Հոկտեմբերի 18-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի /լուսանկարում/ մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, նախագծող եւ շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշան չի եղել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում:
Մինչդեռ, սեպտեմբերի 30-ի առավոտյան նույն վայրում փլուզում էր եղել՝ շուրջ 3000 խորանարդ մետր հողի եւ քարի զանգված էր քանդվել, միջպետական ճանապարհի 110 մ հենապատ էր քանդվել, ճանապարհի 6 մետրը` փակվել: Այդ մասին եւս պաշտոնական հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այսքանից հետո զարմանալի է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ ասել է, որ «մինչեւ 2011թ. հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշան չի եղել»:
Կարելի է կարծել, որ իրավիճակն այնպես է ներկայացվում, որպեսզի սողանքից 5 զոհերի համար պատասխանատվության խնդիր չառաջանա, որ իբր ամեն ինչ անակնկալ է տեղի ունեցել: Մինչդեռ սեպտեմբերի 30-ի համեմատաբար փոքր սողանքից հետո, 2 օրվա ընթացքում եթե տարերքի վայրում երկրաբանական ուսումնասիրություն արվեր եւ միջպետական ճանապարհի այդ հատվածը փակվեր, 5 զոհ եւ մեծ նյութական կորուստներ չէին լինի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ