Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ԿՌԻՎ ՉԻ

Հոկտեմբեր 25,2011 00:00

\"\"Ատելության ուժն ու նրբերանգները

Արդար, ազատ, թափանցիկ ընտրությունների անհրաժեշտության մասին Հայաստանում խոսում են 1996-ից։ Այսօր, երբ առջեւում խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրություններ են, կրկին բարձրանում է նույն հարցը՝ արդար, ազատ ընտրություններն արդյո՞ք հնարավոր են եւ անգամ եթե իրականություն դառնան, արդյունքները կընդունվե՞ն մասնակիցների կողմից։ Եթե պատասխանը դեռ հստակ չէ, կարծում եմ՝ այն կիմանանք ընտրության օրվանից առաջ, նույնիսկ շատ շուտով, երբ վերջնականապես պարզ դառնա՝ ինչ զինանոց են ընտրել հիմնական մրցակիցները՝ «հանու՞ն», թե՞ «ընդդեմ», որքան են այդ բաղադրիչների չափաբաժինները։
Եթե «ընդդեմը» «հանունին» տեղ չթողնելով վերջնականապես դուրս մղի, ինչին հաճախ ենք ականատես եղել (բացառությամբ 1999-ի), ապա ուղղորդվող ատելությունը կդառնա հիմնական շարժիչ ուժն ու պարզած դրոշը։ Իսկ մենք արդեն բազմիցս տեսել ենք՝ ինչ զարմանահրաշ, երբեմն իրարարամերժ դրսեւորումներով արտահայտվող հզոր ուժ ունի աճող, տարածվող, անսահման դարձող ատելությունը։ Քեզ նվաճելով, ազատում է բազմաթիվ հարցերից՝ այլեւս անհաջողությունների, ձախողումների, դժբախտությունների պատճառ չես փնտրում, մի պատճառ գոյություն ունի, մի մեղավոր՝ ատելությանդ թիրախը։ Ամեն ինչում նա է մեղավոր ու նրա շրջապատը, որքան նրան մոտ՝ այնքան ատելի։
Ատելության վերածված դժգոհությունը սոցիալական շերտեր, խավեր չի ճանաչում՝ հաճախ ընդգրկելով հակադիր բեւեռներ։ Մեկը դժգոհ է ու ատում է, որ իր որդուն «ֆերրարի» չի կարողանում գնել, մյուսը՝ գրենական պիտույք ու հաց, մեկը դժգոհ է ու ատում է, որ այլեւս իշխանական բուրգի մաս չի կազմում, մյուսը՝ մաս է կազմում, բայց դժգոհ է ու ատում է, որ առաջվա պես չի կարողանում հանգիստ խղճով գողանալ, մեկ ուրիշն էլ դժգոհ է, ատում է, որ բոլոր գողերին չեն բռնում։
Ատելությունը զենք դարձնողի համար արդեն միեւնույն է՝ ով է իր կողքին՝ ազնի՞վ է, թե՞ խաբեբա ու հանցագործ, խելացի՞ է, թե՞ տգետ, միեւնույն է, միայն թե ատի, անմնացորդ ատի, ուղղորդված ատի։
Այո, զարմանահրաշ, վերափոխող ուժ ունի անսահման ատելությունը, որ երբեմն (մեզանում՝ հաճախ) սեր է ծնում նախկինում ատելիի հանդեպ։ Եթե գրեթե մոռացված նախկին ատելին քեզ պես ատում է ներկա ատելիին ու նաեւ պայքարում նրա դեմ անսահման ատելությանը բնորոշ ոճով, մեթոդներով, ձեւակերպումներով՝ դավաճան, հանցագործ, Ղարաբաղը ծախող, երկիրը ուտող, կեղծարար, դատել, կախել, ոչնչացնել եւ այլն, ապա այս ամենն այնքան հարազատ է անսահման ատելությամբ լցված քո սրտին ու հոգուն, ցասումից կարկամած մտքին, որ մոռացնել է տալիս նախկին ատելության՝ տեղին ու անտեղի բոլոր պատճառները, մոռացված ատելությունը նախկինում սնուցող նրա բոլոր արարքներին՝ դրդապատճառներ, արդարացումներ ես փնտրում ու գտնում, աստիճանաբար նախկին ատելին, նախկին «դավաճանը», «հանցագործը», քո այժմյան ցասումն ու ատելությունը կիսելով, առաջնորդելով, աստիճանաբար վերափոխվում է սիրելիի (առավել զգացմունքայինների համար նույնիսկ «սրբանում» է, եւ եթե որեւէ մեկն այդ սերը չի կիսում, դառնում է «սրբապիղծ»)։ Բայց բավական է «սրբացած» առաջնորդը հանկարծ ողջամտության, «կառուցողականության» կոչ անի, մեկ կամ կես քայլ նահանջի ուղղորդվող ատելության փոխզիջում չհանդուրժող ճամփից, որ ամենամոլեռանդ համակիրների կողմից անմիջապես «պսակազերծվի»։
Նման գործընթաց երբեմն տեղի է ունենում նաեւ հակառակ ճամբարում։ Բնական է, որ դատապարտելու, ոչնչացնելու, «կախելու», ամեն գնով իշխանության գալու սպառնալիքն ու գործելակերպը նույնպիսի հակազդեցություն են ծնում։ Մի կողմից՝ ամեն գնով իշխանության գալու մղումն է, մյուս կողմից՝ ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը։ Երկուստեք հավատամք են որդեգրում (անկասկած՝ բարի), որ նպատակը արդարացնում է միջոցները, երկուստեք պատրաստ են կեղծիքի, այլ բան, որ հնարավորությունները տարբեր են, իշխանությունը առավել գործուն լծակների է տիրապետում։ Իշխանավորներից շատերը, բնականաբար, մտածում են. «Եթե այս ընդդիմությունը հանկարծ գա իշխանության, իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու է, ինչպես ժամանակին արել է կամ ինչ չի արել՝ զղջացել։ Եթե հիմա իմ իշխանությունից չօգտվեմ, հետո ինձ միամիտի, հիմարի, թույլի տեղ են դնելու»։
Եվ երբ նա, ով իշխանություն ունի, փորձում է փոխադարձ ատելության, ցասման լիցքերով շիկացած մթնոլորտը լիցքաթափել հանդուրժողականությամբ, անհիշաչարությամբ (լավագույն օրինակը անկախության 20-ամյակի զինվորական շքերթն էր, ուր գնահատանքի արժանացան բանակի կայացման գործում ներդրում ունեցած ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ներկայացուցիչները), արժանանում է «ակն ընդ ական»-ով առաջնորդվող յուրայինների դժգոհությանը՝
«Էս ինչ թուլություն-խեղճություն էր, բա դրանք արժեի՞ն, բա պե՞տք էր, բա նախորդ-երկրորդը էդպես բան կանե՞ր, էնպե՛ս արհամարհեր, էնպե՛ս ճզմեր, որ հացին կակա ասեին»։
Հիմա արի ու այս մարդկանց հետ խոսիր սպասվող խորհրդարանական եւ ապա նախագահական ազատ, արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին կամ ազատ եւ արդար ընտրություններում իրենց պարտությունը բացառող հակառակորդին համոզիր, որ պարտվելու պարագայում տղամարդ լինեն ու շնորհավորեն հաղթողին։ Բայց եթե այս անգամ էլ ենք ատելությունը դարձնելու ընտրապայքարի հիմնական զենք, հակառակորդին ատելու չափը՝ հավատարմության, նվիրվածության չափանիշ եւ պատրաստ ենք լինելու սեւը՝ սպիտակ, սպիտակը՝ սեւ տեսնել, եթե դառնալու ենք մեր իսկ բորբոքած ատելության գերին եւ ընտրությունը որպես լինել-չլինելու, կենաց-մահու կռիվ ենք քարոզելու, ապա արդար, ազատ ընտրության անհրաժեշտության գիտակցումը այս անգամ էլ կխամրի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել