Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «WADA»-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆՔ»

Հոկտեմբեր 25,2011 00:00

\"\"Միջազգային մարզական մամուլում ինֆորմացիա է տարածվել, թե Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (VADA) արգելված խթանիչ օգտագործելու համար մինչեւ 2015 թվականը մեկ տասնյակից ավելի ծանրորդների է որակազրկել ու, իբրեւ, նրանց մեջ են ապրիլին Կազանում կայացած Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Էլեն Գրիգորյանն ու բրոնզե մրցանակակիր Գեւորիկ Պողոսյանը:

Լուրն անակնկալ է հայաստանցի մարզասերների համար, քանի որ, սկսած 2006 թվականից, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ստանձնած Սամվել Խաչատրյանը խստագույնս արգելում է ցանկացած կասկածելի պրեպարատի օգտագործումը ու անցած ավելի քան հինգ տարիներին հայաստանցի եւ ոչ մի ծանրորդ դոպինգի մեջ չի բռնվել: Ուրեմն ի՞նչ է կատարվել, մի՞թե եվրոպական մեդալի փայլը վերոնշյալ երկու ծանրորդներին այնքան է շլացրել, որ գնացել են նման քայլի:
Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում խիստ կասկածի տակ առավ հայ ծանրորդների դոպինգ օգտագործած լինելու փաստը:
– Պարոն Խաչատրյան: Ի՞նչ խթանիչի մասին է խոսքը եւ այդքան խստությունից հետո ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
– Անկեղծ ասած, մենք էլ դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: WADA-ից այդ ինֆորմացիան այս ամիս ենք ստացել, որում, սակայն, հստակ ոչինչ չկա: Ըստ այդ տեղեկության, Էլենի, Գեւորիկի ու այլ երկրների եւս տասը ծանրորդների անալիզներում ինչ-որ նոր պրեպարատ է հայտնաբերվել, որն այս տարվանից է մտցվել արգելված դեղամիջոցների ցուցակ:
– Հասկանալու համար քայլեր ձեռնարկե՞լ եք:
– Անշուշտ: Արդեն որոշումը պաշոնապես բողոքարկել ենք՝ համապատասխան բողոք-նամակ ուղարկելով թե WADA, թե Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա: Բողոքն ընդունել են եւ տեղեկացրել, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը Քյոլնի լաբորատորիայում կբացեն «B» սրվակները: Որքան գիտեմ, այդ լաբորատորիան հիմա զբաղված է աթլետների անալիզներով:
– Աղմուկն արդեն բարձրացվել է: Հավատո՞ւմ եք, որ ճշմարտությունն ի հայտ կգա:
– Սրվակների բացմանն անպայման ներկա կլինի մեր հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ այդպիսի գործերի մասնագետ մեր փաստաբանը, որին վարձել ենք: Այդ ժամանակ միայն կիմացվի, թե մեր ծանրորդներն ինչո՞ւմ են մեղադրվում, ինչի՞ վրա են բռնվել կամ արդյո՞ք բռնվել են:
– Ձեր կասկածներն ինչո՞վ են հիմնավորված:
– Կարգն այսպիսին է: Եթե ծանրորդը, իրոք, խթանիչ կամ արգելված դեղամիջոց է օգտագործել, առաջին հերթին նրա արդյունքները չեղյալ են համարվում եւ միջազգային ֆեդերացիան ազգային ֆեդերացիայից պահանջում է վերադարձնել մեդալները: Իսկ Էլենի եւ Գեւորիկի պարագայում նման բան չկա: Ի դեպ, բողոքարկել են նաեւ ռուսները, իսրայելցիները, չինացիները… Ընդ որում, նրանց մարզիկներն էլ նույն պրեպարատի վրա են բռնվել:
– Անկեղծ ասած, մենք էլ ենք կասկածում, որովհետեւ Հայաստանի հակադոպինգային ծառայությունը հիմա լավագույններից մեկն է Արեւելյան Եվրոպայում եւ դրա ղեկավար Արեգ Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, թե սերտորեն համագործակցում է ձեր ֆեդերացիայի հետ եւ բացառվում է առանց իրենց իմացության որեւէ պրեպարատի օգտագործում, առավել եւս՝ անծանոթ:
– Այո, դա այդպես է, հատկապես որ թե մարզիկները, թե մարզիչները լավ գիտեն, թե ցանկացած զանցանքի դեպքում ինչպիսի խիստ պատիժ են կրելու: Նույն Էլենն ու Գեւորիկը Կազան մեկնելուց 12 օր առաջ դոպինգ-ստուգման են ենթարկվել եւ նմուշներն ստուգվել են հենց Քյոլնի եւ Մոսկվայի համապատասխան լաբորատորիաներում: Եվ մրցավայր մեկնել են միայն այն բանից հետո, երբ պատասխանը եղել է «մաքուր»: Եվ մի բան էլ. Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո ՎԱԴԱ-ն Հայաստանի հավաքականի բոլոր անդամներից անալիզ է վերցրել: Կարգը պահանջում է, որ արդյունքների մասին հայտարարվի առավելագույնը 40 օրվա ընթացքում: Մինչդեռ, ՎԱԴԱ-ն այս «բացահայտման» մասին հայտարարել է յոթ ամիս անց:
– Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ խախտում եղե՞լ է…
– Ուրեմն դա կատարել է միայն ու միայն մարզիկը, որովհետեւ ոչ մի մարզիչ, առավել եւս՝ ֆեդերացիան, բացառվում է, որ վերականգնիչներից զատ, այլ բան առաջարկեն ծանրորդին: Ու, Աստված չանի, եթե նման բան եղած լինի, ամբողջ պատասխանատվությունը մարզիկները կկրեն: Այս տարվա մարտին Ստամբուլում կայացած համաժողովում պաշտոնապես հայտարարվեց, որ ոչ մի ազգային ֆեդերացիա դոպինգի դեպքում պատասխանատվություն չի կրելու: Իհարկե, եթե ապացուցվի, որ ֆեդերացիան, մարզիչը կամ բժիշկը մարզիկին չի տվել արգելված պրեպարատը:
– Այդ դեպքում որակազրկումից բացի ուրիշ ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում:
– Տուգանք՝ $5 հազարի չափով, որը գանձվելու է ծանրորդից:
– Ասացիք, որ «B» սրվակը բացվելու է մինչեւ դեկտեմբերի 10-ը: Բայց մի քանի օրից մեկնարկում է աշխարհի առաջնությունը: Այս երկու մարզիկները հավաքականների նախնական կազմերում չկայի՞ն:
– Ոչ: Էլենը առողջական մի փոքր խնդիր, իսկ Գեւորիկը՝ թեթեւ վնասվածք ունի:
– Քանի որ խոսք բացվեց աշխարհի առաջնության մասին, ովքե՞ր են հանդես գալու Փարիզի մրցահարթակում: Տեղյակ ենք, որ մեր տղամարդկանց հավաքականի մի քանի առաջատարներ վնասվածքների պատճառով աշխարհի առաջնությանը չեն մասնակցելու:
– Գիտեք, որ տղաներն այժմ Պոդոլսկում են, իսկ աղջիկները վերջին հավաքն անցկացնում են Աբովյանում: Երկու թիմերի վերջնական կազմերն էլ հաստատված են: Փարիզում պայքարի մեջ կմտնեն: Տղաներ. 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան եւ Սամվել Գրիգորյան, 77 կգ՝ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան եւ Առաքել Միրզոյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Հայկ Հակոբյան: Աղջիկներ. 53 կգ՝ Իզաբելա Յայլյան, 69 կգ՝ Մելինե Դալուզյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան եւ Նաիրա Հարությունյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել