Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ունակ է ինքնուրույն լուծել Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների հետ կապված հարցերը: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքսը»՝ վկայակոչելով reuters-ը: Միաժամանակ Թուրքիայի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել օգնություն առաջարկած բոլոր երկրներին՝ ներառյալ Հայաստանին ու Իսրայելին, որոնց հետ Անկարան լարված հարաբերություններ ունի:
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կդիմենք այլ երկրների օգնությանը: Այժմ միայն Ադրբեջանից, Իրանից եւ Բուլղարիայից ժամանած խմբերն են աշխատում աղետի գոտում»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հավելել է Էրդողանը: Ավելի վաղ news.am-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, տեղեկացրել էր, թե Թուրքիան ընդունել է Ադրբեջանի եւ Պակիստանի օգնությունը միայն այն պատճառով, որ այդ երկու պետություններն օգնություն են ուղարկել առանց թույլտվություն հարցնելու: Այդ մասին թերթի հարցմանն ի պատասխան՝ նշել են Թուրքիայի ԱԳՆ-ից՝ ընդգծելով, որ չէին կարող հետ ուղարկել արդեն ուղարկված օգնությունը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ու միաժամանակ օգնություն առաջարկել՝ նշելով, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների: