Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ֆիշերը ՊԱԿ-ի գործակա՞լ է եղել

Հոկտեմբեր 25,2011 17:19

 

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոն շախմատային հանճար, աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին (Robert «Bobby» James Fischer) կասկածել է խորհրդային հետախուզության օգտին աշխատելու մեջ: Այս մասին գրում է ամերիկյան «Ֆիլադելֆիա Ինքուայրեր» (Philadelphia Inquirer) թերթը:

Վեջերս, այսպես կոչված, «Ֆիշերի անձնական գործից» գաղտնազերծվել են սենսացիոն տեղեկություններ պարունակող նոր փաստաթղթեր, որոնք հրապարակվել են առաջին անգամ:

Ռոբերտ Ֆիշերը՝ կանանց մասին. «Շախմատն ավելի լավ է»

Գործակալների բազմաթիվ զեկույցներից հետեւում է, որ հենց 1958 թվականին ԽՍՀՄ այցելության ժամանակ ՊԱԿ-ը կարող էր գեղեցկատես թարգմանչուհու միջոցով անկողին տանելով՝ հավաքագրել Բոբի Ֆիշերին, ինչին, ըստ փաստաթղթերի, նպաստել է երկար տարիներ Լուբյանկայի համար աշխատած նրա մայրը՝ Ռեգինա Ֆիշերը:

Խորհրդային հետախուզության պահեստի գնդապետ Սեմյոն Լազարեւը, որ երկար ժամանակ թաքցնում էր Ռեգինա Վենդերի (Ֆիշեր) հետ իր ծանոթությունը, պատմել է, որ նա բացառիկ աղջիկ էր, գիտեր ութ լեզու եւ հետախուզության համար իսկական գանձ էր: Ռոբերտը ծնողներից ժառանգել է լեզվական այդ ընդունակությունը եւ ինքն էլ տիրապետել է հինգ լեզվի: Սակայն, գնդապետի բացահայտմամբ՝ Ռոբերտի հայրը եղել է ոչ թե գերմանացի կենսաֆիզիկոս Հանս-Գերհարդ Ֆիշերը, այլ նրա ընկերը՝ Հունգարիայից մաթեմատիկայի ուսուցիչ Պոլ Նեմենին՝ Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրը եւ Ամերիկայում ատոմային ռումբի ստեղծման ծրագրի մասնակիցներից մեկը: Իսկ ինչ վերաբերում է թարգմանչուհուն, գնդապետի հավաստմամբ, Բոբին այն ժամանակ աղջիկների վրա ընդհանրապես չէր նայում: Դրա փոխարեն նա թարգմանչուհուն գնահատում էր միայն այն բանի համար, որ այդ աղջիկը տիրապետում էր խաղատախտակի վրա  միայնակ արքային ձիով եւ փղով մատ հայտարարելու տաղանդին:

Գաղափարը փողով չես վաճառի

Ըստ ամենայնի, Ռոբերտի մայրը՝ Ռեգինան, խորհրդային կադրային հետախույզ չի եղել: Նա անգամ Լյուբյանկայից չի էլ վարձատրվել ու, հնարավոր է, ԽՍՀՄ-ին օգնել է գաղափարական դրդապատճառներով: Այն ժամանակ շատերն էին այդպես վարվում:

Այնուամենայնիվ, Խորհրդային Միության համար ո՞րն է եղել Ռոբերտ Ֆիշերի առաքելությունը: Նա փողի կարիք չուներ: Հենց Ֆիշերի շնորհիվ աշխարհի թագի համար մրցամարտերի եւ ընդհանրապես շախմատային մրցաշարերի պարգեւագումարները բազմապատկվեցին: Նա միշտ ասում էր. «Ես կհասնեմ այն բանին, որ շախմատը պակաս չհարգեն, քան բռնցքամարտը: Մոհամեդ Ալին որքան էլ պահանջի, ես իմ հերթական մրցելույթի համար ավելին եմ ուզելու»: Այնպես որ, Ռոբերտ Ֆիշերը հաստատ կոպեկների համար չէր օգնում ԽՍՀՄ-ին:

Ընդդեմ Ամերիկայի արտաքին քաղաքականության

Հետաքննությունների Դաշնային Բյուրոն համոզված էր, որ խորհրդային հետախուզությունը նրան օգտագործում էր որպես աշխարհում հեղինակություն վայելող մարդու, որը մեծ ազդեցություն ուներ միջազգային հասարակական կարծիքի վրա եւ ի վիճակի էր այն փոխել: Օրինակ, գաղտնազերծված զեկույցներում նշվում են Ֆիշերի հակաամերիկյան ելույթները, մասնավորապես, նրա խիստ բացասական վերաբերմունքը Վիետնամի պատերազմին: Դրանք խիստ գցել են ԱՄՆ-ի միջազգային հեղինակությունը եւ, ընդհակառակը, բարձրացրել Կրեմլինը:

Երբ մի անգամ հարցրել են, թե ո՞վ է ժամանակի մեծագույն շախմատիստը՝ ի՞նքը, թե՞ Կասպարովը, Ֆիշերն առիթը բաց չի թողել՝ գովաբանելու Ռուսաստանի այն ժամանակվա նախագահին. «Ինչպե՞ս կարող եք ինձ համեմատել այդ խարդախի հետ: Ես նրան այլ կերպ անվանել չեմ ցանկանում: Նա, պարզապես, հանցագործ է: Գիտեմ, որ նա հիմա փորձում է քաղաքականությամբ զբաղվել, դեմ է ելել նախագահ Պուտինին: Եվ դա արդեն բավարար է, որպեսզի ոչ միայն հավանություն տրվի Պուտինի գործունեությանը, այլեւ նա լիակատար աջակցության արժանանա»:

Հատուկ ծառայությունների համբերության բաժակը լցրել են Բոբիի՝ Հարավսլավիան բոյկոտելու Ամերիկայի վարած քաղաքականությունը հրապարակային քննադատող ելույթները: Սակայն աշխարհի չեմպիոնի ամենասկանդալային հայտարարությունները եղել են սեպտեմբերի 11-ին Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որ նա ուղիղ եթերում հնչեցրել է ֆիլիպինյան «Radio Bombo» ռադիոկայանով՝ հիացմունք արտահայտելով ահաբեկիչների գործողությունից: «ԱՄՆ-ը եւ Իսրայելը տասնամյակներ շարունակ եղեռն են կազմակերպում Պաղեստինում: ԱՄՆ-ում դրա համար ոչ ոք արցունք չի թափում: Վերջերս ամերիկացիները 1500 մարդ ոչնչացրին Իրանում եւ շարունակում են անընդհատ սպանել: ԱՄՆ-ում խոսում են սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին, բայց ոչ ոք չի հիշում Հիրոսիման եւ Նագասակին: Այնտեղ անհամեմատ շատ մարդ է զոհվել, քան Նյու Յորքում», – հայտարարել է Բոբի Ֆիշերը:

Հանճարեղ հրեան՝ մոլի հակասեմական

Ֆիշերը, որ հրեա էր՝ ծնված հրեաների ընտանիքում, միեւնույն ժամանակ մոլի հակասեմական էր: Ու դրա համար մեղավոր էին հենց Իսրայելի հատուկ ծառայությունները, որոնք հավաքագրելու նպատակով նրա հետ աշխատելիս չափից ավելի էին խաղարկում ազգային պատկանելությունը: Հենց այդ պատճառով ՊԱԿ-ի հետ մրցակցությունում Իսրայելի ծրագրերը ձախողվեցին: Սա լավ գիտեին Ամերիկայի գաղտնի ծառայություններն ու գտնում էին, որ այստեղ էլ ռուսների մատը խառն է: Իսկ շախմատային հանճարը, որ ատում էր հրեաներին, իր հայտարարություններից մեկում ասել է. «Ամերիկան գտնվում է հրեաների լիակատար վերահսկողության տակ: Նրանք, որ հնարել են գոյություն չունեցող հոլոքոսթը, հիմա ձգտում են գրավել ամբողջ աշխարհը: Ամերիկայի ամբողջ ղեկավարությունը հրեաներ են՝ թաքնված հրեաներ, կամ ԿՀՎ-ի առնետներ, որոնք աշխատում են հրեաների համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31