Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՐԱՄԵՋԻ ՀՈԳՍԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Խնդիրները մարդկանց ստիպում են օտար ափերում ապրուստ հոգալ,  բայց պետական ուշադրության պակաս զգացող գյուղը աճում է:

\"\"Սարամեջը Լոռու մարզի սակավահող գյուղերից մեկն է, 1720 բնակիչ ունեցող գյուղը ընդամենը 250 հեկտար հող ունի, սակայն տեղաբնակների հիմնական զբաղմունքը կրկին հողագործությունն է: Ավանդաբար ցանվող մշակաբույսերի՝ \"\"կարտոֆիլի ու ցորենի համար գյուղը ոռոգման ջուր չունի, ճանապարհների պատճառով արդեն բարոյապես մաշված գյուղտեխնիկան է փչանում, սակայն սարամեջցին տքնաջան աշխատանքի միջոցով այս տարի այնքան բերք է ստացել, որ մի մասը հասցրել է վաճառել:
Մեզ հետ զրույցում գյուղացիները բողոքում են վառելանյութի ու պարարտանյութի տարեցտարի աճող գներից, գյուղտեխնիկայի բացակայությունից: «Բերքը աշխատանքի միջոցով են ստանում, եթե պետությունն այս ուշադրությունը գյուղացուն կրկնապատկի, սերմացուն մի քիչ ավելի տա, գնաճը վերահսկի՝ գյուղացին կապրի»,- ասում են սարամեջցիները:
Սարամեջում կլիման բարենպաստ է, տնամերձերում դեղձ, ծիրան եւ այլ մրգեր ու հատապտուղ է աճում, նաեւ՝ բանջարաբոստանային կուլտուրաներ: «Ամեն ինչ աճում է, նույնիսկ լոլիկ, ոլոռ, սակայն խմելու ջուրն էլ է սակավ, որից էլ կախված է բերքը, ավազահողը ջուր շատ է ուզում»:
1988 թվականի երկրաշարժից գյուղում 23 մարդ զոհվել է, քանդվել է տների 60%-ը, Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը, միջնակարգ դպրոցը, մշակույթի տունը, գրադարանը, հեռախոսակայանը, կապի բաժանմունքը, կենցաղի տունը, մանկապարտեզը, եկեղեցին, բոլոր անասնապահական շենքերը ավերվել են։ Սարամեջում այժմ միակ կրթամշակութային նշանակության օջախը դպրոցն է, որը գործում է դեռեւս 1924 թվականից, նախ՝ եռամյա, ապա՝ յոթնամյա, հետո՝ միջնակարգ: Այժմ դպրոցը 208 աշակերտ ունի: 1988-ի երկրաշարժից տուժած շենքը նորոգվել է միայն 17 տարի անց՝ 2001-ին: Ջեռուցվող դպրոցի միակ խնդիրը տարածքի սղությունն է. մարզադահլիճ եւ հանդիսությունների դահլիճ չունենալու պատճառով միջոցառումները միջանցքներում են կազմակերպում: Կրթական գործընթացը դժվարացնում է մանկապարտեզ չունենալը, տարածք չունենալու պատճառով չեն կարողանում նախնական ուսումնական գործընթաց կազմակերպել: Երեխաների մի մասը գնում է Սպիտակի մանկապարտեզ: Իսկ գյուղի երիտասարդության համար կարեւոր է համայնքային կենտրոն ունենալը:
Բնակարանաշինության ծրագրով սարամեջցիների մեծ մասը բնակարանի տեր են դարձել, սակայն դժգոհողներ եւ դեռ իրենց հերթին սպասողներ էլ կան: Ռազմիկ Սարգսյանը, որ Աֆղանստանի եւ Ղարաբաղի պատերազմների մասնակից է, տուն չունենալու պատճառով հեռացել է գյուղից եւ Հայաստանից: Ապրում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում: Նրա հայրը սրտնեղում է, որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր անառողջ որդուն: «Մենակ ինձանով չէ, բոլոր ազատամարտիկներն են անտեսված, գեղում էլի կան, բայց չգիտես ինչի հերթը հասնում է նրանց, ովքեր էդ օրերին Հայաստանից փախան: Էլի իմ ու քո անեն, բայց մեզ էլ հերթ տան»,- ասում է ազատամարտիկի հայրը: Հիմա նրանք ապրում են վագոն-տնակում: Այսպես ապրում են արդեն 23 տարի: Այսպես ապրելու արդյունքում ազատամարտիկի հայրը վնասել եւ քայքայել է իր առողջությունն ու առողջության կորստից ոչ պակաս ցավալի է համարում, որ չորս որդիները միայն Ամանորի օրերին եւ ծնողների ծննդյան տոներին են գյուղ գալիս: Սարգսյանները միակը չեն: Սարամեջում բնակարանի կարիք ունեցող 70 ընտանիք կա:
Սարամեջցիները գաղթել են Մշո գավառի Բուլանլուղ գյուղից՝ 1828 -29 թվականներին: Պապից պապ հասել է խոսքուզրույցը, թե տեսնելով, որ սարերի մեջ չոր քար ու ավազից բացի ոչինչ չկա, Բուլանլուղը թողածները բնակավայրի անունը կնքում են Չոթուռ:
Սարամեջի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը նշում է, որ գյուղում վերը բերված խնդիրների՝ էլ խմելու ջուր, էլ ճանապարհ, էլ համայնքային կենտրոն ու այլ անհրաժեշտ ու պարտադիր իրողությունների բացակայության արդյունքում գյուղացին հեռանում է գյուղից, մնացողներն էլ գոյատեւում են արտագնա աշխատանքով: «Գյուղի աշխատանքով ապրել չի լինում, ստիպված են գնում: Այս տարի պետությունն 3 տոննա գարու սերմացու է տրամադրել համայնքին, որը 20 հեկտարի համար է: 5-6 կգ-ով բաժանել եմ առանձին տնտեսություններին»,- ասում է Սարամեջի գյուղապետը:
Գյուղացիները վստահ են, որ միայն կոլեկտիվ ուժերով արդյունքի կհասնեն, սակայն դեռեւս ոչ բոլորն են ցանկանում միանալ: «Մեկի հողը լավն է, մյուսինը՝ շատ վատը, բա բնական չէ, որ լավ հող ունեցողը չի միացնի իր հողը կոլեկտիվ տնտեսությանը»,- իրենց համագյուղացիների պահվածքը այսպես են բացատրում սարամեջցիները:
Սարամեջում այդքան հոգս ու ցավի հետ մի ուրախալի փաստ կա: Վերջին 3 տարիներին նվազել է մահացությունը, ամուսնությունների ու ծնվող երեխաների թիվն է աճել: Գյուղի բնակչությունն ավելացել է 200 բնակչով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել