Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՆԵՐՈՎ ՓՈ՞Ղ ԵՆ ԼՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Կենդանապաշտպան ընկերությունները «Յունիգրաֆ իքս» ընկերությանը  մեղադրում են գումարներ լվանալու մեջ, վերջինս էլ համոզված է, որ հ/կ-ները պարզապես խոսում են դրամաշնորհ ստանալու ակնկալիքով:

\"\"

Արդեն 6 տարի «Յունիգրաֆ իքս» ընկերությունը Երեւանի թափառող շներին վերացնելու կամ ստերջացնելու պարտավորությունն է ստանձնել: Սակայն, ինչպես հավաստիացնում են կենդանապաշտպան ընկերություններն ու քաղաքացիները, մայրաքաղաքում թափառող շների խնդիրն այդպես էլ չի լուծվում. ագրեսիվ շների թիվը բազմապատկվում է, մարդկանց վրա հարձակումներն էլ՝ ավելանում: Չնայած դրան, «Յունիգրաֆ իքսը» հայտարարում է, որ 6 տարվա մեջ ընկերությունն արդեն վերացրել է 83 հազար շուն, ինչը, ըստ «ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանի, պարզապես անհեթեթություն է եւ պետբյուջեից գումար կորզելու միջոց: «Առավոտի» հետ զրույցում Ն. Արամյանն ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ «Յունիգրաֆ իքսը» չունի այդքան ռեսուրս, որպեսզի կարողանա միաժամանակ նույն տեղում 10 շուն բռնել. «Մենք Դելիում չենք՝ խիտ շնաբնակեցված, որ նույն տեղում 100 շնից 10 շունը մնան տեղում, որպեսզի նրանց բռնեն: Բացի այդ, նրանք այս ամենն անում են հակագիտական մեթոդներով, չունեն քաղաքային միջավայրի եւ բնամիջավայրի մասնագետներ, այդ թվում նաեւ թափառող կենդանիների մասով մասնագետներ, որպեսզի կարողանան ասել, օրինակ՝ շների ինչ գլխաքանակ կարող է լինել տարբեր սեզոնների, տարբեր սննդի աղբյուրների կողքը: Մենք ունենք գիտականորեն հաստատված այն ինդիկատորները, ըստ որոնց կարող ենք ասել, որ մեր քաղաքում կարող են լինել տարեկան առավելագույնը 30 հազար, եւ ոչ մի կերպ չի կարող լինել 120 հազար շուն: 33 հազար շուն էլ մինչեւ հիմա ստերջացրել են, ապա ո՞ւր են դրանք: Եթե իրենք իրենց աշխատանքն արած լինեին նորմալ, ապա մեր հաշվարկներով հիմա քաղաքում պետք էլ լիներ 1000 շուն»: Նրա ներկայացմամբ, թափառող շների ոչ քնեցնումը, ոչ էլ դիակի մշակումն է հավուր պատշաճի արվում. «Ասում են, որ լիդոկայինով են քնեցնում շանը, բայց դրա մեծ չափաբաժինները շների մոտ բազմակի սրտի պայթեցումներ է առաջացնում, որից հետո նոր միայն մահ, ինչն անմարդկային է: Ես համաձայն եմ, ավելի լավ է կրակեն, քան այդպես քնեցնեն: Կան կենդանիներին քնեցնելու համար նախատեսված հատուկ դեղամիջոցներ, որոնք մարդկանց վրա ամենեւին գործածելի չեն: Այդպիսի դեղամիջոց Հայաստանում գոյություն չունի, անգամ լիցենզավորված կազմակերպություն չկա, որ ներմուծի: Ասում են, որ դիակները մշակվում են քլորի լուծույթով, որով դիակ մշակել եւ թաղելը բոլորիս հանդեպ հանցագործություն է: Այդպիսի դիակներն էլ թաղում են հատուկ գերեզմանոցում, որտեղ 83 հազար շան համար ուղղակի տեղ չկա: Պետք է շունը հանգիստ մահանա եւ դիակիզվի, որպեսզի նրանից ոչինչ չմնա: Իսկ մենք դիակիզարան չունենք, ինչն իրենց հատկացված գումարներով հանգիստ կարող էին ստեղծել այդ 6 տարիների ընթացքում»:
Կենդանիների առողջապահության կազմակերպությունն ունի այս առնչությամբ հատուկ մշակված ռազմավարություն, սակայն, ըստ Ն. Արամյանի, այդ ծրագիրը Երեւանի քաղաքապետարանը մերժում է. «Սա վաղուց է մշակվել ու շատ երկրներում հաջողությամբ կիրառվել: Աղքատ երկրների ցուցակում Հայաստանը միակն է, որ պետբյուջեից ահռելի գումարներ է հատկացնում այդ նպատակով: Նրանք 3 միլիոն դոլարից ավելի են ծախսել վիճակն ավելի վատացնելու վրա: Գոնե այդ գումարներն ուղղվեր աղբի խնդիրները լուծելուն, որպեսզի թափառող շները այդտեղից չսնվեն եւ նրանց համար սննդի մեկ աղբյուր պակասեր»:
Այս առնչությամբ, «Յունիգրաֆ իքս» ընկերության տեղեկատվության հարցերով պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը «կենդանապաշտպան» կազմակերպությունների մասին նկատեց. «Այդ «կենդանասերները» շատ սահմանափակ թվով մարդիկ են, որոնք պարբերաբար անհիմն հայտարարություններ են կատարում «Յունիգրաֆ իքսի» վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կատարված աշխատանքին, ապա հաշվետվություններում ներկայացվում է այն, ինչ իրականում արվում է։ «Յունիգրաֆ իքսի» աշխատանքը մշտապես վերստուգվում է: Իսկ փող լվանալու մասնագետներն արտասահմաններից դրամաշնորհներ ստացող այդ կազմակերպություններն են եւ նրանց կողմից բարձրացվող աղմուկն էլ ընդամենը մի նպատակ ունի՝ իրենց սնող աղբյուրներին ցույց տալ, որ Հայաստանում շատ վատ վիճակ է, որպեսզի իրենց ուղղվող գումարները չպակասեն»։ Ինչ վերաբերում է շներին քնեցնելու մեթոդներին, ապա Լ. Գրիգորյանը պարզաբանեց, որ կենդանիները ենթարկվում են էվթանազիայի. «Քնեցվում են վարակակիր, ագրեսիվ, ծեր, չափերով մեծ, հիվանդ կենդանիները։ Ասեմ, որ Երեւանում թափառող կենդանիների դեմ պայքարում կիրառվում են այն մեթոդները (քնեցում եւ ստերիլիզացում), ինչն ամբողջ աշխարհում: Դիերը թաղվում են «Յունիգրաֆ իքսին» հատկացված հատուկ տարածքում, որը գտնվում է Նուբարաշենի խճուղում։ Դիերի վրա լցվում է քլոր եւ կաուստիկ սոդա, այնուհետեւ հողի որոշակի շերտ լցնելուց հետո դարձյալ՝ քլոր ու կաուստիկ սոդա, այդպես շարունակ՝ շերտ առ շերտ: Գերեզմանոցում թաղված է այնքան շուն, որքան մինչ այժմ վնասազերծվել է։ Հատկացված տարածքը մոտ 5000 քմ է, եւ բավականին ազատ տարածք կա»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են կենդանապաշտպան ընկերությունները հավաստիացնում, որ չկան ստերջացված ու պարբերանշանով շներ, ընկերության փոխտնօրենն ասաց. «Ի տարբերություն մի քանի «կենդանասերների»՝ շատերը դրանք տեսնում են։ Նշեմ, որ այսօր իրավիճակը Երեւանում բավականին կայուն է։ Ինքներդ եք հիշում, թե ինչ էր կատարվում քաղաքում 10-15 տարի առաջ։ Այսօր պատկերը բոլորովին այլ է, եւ քաղաքացիների կողմից ստացվող զանգերն էլ էականորեն պակասել են։ Այդուհանդերձ, ասեմ, որ թափառող կենդանիների խնդրին ամբողջական լուծում տալու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ։ Մասնավորապես՝ պետք է կատարելագործվի օրենսդրական դաշտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել