Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոբելյարի» «Սիրո ըմպելիքը»

Հոկտեմբեր 25,2011 00:00

Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան 30 տարեկան է

\"\"

Տարին հոբելյանական է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի համար: 30 տարի առաջ հիմնված մշակութային այս օջախի ակունքներում հայ մշակույթի երախտավորների անուններ են՝ կոմպոզիտոր Ղ. Սարյան, դիրիժոր Ռ. Մանգասարյան, ռեժիսոր Վ. Բագրատունի: Ստուդիան հիմնադրվեց ուսանող երգիչ-երգչուհիներին բեմական աշխատանքի այբուբենը ուսուցանելու, Ազգային օպերային թատրոնի հերթափոխ ապահովելու առաքելությամբ, ինչը ծառայեց իր նպատակին: Վերջին տարիներին էլ համագործակցում է համանման մշակութային օջախների, նաեւ Շոտլանդիայի արքայական ակադեմիայի հետ: Այսօր Ազգային օպերային թատրոնի առաջատար մեներգիչները ոչ միայն ուսանող տարիներին, այլեւ մինչ օրս էլ  բեմ են բարձրանում ստուդիայում, իսկ վերջինը անդրադառնում է համաշխարհային օպերային գրականության այնպիսի նմուշների, որոնք հազվադեպ են ներկայացվում արեւմտյան նույնիսկ հեղինակավոր թատրոններում:
«Առավոտը» անդրադարձել է այդ ներկայացումներին. Մոցարտ՝ «Այդպես են վարվում բոլորը», Պերգոլեզի՝ «Սպասուհին տիրուհի», Պուչինի՝ «Եռապատում» («Քույր Անժելիկա», «Ջանի Սկիկի», «Թիկնոցը»), «Ծիծեռնակը» եւ այլն:
Հոբելյանական տարում ստուդիան իրականացրեց Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրը», իսկ օրերս  կայացավ կոմպոզիտորի երկրորդ՝ դարձյալ արեւմուտքում քիչ բեմադրվող օպերաներից «Սիրո ըմպելիքի» պրեմիերան:
«Առավոտը» հանդիպեց օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Մինչ բեմադրությանը անդրադառնալը, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե ինչո՞վ բացատրել վերջին շրջանում ստուդիայի ընդգծված սերը հատկապես իտալական օպերաների հանդեպ: Նախ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, ուր դասավանդում են հանրապետության լավագույն ռեժիսորներն ու դիրիժորները, պատրաստվում են ռուս, ֆրանսիացի, գերմանացի, մի խոսքով՝ հանրահայտ կոմպոզիտորների օպերաները ոչ միայն հատվածաբար, այլեւ ամբողջական:  Հետո էլ  մանրամասնեց. «Ինչ վերաբերում է իտալական օպերաներին, ապա դրանց բեմադրության առիթով մեզ մշտապես աջակցում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը: Կոնկրետ «Սիրո ըմպելիքը» հանդիսանում է իտալերեն լեզվի շաբաթվա մշակութային միջոցառումներից մեկը: Դոնիցետիի օպերայի պրեմիերան եւս մեկ անգամ հաստատում է իտալական Վերածննդի դերը ժամանակակից մշակութային եւ այլ արժեքների քարոզման գործում»:
«Սիրո ըմպելիքում» ներգրավված էին Լուսինե Թադեւոսյանը, Գյուլնարա Ստեփանյանը, Գուրգեն Բավեյանը, Պերճ Քարազյանը, Արշակ Կուզիկյանը, նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը: Մեկ անգամ եւս հիանալով հայկական վոկալ դպրոցի երիտասարդ ձայներով, այս դեպքում՝ նաեւ խաղով, որից  հետո բացականչություններն ու ծափերը երկար ժամանակ չէին դադարում, իսկ 220 տեղանոց դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Բեմադրության վերլուծությունը թողնելով մասնագետներին, բերենք ընդամենը մի հետաքրքիր մանրամասն. Հ. Հովհաննիսյանի բեմադրության մեջ կար մինչ այսօր օպերային ներկայացումներում չհանդիպող «ռեկվիզիտ», օրինակ՝ իրական սպորտային ավտոմեքենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել