Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓԱԿԵԼ ՀԱԷԿ-Ը

Հոկտեմբեր 25,2011 00:00

Այս հարցը թուրքական օրակարգում  շարունակում է շրջանառվել

Հայկական ատոմակայանի փակման հարցը բուռն քննարկման թեմա դարձավ հայ լրագրողների, Թուրքիայի կանաչների կուսակցության ներկայացուցչի եւ գերմանական «Հենրիխ Բոյլ» հիմնադրամի՝ թուրքական գրասենյակի ղեկավարի միջեւ Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շուրջ այսօրվա զարգացումներից երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Հայ լրագրողներս Թուրքիայում էինք գտնվում հոկտեմբերի առաջին տասնօրյակում, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով:
Թուրքերն ու գերմանացիները փորձում էին ապացուցել, որ ՀԱԷԿ-ի աշխատանքների դադարեցումը այլընտրանք չունեցող անհրաժեշտություն է, հնարավոր աղետը կանխելու միակ տարբերակը: «Հենրիխ Բոյլ» հիմնադրամի թուրքական գրասենյակի ղեկավար տիկին Ուլռիկե Դուֆները, օրինակ բերելով անցած տարի տեղի ունեցած Ճապոնիայի Ֆուկոսիմա ատոմակայանի աղետը, կարծիք հայտնեց, որ միայն նման բաներից հետո են կառավարությունները կտրուկ եւ վճռական քայլերի գնում: Հայաստանցի լրագրողները տիկնոջը հիշեցրին, որ բնական պայմաններում Հայաստանի իշխանությունն արդեն իսկ մեկ անգամ գնացել է նման քայլի՝ ՀՀ-ի անկախացման առաջին շրջանում բնապահպանական նպատակահարմարությունից ելնելով փակվեցին «Նաիրիտ» գործարանը, ՀԱԷԿ-ը, եւ ժողովուրդը ոչ միայն չընդդիմացավ, այլեւ դրական արձագանքեց այդ քայլերին: Սակայն այն ժամանակ դեռ հայտնի չէր, որ վրա է հասնելու պատերազմը, Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է հայտնվելու եւ էներգետիկ ճգնաժամ է ապրելու, որի մասին հիշողություններն անգամ սարսափեցնում են հայաստանցիներին: Հետո տիկինը սկսեց օրինակներ բերել, թե ինչպես է Գերմանիան փնտրել եւ գտել այլընտրանքներ: Այստեղ էլ հանդիպեց հայ լրագրողների դիմադրությանը՝ չհամեմատել Եվրոպայի զարգացած, հզոր տնտեսություն ունեցող երկիրը՝ իր միանգամայն ադեկվատ ու դրացի հարեւաններով, դեռեւս շրջափակման մեջ գտնվող եւ երկու հարեւանների հետ փակ սահմաններ ունեցող Հայաստանի հետ: Հայաստանցիներն, իհարկե, դեմ չեն առավել անվտանգ եւ մաքուր էկոլոգիա ունեցող երկրում ապրել, բայց նախ այլընտրանքն է պետք ապահովել, հետո հրաժարվել հնից: Բանավեճը սկսվեց նրանից, որ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի համալսարանում պրոֆեսորի օգնականի պաշտոն զբաղեցնող Ահմեդ Աթիլ Ազիզը, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր կուսակցության մոտեցումները ներկայացնելով, անդրադարձավ նաեւ ՀԱԷԿ-ի փակման հարցին, ասելով, որ երկու երկրների կառավարություններն այս հարցում համաձայնության գալով՝ կարող են սկիզբ դնել նոր, որակյալ հարաբերությունների ձեւավորման: Թուրքիայի կանաչների կուսակցությունն առաջարկել է թուրքական կառավարությանը բանակցել հայկական կառավարության հետ, որոշակի արձանագրությունների, փոխպարտավորությունների ստորագրման արդյունքում համաձայնության գալ՝ ՀԱԷԿ-ը փակելու վերաբերյալ: Կուսակցությունում մեծահոգաբար հաշվի են առել, որ առանց ՀԱԷԿ-ի Հայաստանը ծանրագույն վիճակում կհայտնվի, հետեւաբար առաջարկում են, որ թուրքական կառավարությունը, որն ինքը էլեկտրաէներգիայի 40%-ի դեֆիցիտ ունի, պարտավորություն ստանձնի Հայաստանին էլեկտրաէներգիայով ապահովելու, մինչեւ Հայաստանը կգտնի այլընտրանքային միջոցներ: Պարոնն ասաց, որ իրենց կուսակցությունում բոլոր հարցերը հաշվի են առել եւ ըստ այդմ են իրենց առաջարկները ներկայացրել, որպեսզի չստացվի, թե Հայաստանի եւ հայաստանցիների կորուստների հաշվին Թուրքիան իր քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ կապահովի: Մի հարց կուսակցությունում, այնուհանդերձ, հաշվի չէին առել, քանի որ «Առավոտի» հարցը՝ որտե՞ղ են երաշխիքները, որ թուրքական կառավարությունը կպահպանի ձեռք բերված պայմանավորվածությունը, մնաց անպատասխան: Հիշեցրեցինք, որ ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերին Թուրքիան միակողմանի որոշում կայացրեց հայ-թուրքական սահմանը փակելու վերաբերյալ եւ հիմա իր միակողմանի որոշումն անգամ փորձում է օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում, եւ անգամ այդ պարագայում հայ-թուրքական արձանագրությունները արդեն մեկ տարի է՝ թուրքական խորհրդարանի պահոցներում են «կերտում» իրենց ճակատագիրը՝ բացառապես փոշոտվելու դրսեւորումներով: Լեզվակռիվը մեղմելու համար «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրջու Բուշերմանը նկատեց, որ Կանաչների կուսակցությունը դեմ է նաեւ թուրքական կառավարության՝ Թուրքիայում կառուցվելիք երեք ատոմակայանների ծրագրին եւ գործունեություն է ծավալում հանուն էկոհամակարգի պահպանման. հայերի եւ Հայաստանի դեմ ոչինչ չունեն, ավելին՝ կողմ են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Թուրքիան, սակայն, իր կանաչներին բանի տեղ չդնելով՝ շարունակում է ատոմակայան կառուցել: Ահմեդ Աթիլ Ազիզն իր կողմից հավելեց, որ «պետք է ապրել ապագային նայելով, ոչ թե քաղաքականությամբ»՝ համոզմամբ, որ իրենց առաջարկը հարաբերությունները բարելավելու լավագույն սկիզբ կարող է դառնալ:
Թուրքիայում վաղուց են խոսում ՀԱԷԿ-ը փակելու մասին, եւ նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո կարծես թարմացվեցին նաեւ այդ խոսակցությունները: Թուրքական «Զաման» թերթը տեղեկատվություն էր տարածել, որ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը: «Զամանը» հղում էր արել Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը: Հրապարակմամբ ասվում էր, որ այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի ատոմակայանի վնասվածքները վերականգնելու ուղղությամբ: Թերթը նաեւ գրել է, որ չնայած ռադիացիայի արտահոսքը այնքան էլ մեծ չէ, սակայն այն հասել է Թուրքիայի սահմանին գտնվող ռադիացիայի չափման կայաններին: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաեւ Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հերքեցին այդ տեղեկությունը, ասվեց, որ իրականացվող աշխատանքները պլանային են եւ արդեն իսկ ավարտվել են: Ավելին, հանգուցալուծում է գտել նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցների բողոքը՝ աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ: ՀԱԷԿ-ցիներն այլեւս 10%-ով ավելի կվարձատրվեն, չնայած պահանջում էին աշխատավարձի 50% բարձրացում: Ի դեպ, շատ վերլուծաբաններ այդ ակցիաների համատեքստում չբացառեցին, որ ռուսական կողմն իսկապես որոշում ունի ՀԱԷԿ-ը փակելու վերաբերյալ եւ այդպիսով «ֆոն» ստեղծելով` նախապատրաստում են դրան: Եթե ի վերջո այդպես էլ լինի՝ զարմանալի չէ. պատմությունը մեզ լավ դասեր է տվել. ամեն անգամ երբ ռուսներն ու թուրքերը լեզու են գտել իրար հետ, տուժել են հայերը եւ Հայաստանը: Պարզապես պատմությունից մենք՝ հայերս, դասեր չենք քաղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել