Ընդդիմադիր ուժերը դեռեւս չեն բանակցում համախմբվելու թեմայի շուրջ
Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները միակարծիք են մի հարցում. երկու կողմերն էլ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբումը գրեթե անհնարին է, սակայն նաեւ նույն միաձայնությամբ պնդում են, թե նման համախմբումը շատ կարեւոր է:
Երեկվա մեր զրուցակիցները մի փոքր ավելի լավատես էին: Մեր հարցին՝ ի վերջո այսքան բազմազան եւ բազմադեմ ընդդիմադիր ուժերից ո՞ր մեկն է ամենից ընդդիմադիրը եւ իրական ընդդիմությունը, դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասաց. «Կարծում եմ, առաջին հերթին, հայ հասարակությունն է իրական ընդդիմությունը»: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը, պատասխանելով «Առավոտի» հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը ի վերջո մի կողմ թողնեն ամբիցիաները եւ համախմբվեն, ասաց. «Միանշանակ դա հնարավոր է, որովհետեւ պետք է նայել, թե ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը իրականում ինչ շահերով են առաջնորդվում. եթե քաղաքական ուժն առաջնորդվում է բացառապես սեփական կուսակցական, նաեւ նեղ մտածողություն ունեցող մարդկանց շահերով, ակնհայտ է, որ այդպիսի քաղաքական ուժի հետ հույս կապելը ճիշտ չէ, իսկ այն քաղաքական ուժը, որը ներառում է, ինչքան հնարավոր է, հասարակության տարբեր շերտերին եւ կարողանում է ազգային գաղափարախոսությունն առաջ մղել, որը ժամանակակից աշխարհի ամենաանպարտելի ուղղությունն է՝ թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում, թե ասիական երկրներում ազգային գաղափարախոսությունը դառնում է ճնշող ազդեցություն ունեցող, այդպիսի ուժերը կարող են եւ պետք է հստակեցում մտցնեն քաղաքական դաշտում եւ այդ գաղափարախոսության ներքո միավորվեն»:
Այսօր կան ընդդիմադիր ՀԱԿ, Դաշնակցություն, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ այլ փոքրիկ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ընտրություններից առաջ փորձում են ակտիվանալ եւ արդեն իսկ խոսում են հնարավոր կամ անհնարին միավորումների, դաշինքների եւ համախմբումների մասին. այս ուժերից ո՞րն է առավել սրտամոտ Դաշնակցությանը, այս ուժերից որո՞նք կգնան ՀՅԴ-ի հետ համատեղ, կամ՝ որի՞ հետ կգնա Դաշնակցությունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ անհայտ են, եւ մեր զրուցակից Արծվիկ Մինասյանի համոզմամբ, համատեղ գնալն ինքնանպատակ չէ. «Մեզ համար համատեղ գնալը ինքնանպատակ չէ: Մենք սոցիալիստական, ազգային, ժողովրդավարական քաղաքական ուժ ենք, եւ առաջին հերթին սոցիալիստական մոտեցումներով կարելի է այսպիսի հայացքներ կրողների հետ ձեւավորել համագործակցության դաշտ՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության մասով: Ազգային հարթության մեջ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ում համար Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հերթական պետությունն է, որտեղ կարելի է սեփական շահերը հետապնդել եւ փորձել վաստակել ավելի շատ եկամուտներ, այլ ՀՀ-ն հայ ժողովրդի իղձերի իրականացման բարձրագույն ձեւն է, իբրեւ անկախ պետականություն, եւ պետք է հզորացնել այդ պետականությունը: Իսկ ժողովրդավարական հարթության մեջ, հատկապես ընտրությունների շրջանակում, պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, ում համար ընտրական իրավունքի իրացումը կարեւոր եւ հիմնարար իրավունքներից մեկն է»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդունեց, որ այսօր խուլ անհամաձայնություններ կան ոչ միայն իշխող կոալիցիայի անդամների միջեւ, այլեւ առճակատում կա ընդդիմադիր ուժերի միջեւ: Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է ընդդիմադիր ուժերի համախմբումը. «Ժառանգությունը» միշտ էլ կողմ է եղել համախմբման, մենք այդ առաջարկն արել ենք նաեւ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց մեր ընդդիմադիր գործընկերներն այդ առաջարկը չընդունեցին եւ արդյունքում դուրս մնացին խորհրդարանից: Եվ քանի որ միշտ էլ «Ժառանգության» համար կարեւոր է եղել ոչ թե «ո՞վ», այլ «ի՞նչ», «ի՞նչ նպատակի համար» հարցերին պատասխանելը, մեզ համար համախմբումը մնում է նույնքան կարեւոր, եւ մենք պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր գործընկերոջ հետ առաջ շարժվել, համատեղ գործընթացներ իրականացնել, եթե մեր նպատակները համընկնեն»:
Առայժմ համախմբվելու թեմայի շուրջ բանակցություններ չեն ընթանում ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ: