Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԵԳԵՆԴԱՐԸ՝ ԵՐԱԽՏԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 25,2011 00:00

NEW

\"\"Լուսահոգի Վանուշ Խանամիրյանը սիրով էր հիշում Հովսեփ Շամամյանին

Վերջին շրջանում  երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանը «Առավոտի» հետ զրուցելիս, նկատի ունենալով հայկական պարարվեստի երախտավոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովսեփ Շամամյանին,  մշտապես «սրտնեղում» էր, կատակելով. «Այ մարդ, կամ ես գոնե մեկ տարի շուտ ծնվեի, կամ Օսիկը՝ ուշ: Չգիտե՞ս՝ ինչ են մտածում ընկերոջս 85-ամյակի առիթով…, թեեւ վստահ եմ՝ Օսիկի հոբելյանը ամենաուշը աշնանը կնշեն: Ո՜նց եմ պարելու էրեխեքիս հետ…»: Ցավոք, Վ. Խանամիրյանը  չհասցրեց մասնակցել ընկերոջ հոբելյանական երեկոյին, սակայն հասցրեց մեզ փոխանցել Շամամյանի կենսագրականից դրվագներ, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն: Հովսեփ Շամամյանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադիրներից է: Ավելի քան  երկու տասնամյակ աշխատել է այստեղ որպես մենապարող: Հայրենական պատերազմից հետո Կոմեդիայի թատրոնի բալետային խմբի հաջողությունները կապված են նուրբ ճաշակի տեր Շամամյան մենապարողի հետ: Ըստ Խանամիրյանի,  «Օսիկն օժտված էր կերպարի սուր զգացողությամբ, ինչը, բնականաբար, օգնում էր պարի արտահայտչամիջոցներով բնավորություն ստեղծելուն: Մինչ այսօր հիշում եմ «Ատամնաբույժն արեւելյան», «Մորգանի խնամին», «Գլխի գինն է 50 միլիոն», «Փեսացուներ»… ներկայացումները: Օսիկը դեռ էն թվերից պարի իր ձեռագիրն ուներ»: Հետագայում նրան վստահում են նաեւ ինքնուրույն աշխատանքներ՝ Արաքսմանյանի «Փիղը պարում է», Բեսի «Աղաֆոնը եւ իր փեսաները», Ջոջուայի «Երկու օրիորդ»  եւ այլ ներկայացումների պարերի բեմադրությունները: Շամամյանին նկատում եւ հրավիրում են նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Այստեղ պարուսույցն իրականացնում է համահունչ բեմադրություններ Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ», Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը», Օստրովսկու «Կատաղի փողեր» եւ այլ ներկայացումների համար: Վ. Խանամիրյանը հավաստիացրեց նաեւ հետեւյալը. մեծանուն Վարդան Աճեմյանը մի օր կանչում է Շամամյանին եւ ասում՝ վախենում եմ դրամատիկ թատրոնի ներկայացումը դարձնես բալետային, ինչ որ արել ես՝ բավական է… Վ. Խանամիրյանը ներկայացնելով պարուսույց Հ. Շամամյանին, նշեց նրա  կողմից «Բողբոջ», «Ժպիտ», «Երիտասարդություն» եւ այլ խմբերի ստեղծումը, շեշտելով, որ իր գործին նվիրյալ իսկական մանկավարժը Օսիկի նման պիտի դպրոցից դպրոց ընկնի, երեխաներ ընտրի եւ խմբակներ բացի նաեւ դպրոցներում. «Էն թվերին ո՞վ կմտածեր, էլ չասեմ՝ կհանդգներ ժամանակակից պարային խումբ ունենալու մասին: Իսկ Օսիկը ստեղծեց Հայաստանում առաջին պարահանդեսային պարերի անսամբլը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել