Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Սիմսիթի» ռեստորանում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացրել է HayNews.am-ը, ռեստորանը պատկանում է ազգությամբ ադրբեջանցի մի գործարարի, սակայն երբեք հայտնի չի եղել իբրեւ ադրբեջանական ռեստորան: Այդ հաստատության մշտական այցելուներ են եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Սերգեյ Երեմյանը եւ Արման Եսանյանը: Հայ երիտասարդներն իրենց ընկերոջ ուղեկցությամբ այցելել են ռեստորան եւ, սովորության համաձայն, հայկական երաժշտություն պատվիրել: Պարզվում է, սակայն, որ այդ ռեստորանում նոր աշխատանքի են ընդունվել երկու ադրբեջանցի ադմինիստրատորներ՝ Էլբրուս Մամիեւը եւ Ռավշան Ռահիմովը: Երբ Սերգեյը կրկին հայկական երաժշտություն է պատվիրում, ռեստորանի աշխատակիցները հրաժարվում են կատարել պատվերը: Երիտասարդը, իբրեւ ռեստորանի մշտական այցելու, զարմանում է եւ մատուցողուհուն պատվիրում միացնել հայկական երաժշտություն: Մատուցողուհին էլ, ճանաչելով Սերգեյին եւ Արմանին, կատարում է նրանց պատվերը, ինչն էլ հունից հանում է ադրբեջանցիներին: Վերջիններս հայտարարում են, թե այսուհետ չպատվիրեն հայկական երաժշտություն, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք: Էլբրուս Մամիեւը, ով առաջինն է սկսում ծեծկռտուքը, տեսնելով, որ չի կարողանում դիմադրել ֆիզիկապես ամուր Արմանին եւ Սերգեյին, վազում է դեպի մեքենան, վերցնում դանակն ու հարվածում Սերգեյի սրտին, ով ստացված վերքից անմիջապես մահանում է: Նա դանակի 5 հարված է հասցնում նաեւ Արման Եսանյանին, ով արդեն 10 օր է, ինչ գտնվում է հիվանդանոցում, եւ հայտնի չէ՝ կապաքինվի՞ արդյոք: Ականատեսների վկայությամբ՝ Էլբրուս Մամիեւն անխռով մտնում է ռեստորան, հավաքում իր իրերը եւ հանգիստ, ասես ոչինչ էլ չի եղել, հեռանում դեպքի վայրից: Ռուսաստանի իրավապահներին հաջողվում է պարզել, որ Մամիեւը նույն օրը ինքնաթիռով մեկնել է Բաքու: Դեպքի մյուս մասնակիցը՝ Ռավշան Ռահիմովը, ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել