Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴՈՒՆՎԵՑ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Երեկ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք օրինագծեր դրեց քվեարկության, այդ թվում նաեւ առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվեց «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգի վերաբերյալ խոսք վերցնելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առաջարկեց դիմել կառավարությանը եւ լրացուցիչ հիմնավորումներ պահանջել, թե ինչու է ներկայացվել այս օրինագիծը, եւ հարկ եղած դեպքում պարզապես առաջարկել, որ կառավարությունը այն ետ տանի, հակառակ դեպքում «Ժառանգությունը» դեմ կքվեարկի: Դաշնակցության՝ դեմ քվեարկելու մտադրության մասին հայտարարեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս խոսելու ցանկություն հայտնեց. իրեն թվացել էր, թե տվյալ պահին արդեն կորցրել էր խոսելու հնարավորությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, նկատելով Բոստանջյանի ցանկությունը, ասաց. «Ձեզ միշտ կարելի է»:
Իսկ կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ պրոֆեսորի ասածը հետեւյալն էր. «Հիմա հասկանալի է, որ կոալիցիոն սկզբունքներից ելնելով՝ մենք պետք է քվեարկենք ախմախությանը կողմ: Այդպիսի բան հնարավոր չէ: Հիմա ինչ անենք»: Ուզում էր իմանալ ԱԺ նախագահի կարծիքը: Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց. «Եթե իմ կարծիքը հաշվի կառնեք՝ ասեմ: Առաջարկում եմ՝ առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը, եւ եթե ախմախություն եք կարծում կամ չգիտեմ ինչ, մենք փորձենք խելամիտ առաջարկություններ ներկայացնել եւ կառավարությանը հորդորել, որ ընդունեն դրանք», նաեւ հորդորեց նման որակումներով հանդես չգալ:
Հասկանալի է, որ օրինագիծն ընդունվեց 62 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել