Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ –ՍՓԻՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հոկտեմբեր 25,2011 00:00

(Ելոյթ  համահայկական  4-րդ  համաժողովում)

Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը մեր կարծիքով պէտք է իրագործել երկու՝ նուազագոյն (minimum) եւ առաւելագոյն (maximum) ծրագրերով, ինչը նշանակում է Հայաստան-Սփիւռք մերձեցումների (նուազագոյն) եւ միասնականացման (առաւելագոյն) ծրագրեր:
Ներկայ հանգրուանում ե՛ւ հայրենիքը, ե՛ւ սփիւռքը պատրաստ չեն առաւելագոյն ծրագրին՝ միասնանալուն, այսինքն հանդէս գալու որպէս ազգային մէկ միասնականութիւն: Իրականանալու դէպքում, ազգային միասնականութիւնը («մէկ ազգ» կարգախօսը) թոյլ կը տար ունենալ համազգային քաղաքական հիմքով միութիւն, հնարաւոր դարձնելով՝ Սփիւռքի շահերի ներկայացումը եւ պաշտպանումը Հայաստանի Հանրապետութեան կողմից՝ միջազգային քաղաքականութեան ոլորտում, Սփիւռքի ներկայութիւնը Ազգային ժողովում (թերեւս սենատի միջոցով), կառավարութեան կազմի մէջ, սփիւռքահայի պարտադիր զինուորական ծառայութեան մասնակցութիւնը հայրենիքում, Հայաստանի քաղաքացիների հետ հաւասարութեան հիմքով քաղաքացիական եւ իրաւական կարգավիճակ ու իրաւունքներ ունենալու սահմանադրական երաշխիքներ եւ այլն: Այս խնդիրը յետագայ քննարկման հարց է, երբ լուծած կը լինենք նուազագոյն ծրագիրը՝ մերձեցումների հարցը:
Նուազագոյն ծրագրով նախատեսուած մերձեցումների համար Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը, մեր կարծիքով, կարող է իրականանալ ստորեւ ներկայացուող միջոցառումներով: Ա.- Մերձեցումները պէտք է սկսուեն նոր գործընթացով՝ հաւասար դիրքերից, երկուստեք համագործակցութեանը միտուած հանդիպակաց քայլերով, առանց որեւէ կողմի առաւելութեան ակնկալութեան:
Բ.- Յարաբերութիւնների ընթացքում պէտք է բացառել Սփիւռքի երկատում եւ հայրենիքի հետ խզում առաջացնող քայլերը: Սա նշանակում է, որ պէտք է անտեսուեն կրօնական ու կուսակցական պատկանելութիւնները, հայրենիքի նկատմամբ երբեւէ ունեցած դրական կամ բացասական տրամադրուածութիւնները, իշխանութիւններին առաւել նուիրուած անձանց կամ կազմակերպութիւնների նկատմամբ յատուկ մօտեցումները, նաեւ արտօնութիւններ տալը՝ համահայկական չափանիշով կամ հայրենիքում ու սփիւռքում առանձին միջոցառումներ կազմակերպելիս:
Գ.- Ապահովել Սփիւռքի ներկայութիւնը հայրենիքում, հետեւեալ կերպ.
Գ. ա) Հայրենիքի տնտեսական, իրաւական, մշակութային, գիտական, բնապահպանական եւ այլ բնագաւառների կառոյցներում ու օղակներում ներգրաւել սփիւռքի ներկայացուցիչների, մասնագէտների, նաեւ խորհրդականների, սփիւռքահային շնորհելով հարազատ զաւակի գոյավիճակ:
Գ. բ) Ստեղծել հայրենիքի եւ սփիւռքի ներկայացուցիչներով կազմուած խառը յանձնախմբեր կամ մարմիններ՝ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող համատեղ աշխատանքներ իրականացնելու համար, ընդ որում հաւասար ձայներով եւ ձայների հաւասարութեան սկզբունքով: Օրինակ. հայրենիքի հզօրացմանն ուղղուած կամ անհատական գործարարական, բարերարական նպատակներով սփիւռքի շնորհած (արտասահմանեան) յատկացումներով ներդրումային աշխատանքները խթանելու, ներդրողի շահերը պաշտպանելու եւ իշխանական պաշտօնեայի կողմից կաշառքն ու շորթումները բացառելու նպատակով կարելի է ստեղծել նման (համատեղ կազմուած) մարմին, որը կը հսկէր տուեալ կառոյցի հետ կապուած բոլոր հարցերի իրականացումը եւ ապա պատրաստի կառոյցը կը յանձներ ներդրողին կամ պետական այն մարմնին, ում հսկողութեամբ աշխատելու էր այդ կառույցը:
Գ. գ) Սփիւռքին չառնչուած, սակայն բախտորոշ նշանակութիւն ունեցող ազգապահպանական հարցերում, հայրենիքի ներպետական (բնապահպանական եւ մշակութային եզակի արժէքների փրկութեան, ազգային անվտանգութեան եւ այլն) խնդիրների դէպքերում, նաեւ հայ գաղթօճախները հիւրընկալող երկրների հետ առնչուած միջազգային շփումների ու քննարկումների ժամանակ ցանկալի է խորհրդատուական նպատակներով ներգրաւել Սփիւռքի իրաւասու ներկայացուցիչների:
Դ.- Մերձեցումների համար առաջնահերթային համարել լեզուական ճիշդ քաղաքականութեան մշակումը: Այդ քաղաքականութեան կարեւոր բաղադրիչներն են՝
Դ. ա) Հայաստանի կողմից լեզուապահպանական գործնական օգնութեան կազմակերպումը Սփիւռքին՝ մայրենին (արեւմտահայերէնը) չկորցնելու եւ նոր սերունդին փոխանցելու մտահոգութեամբ: Յիշենք, որ ազգը կենդանի է, եթէ լեզուն կենդանի է: Սփիւռքը գոյատեւելու է ոչ թէ նիւթականի, այլ լեզուի շնորհիւ, որովհետեւ սփիւռքահայի համար հայրենիքը պատկերւում է լեզուի մէջ եւ պահպանւում՝ լեզուի միջոցով: Այդպիսի օգնութիւն է Հայաստանի ներկայութիւնը Սփիւռքում (վերը՝ Գ. կէտում նշել էինք Սփիւռքի ներկայութիւնը Հայաստանում):
—Այդ նպատակով Հայաստանում Պետական համալսարանի բանասիրականի արեւմտահայերէնի ամպիոնի փոխարէն կամ դրանից անկախ, հարկ է ստեղծել Սփիւռքի Համալսարան՝ Սփիւռքի դպրոցների համար դասական ուղղագրութեամբ եւ գրական արեւմտահայերէնով ուսած մանկավարժական համակազմ (կադրեր) պատրաստելու առաքելութեամբ, հիմնականում ընդունելով գաղութներից եկած, իսկ չբաւարարելու դէպքում նաեւ հայրենի աշակերտների: Նոյն նպատակով հայաշատ գաղութներից գոնէ մէկում (օրինակ Քալիֆորնիայում)} պէտք է ստեղծել Կիպրոսում փակուած Մելգոնեան վարժարանին փոխարինող կրթական հաստատութիւն: Այս վերջին դէպքում, այդ երկրի լեզուն իմացող ուսուցչի համար կը դիւրանայ օտարախօս հայ աշակերտի ուսուցման գործը, փոխհասկացութիւնը:
—Լեզուական հիմքի վրայ մերձեցման համար կարեւոր են հայրենիքում առնուող քայլերը, ուղղուած՝ արեւմտահայ ու արեւելահայ գրական լեզուների մերձեցմանը: Պէտք է կարեւորել զանգուածային լրատուամիջոցներում արեւմտահայերէնին մշտական տեղ տալու հարցը: Եթէ կորցնենք արեւմտահայերէնը (որով ստեղծուել են համաշխարհային մակարդակի գեղարուեստական ու գիտական գրականութիւն), կը կորցնենք նաեւ այդ լեզուաճիւղը կրողին՝ Սփիւռքը: Այդ դէպքում մահացողը լինելու է համազգային՝ մէկ ազգ եւ հզօր հայրենիք կերտելու գաղափարախօսութեան պետական քաղաքական գործընթացը:
—Վերջապէս պէտք է համարձակօրէն ձեռնարկել հայրենիքում բոլշեւիկեան պարտադրուած գրեթէ 90-ամեայ ուղղագրութեան փոխարէն աւանդական 1600-ամեայ դասական ուղղագրութեան վերականգնման կնճիռի լուծումին, մի հարց, ինչը հանդիսացաւ Հայաստան-Սփիւռք խզումի սկիզբը, ստեղծելով մերօրեայ քննարկուող մերձեցումների հիմնահարցը (պրոբլեմը). եւ այսօր թէ՛ որոշ ղեկավարներ, թէ՛ մի քանի լեզուաբաններ վախկոտաբար հրաժարւում են հարցը բացօրէն, ազգի երկու զատուած հատուածների՝ երկու ուղղագրութիւնների կողմնակիցների հաւասար թուաքանակով մտաւորականների մասնակցութեամբ եւ պետական համապատասխան մարմինների նախաձեռնութեամբ ունկնդրումներ ու քննարկումներ կազմակերպելուց :
—Այն ժամանակ, երբ պետականօրէն դրուած է Հայաստան-Սփիւռք մերձեցման խնդիրը, Սփիւռքը այսօր նոյնպէս սկսել է երկատուել ՝ բոլոր գաղութներում գործող դասական ուղղագրութեան կողքին միաժամանակ աբեղեանա-հայաստանեան ուղղագրութիւն պահանջող (Հայաստանից արտագաղթած) հայ ծնողների պատճառով, բացելով իրենց առանձին դպրոցները: Անշուշտ, Սփիւռքի դպրոցներին պէտք է ուղարկել թէ՛ արեւմտահայերէն, թէ՛ արեւելահայերէն (գրական) դասագրքեր, բայց միայն մէկ՝ դասական ուղղագրութեամբ: Այլապէս շուտով մերձեցման նոր խնդիրներ պիտի լուծենք երկատուած Սփիւռքի ներսում:
—Սփիւռքի դպրոցներում առկայ ծրագրային եւ դասագրքային ներկայ խայտաբղետութիւնը պէտք է վերացուի ընդհանուր ջանքերով, վերացնելով միմեանցից անկախ դասագրքեր ստեղծելու աւանդոյթը՝ ՀՀ կրթութեան ու գիտութեան եւ Սփիւռքի Նախարարութիւնների, ինչպէս նաեւ Անթիլիասի Կաթողիկոսութեան կողմից: Հանրապետութեան ղեկավարները եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պէտք է համատեղ բանակցելով լուծեն Սփիւռքի ապագան կանխորոշող կրթական միասնական համակարգի ստեղծման հարցը: Վերջին մէկ տարուայ ընթացքում յիշածս երեք կողմերն էլ կրթական հարցերով առանձին-առանձին համահայկական համաժողովներ են հրաւիրել եւ որոշումներ կայացրել: Հայաստանում Սփիւռքի հարցերում այսօր ունենք կազմակերպական լրիւ անորոշութիւն, քանզի Կառավարութիւնը չի համակարգում իրեն ենթակայ նախարարութիւնների՝ Սփիւռքին առնչուող փոխգործունէութիւնը, չսահմանելով նաեւ դրանց ենթաստորակարգութեան (սուբօրդինացիայի) հարցերը, քանի որ Հանրապետութիւնում Սփիւռքի հարցերում իրենց գործունէութիւնն իրականացնող նախարարները հաւասարազօր եւ անկախ են: Սփիւռքի հետ մերձեցումը մեծապէս կախուած է նաեւ այս թերութիւնները շտկելուց:
—Սփիւռքում կրթական միասնական համակարգի ստեղծման համար հրամայական պահանջ է դարձել ոչ միայն վերը նշուած՝ մանկավարժական մեթոդներին համահունչ միասնական ծրագրերով ու դասագրքերով դպրոցներին ապահովելը եւ ուսուցիչներ պատրաստելու համար կրթական օճախների ստեղծումը Հայաստանում ու Սփիւռքում, այլ նաեւ ուսուցիչների ցածր վարձատրման եւ աշակերտների ծնողներից ուսման բարձր վճարներ գանձելու խնդիրները, ինչի հետեւանքով որակեալ մանկավարժները գերադասում են անցնել այլ աշխատանքի, իսկ ծնողները գերադասում են իրենց զաւակներին ուղարկել իր համայնքի օտարալեզու (պետական, ձրի) դպրոցը: Արդիւնքում հայկական դպրոցները փակւում են: Ժամանակն է, որ կուսակցական, կրօնական կամ գաղութի հայրենակցական-համայնքային պատկանելութիւնից անկախ (իսկ մեր դպրոցները վերահսկւում են դրանց կողմից), ստեղծել ընդհանուրին պատկանող միասնական (այդպէս անուանենք) դպրոցներ, այդ կերպ մէկտեղելով սակաւաթիւ ուսուցիչներին եւ դասարանական խումբ չլրացնող սակաւաթիւ աշակերտներին: Այս թերութիւնները, անշուշտ, կարգի կը բերուեն դրամական ծախսումներով միայն: Հետեւաբար, համազգային եւ ապագային միտուած այս նպատակի համար հարկ կը լինի ազգովին եւ պետականօրէն դիմելու (բանակցելու) հայ եւ նոյնիսկ օտար բարեգործական բոլոր կազմակերպութիւններին եւ անհատ բարերարներին՝ ամէն ինչից առաջ նախապատւութիւն տալու կրթական համակարգի ֆինանսաւորմանը: Այդ նպատակը թելադրում է ստեղծել համահայկական կրթական հիմնադրամ (այս մասին բազմիցս բարձրաձայնել է «Մեսրոպեան Ուխտ»-ի անդամ Յովսէփ Նալբանդեանը): Կարծում ենք, որ Սփիւռքի Նախարարութիւնը յատուկ կը զբաղուի այսպիսի հիմնադրամ ստեղծելու միջնորդութեամբ:
— Եւ վերջապէս, քննարկուող մերձեցման հարցում առանցքային նշանակութիւն ունեն երկու հատուածների համատեղ մասնակցութեամբ ստեղծուած համահայկական միութիւնները, որպիսին արդէն երկու- երեքն ունենք՝ Սփիւռքի Նախարարութեան նախաձեռնութեամբ: Սփիւռքի յարատեւման իմաստով առաւել հրատապ է հայրենիքի եւ Սփիւռքի մտաւորական մասնագէտների հաւասար անդամակցութեամբ չէզոք եւ անկախ Համահայկական Լեզուական Կառոյցի ստեղծումը, որի գործադիր վարչութիւնը կարող է ստանձնել լեզուի համար օրէնսդրական մարմնի յանձնառութիւն, թոյլ չտալու համար անհատ ոչ իրաւասու անձանց (նաեւ իշխանական) ըստ իրենց ճաշակի լեզուական փոփոխութիւններ կատարելու: Եւ ընդհանրապէս, պէտք է առաւել զարկ տալ Հայաստան- Սփիւռք համատեղ կառոյցներին: Օրինակ, փոխանակ սփիւռքահայ գրողին ընդունելու Հայաստանի գրողների միութեան անդամ, հարկաւոր է ունենալ հայ գրողների (ոչ թէ Հայաստանի գրողների) միութիւն. թերեւս դրա շնորհիւ դադարենք յատուկ շեշտել հայ գրող— արեւմտահայ (սփիւռքահայ) գրող զատողական արտայայտութիւնները: Նոյնը նաեւ արուեստի միւս բնագաւառներում: Հիմակուհիմայ, Տերմինաբանական Կոմիտէի չգոյութեան պայմաններում, պարտադրուած ենք անմիջապէս լծուել Համահայկական Բառեզրաբանական Մարմնի ստեղծմանը՝ նկատի ունենալով ոչ թէ հայաստանեան տերմինաբանական կոմիտէի օրինակը, որտեղ սփիւռքից ընդգրկուած էին երկու- երեք ներկայացուցիչներ, այլ թուապէս հաւասար ձայներով՝ սփիւռքահայեր եւ նոյնքան էլ՝ Հայաստանից:
Մերձեցումներին օգտակար եւ հնարաւոր տարբերակ կարելի է համարել Սփիւռքում գործող հայրենակցական միութիւնների առաւել սերտ փոխգործակցութեամբ աւելի յաճախ համատեղ միջոցառումներ կազմակերպելը Հայաստանի այն բնակավայրերում, որոնք կրում են «երկրի» (Արեւմտահայաստանի) իրենց բնակավայրերի անունները (Նոր Մալաթիա, Սեբաստիա, Մարաշ, Խարբերդ, Երզնկա եւ այլն): Սովորաբար հայրենակցական միութիւնները գործում են Սփիւռքում եւ հայրենիքում այդպիսի միութիւններ գրեթէ չկան կամ հատ ու կենտ են: Հարկաւոր է նպաստել, որ հայրենիքում եւս ստեղծուեն այդ միութիւնների մասնաճիւղերը, յաճախակիացնելով փոխայցելութիւնները:
Այս դիտարկումները հաշուի առնելու եւ իրագործելու դէպքում, արդիւնքում կ\’ունենանք նոյնիսկ աւելին, քան մերձեցումն է:
Մեր խօսքն աւարտենք անցած դարի (արեւմտա)հայ բանաստեղծ Ռուբէն Որբերեանի պատգամով.
«Կազմակերպել հայ համազգային հզօր կազմակերպութիւն մը… Իրարմէ տարահալած հայութեան զաւակները միացնել իրարու… ու եթէ ոչ իրական միութիւն, գէթ կենսական խնդիրներու շուրջ համագործակցութիւն ստեղծել ռուսահայ ու թուրքահայ հատուածներուն միջեւ ու ջանալ, որ գէթ նոր սերունդը ձուլուի ու միատարր ազգ մը կազմէ՝ յառաջադիմութեան նոյն ձգտումներով ու նոյն իտեալով ոգեւորուած»:
Պատգամում յիշուած այդ կենսական խնդիրը այսօր երկու հատուածների մերձեցումն է:

Հ.Գ. Սոյն  ելոյթում արտայայտուած մտքերը՝ մանրամասն հիմնաւորումներով ու բացատրականներով, մեր կողմից ներկայացուած են եղել Սփիւռքի եւ Հայաստանի մամուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել