Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավանդատուն դժգոհ է

Հոկտեմբեր 25,2011 00:00

ՀՀ Ազգային ժողովին, կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել թոշակառու Ժորա Նազարյանը: Նա տեղեկացրել է, որ ինքը, կինը, եւ մայրը՝ Հայրենական մեծ պատերազմի զոհվածի այրի՝ Ջավահիր Նազարյանը տարիներ շարունակ իրենց վաստակն են ներդրել ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում, սակայն մինչ օրս չեն կարողացել ստանալ դրա դիմաց տրամադրվող փոխհատուցումը: Թոշակառուն հայտնում է, որ մի քանի անգամ այցելել է սոցապնախարարություն՝ նախարարի ընդունարան, պարզելու, թե ինչպես, ում միջոցով կարող է ստանալ ավանդները, սակայն հստակ պատասխան նրան չի տրվել:
Քաղաքացին հարցրել է, եթե ավանդները Ռուսաստանը պետք է վերադարձնի, ապա թող վերադարձնի «Պարտք գույքի դիմաց» սկզբունքով, ինչպես այդ եղավ հայրենի մի շարք գործարանների դեպքում:
«Ինչո՞ւ ավանդատերերը չգիտեն, թե տեսանելի ապագայում երբ կփոխհատուցվեն իրենք, ինչո՞ւ չկա կոնկրետ տեղեկագիր, թե ովքեր են ստանում ավանդները, եթե դա զինվորական գաղտնիք չէ: Ումից պահանջենք մեր գումարները», հարցրել էր Ժ. Նազարյանը: ՀՀ կառավարությունից թոշակառուին պատասխանել էին, որ ավանդը կստանա 2006թ. մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 352-Ն համաձայն: Սակայն ավանդները կստանան, եթե այս ընտանիքը ձեռք բերած լիներ «2005թ. հուլիսի 1-ից 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք»: Այսինքն, Նազարյանները պետք է առնվազն լինեին «նպաստ ստացող ընտանիքի անդամ»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության պետ Ա. Մինասյանն էլ նշել էր, որ «Անձի, որպես ավանդատու, օրենքով երաշխավորված իրավունքները պահպանվում են» եւ որ «ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող որեւէ դրույթ նախատեսված չէ»: Բնականաբար, քաղաքացին դժգոհ էր մնացել նման պատասխանից, քանի որ ինքնին «նպաստ ստացող ընտանիքի անդամ չլինելն» իսկ այն բացառությունն էր, որի պատճառով Նազարյանի նմանները զրկվել են իրենց ներդրած եւ հասանելիք ավանդներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել