ձգտում է մասնակցել թատերական փառատոնի։
Ա.Ա. Ինչո՞վ է պայմանավորված դրսի անտարբերությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։
Ն.Ն. Բարդ հարց է, այն ավելի շատ ուղղված է արտադրողներին ու ռեժիսորներին։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ սխալ գործակալական քաղաքականություն տանելու հետեւանք է։ Եվ  հետո, ինչո՞ւ պիտի ֆրանսիացին կամ իտալացին հետաքրքրվի հայ դերասանով։ Մեզանից շատերը նույնիսկ անգլերեն չգիտեն, էլ չեմ խոսում մնացած կարողությունների մասին։ Այնպես որ, միայն տաղանդը քիչ է։ Հայ դերասանը հնարավորություն չունի ֆիլմով ներկայանալու օտարերկրյա արտադրողին, հանդիսատեսին։ Սա ամենալուրջ խնդիրներից մեկն է։
Ա.Ա. Դու, այնուամենայնիվ, նկարահանվել ես մի քանի ֆիլմերում, այդ թվում Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի՝ «Անառակ որդու վերադարձը» եւ Բրեյդն Քինգի՝ «Այստեղ» ֆիլմը։ Բոլորովին վերջերս էլ ավարտվեցին «Ապակե Կախազարդը» ֆիլմի (Ն.Մկրտչյան, Ա.Ազատյան) նկարահանումները, որտեղ դու գլխավոր դերում ես։ Չմոռանանք նաեւ, որ «Այստեղ» ֆիլով այս տարի մասնակցեցիր Բեռլինի միջազգային կինոփառատոնին։
Ն.Ն. Ֆիլմերը, որոնցում նկարահանվել եմ, ինձ շատ բան են տվել։ Նախ ձեռք եմ բերել փորձ։ Ամենակարեւորը՝ առիթ են հանդիսացել, որ ավելի մտածեմ «լուրջ կինոյի» մասին։ Հատուկ ուզում եմ նշել, որ բոլոր ֆիլմերը, որտեղ խաղացել եմ, նկարահանված են կինոժապավենով, որտեղ աշխատել են բացառապես արհեստավարժ մասնագետներ, եւ սա, բնականաբար, բոլորովին այլ չափանիշ է։ Բնական է, որ սրանից հետո անորակ աշխատանքներում նկարահանվելուց պիտի հարմարավետ չզգաս քեզ։
Ա.Ա. Կա՞ այսօր Հայաստանում հանդիսատես, ում իսկապես հետաքրքիր է քո նշած «լուրջ կինոն» կամ բեմադրությունը, ով պատրաստ է գումար վճարել տվյալ ֆիլմը կամ ներկայացումը դիտելու համար։
Ն.Ն. Մեզ մոտ արժեքներն այնքան են խախտվել, որ հանդիսատեսը հոգնել է։ Կա փոքր զանգված, ով սպասում է արժեքավոր գործի, ով ուզում է բավարարել իր գեղագիտական պահանջները, շատերը պատրաստ են «Լյուսիեն Լյուկի» տոմս գնել, երբ ներկայացումը վճարովի դառնա։ Սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր ճաշակ չունեն, նրանց համար կինոն ու թատրոնը զվարճանք է, նրանց մասխարայություն է պետք, «խնդալու» առիթ։
Ա.Ա. Մոտ ապագայում սպասվում է, որ կգնաս արտերկիր եւ բավական մեծ պահանջարկ ունեցող դերասան կդառնաս, այդ պարագայում ինչպե՞ս կնայես այս խնդիրներին, եւ արդյոք կգա՞ս այստեղ՝ քո մասնագիտությամբ աշխատելու։
Ն.Ն. Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նշեցիր, խաղացանկային թատրոնում չեմ խաղա։ Նպատակ ունեմ այստեղ «դաշտ» ստեղծել, որը կհամագործակցի արտասահմանյան ընկերությունների հետ։ Օրինակ՝ արտասահմանում պահանջարկ վայելող յուրաքանչյուր հայ դերասան, չեմ կարծում, որ թողնի տեղական շուկան եւ գա Հայաստան՝ որեւէ խաղացանկային թատրոնում 60-70.000 դրամով աշխատելու։
Ա.Ա. Եթե քեզ միջազգային գործակալ դիմի, ի՞նչ պահանջներ կառաջադրես։
Ն.Ն. Ինձ աստղային ֆուրգոններ պետք չեն։ Գործակալի շնորհիվ ավելորդ վազվզոցը պակասում է։ Մի անգամ Բրեյդն Քինգը հարցրեց՝ թե ինչպե՞ս են մեր  դերասանները մասնակցում այս կամ այն դերասանական ընտրությանը, եթե գործակալներ այստեղ չկան, ասացի՝ բերանից բերան լուրը տարածելով, «տնավարի»։ Դերասանը չպետք է առեւտրային հարցերով զբաղվի։ Բայց այս ամենը Հայաստանի համար թվում է, թե դեռ շուտ է, այստեղ մարդկանց միայն ճանաչում է պետք, փող եւ ինքնախաբեություն։ Ես զարմանում եմ, որ լինելով 23 տարեկան, նման միտք եմ արտահայտում։ Չնայած պետական մարմինների ջանքերին, մեզանում դեռ չկա լուրջ ուշադրություն մշակույթի հանդեպ։                        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել