Տավուշի մարզի գյուղերում մարդահամար իրականացնող հաշվարարները գյուղացիներին հարցնում են՝ ո՞րն է նրանց եկամտի աղբյուրը: Ու հաճախ հնչում է՝ եկամտի աղբյուր չունեմ պատասխանը: Նույն կերպ գյուղացիները հաշվարարներին ասում են, որ աշխատանք չունեն: Հաշվարարները ստիպված գյուղացիներին բացատրում են, որ նրանք սեփականաշնորհված հող ունեն, ուրեմն աշխատող են համարվում եւ նրանց եկամտի աղբյուրն ունեցած հողն ու անասունն է: Գյուղացիները մեծամասամբ դժգոհ են գյուղատնտեսական գործունեության արդյունքներից: Հողերի մեծ մասի չոռոգվելը, պարարտանյութերի եւ բուժանյութերի թանկությունը, գյուղտեխնիկայի պակասն ու մաշվածությունը, արոտավայրերի եւ խոտհարքների բնակավայրերից հեռու գտնվելը, մայրաքաղաքից ու իրացման շուկաներից հեռու լինելը Տավուշի մարզում գյուղատնտեսությունը դարձրել են ոչ շահութաբեր: Մարզի շատ համայնքապետարաններ գյուղացիներից դիմումներ են ստացել սեփականաշնորհված հողից հրաժարվելու մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ