Նկատենք, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ անցյալ տարի նույնպես քրեական հետապնդում էին սկսել մայիսի 31-ին, Սարյանի արձանի մերձակայքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպով, շարժառիթն էլ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու արգելումն էր (այդ միջադեպին անդրադարձել ենք «Առավոտ» օրաթերթի 26.06.2010թ. համարում):
Հիշեցնեմ, որ ուժայինները միջադեպը տրոհել էին, ըստ այդմ՝ Դավիթ Քիրամիջյանին (լուսանկարում) եւ մյուսներին մեղադրում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու արարքում (Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մաս), իսկ լրագրող Անի Գեւորգյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու արարքում եւ ձերբակալել նրան (Քրեական օրենսգրքի 316 հոդված, 1-ին մաս):
Այդ մեղադրանքները սարքված էին եւ նրանց վերագրված արարքում հանցագործության կազմը բացակայում էր: Օգոստոսի 9-ի գործով անցնող ակտիվիստները ոստիկանների հետ այլ միջադեպերի առիթներով նախկինում ենթարկվել են նաեւ վարչական պատասխանատվության, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ 2009 թվականին քրեական հետապնդում է սկսվել, ինչը դադարեցվել է արդարացման հիմքով:
Կարդացեք նաև
Մայիսի 31-ի եւ օգոստոսի 9-ի միջադեպերի առիթները չնայած տարբեր են, սակայն դրդապատճառը քաղաքական հիմքն է, իսկ արտաքին գծագրությունը՝ միեւնույնը: Այս պարագայում, այսինքն՝ երբ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումները տեւական բնույթ են կրել, կարծում եմ՝ մինչդատական վարույթ իրականացնողը՝ ՀՔԾ-ն պետք է քննարկի նաեւ ոստիկանության աշխատակիցների գործողությունների օրինապաշտության հարցը, որովհետեւ եթե իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը կատարվել է նրա անօրինական գործողության ռեակցիայի հետեւանքով (գրգռումից), ապա քննարկվող հանցագործության կազմը բացակայում է (տես՝ Մեկնաբանություններ ՌԴ քրեական օրենսգրքին, 2010 թ, Մոսկվա, էջ 925):
ՀՔԾ-ն եւ «արդար դատարանները՚» թե ինչպես են գործելու՝ բոլորս գիտենք, մինչդեռ տրամաբանական հարց է ծագում. արդյոք հնարավոր չէ՞ կիրթ ձեւով, առանց աղմկահարույց հետեւանքների կանխարգելել ուժային մարմինների՝ հատկապես ոստիկանների եւ ժողովրդի միջեւ շարունակվող կամ պրակտիկա դարձած միջադեպերն ու բախումները:
Իմ պատկերացմամբ՝ դա հնարավոր է, եթե.
1. Իշխանությունները եւ պետական այրերը ցանկանան եւ մտահոգվեն նման երեւույթների պատճառների վերացմամբ,
2. Ուժային համակարգերը գործեն իրավասության սահմաններում եւ գրագետ:
Օրինակ, Մեծ Բրիտանիայում վերջերս ծայր առած անկարգությունները եւ միջադեպերը դադարեցվեցին վարչապետ Դեվիդ Կամերոնի մտահոգությունների եւ ուժայինների գրագետ գործողությունների արդյունքում: Կամերոնը դժգոհելով ուժայինների կոշտ գործողություններից (ընթացքում մարդիկ էին սպանվել), դիմեց ամերիկյան փորձին՝ հենվելով Նյու Յորքի նախկին ոստիկանապետ Բիլլի Բրամմենի վրա, որի 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում զգալիորեն նվազել էին հանցագործությունները: Բրամմենը պատասխանել էր, որ անկարգությունների պատճառը քաղաքական բողոքը կամ աղքատությունը չէ, այլ կրիմինալը, իսկ ուժայինները գործում են գրագետ:
Անգլիացիները պետք է հպարտանան իրենց պետության գլխով, որովհետեւ, չնայած պայքարն ուղղված էր կրիմինալի դեմ, սակայն նա ջանքեր էր գործադրում, որպեսզի նույնիսկ կրիմինալ անձը չզրկվի կյանքից եւ այդ պատճառով հակադրվեց համաչափ գործող ուժայինների հետ:
Ի տարբերություն, մեր երկրում աղմկահարույց միջադեպերի պատճառը ոչ թե կրիմինալն է, այլեւ քաղաքական բողոքը եւ աղքատությունը: Այս պարագայում պետության գլուխը եւ պետական այրերը ոչ թե մտահոգվում են դժգոհությունների պատճառները հարթելու, այլեւ իրենք են ուժայիններին ուղղորդում խաղաղ մարդկանց նկատմամբ բռնություններ գործադրելու, իսկ հարկ եղած դեպքերում՝ ներգրավում են նաեւ կրիմինալ հեղինակություններին եւ ստանում նրանց օժանդակությունը: Իսկ մեր ուժայինները քաղաքական բողոքը կրիմինալից չեն տարբերում, ըստ որում՝ կոռուպցիան եւ կրիմինալը հովանավորում են, իսկ խաղաղ բողոքողներին ենթարկում դաժան հալածանքների եւ զրկում ազատություններից: Համոզված եմ, որ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները կրիմինալ չեն եւ նրանց նկատմամբ շարունակ հետապնդումներն ու հալածանքները, վարչական կամ քրեական հարկադրանք կիրառելը խնդիրը հարթելու գրագետ ձեւը չէ եւ այդ բիրտ մեթոդները հանգեցնում են ներքաղաքական լարվածությունների եւ հակադրությունների, որի պատճառով էլ տապալվեց իշխանություն- կոալիցիա եւ ՀԱԿ սկսված երկխոսությունը: Դրա համար ողջամիտ մարդիկ մտահոգվում են, իսկ Դավիթ Հարությունյանի կարծիքով. «Երկխոսությունից ավելի կարեւոր է, որ երկրում կարգուկանոն լինի», ոստիկանապետն էլ ինքնագոհ է, որ երիտասարդ ակտիվիստներին վնասազերծել են 20 րոպեում: Կարգուկանոնը ածանցված է Սահմանադրությանը, իսկ երկխոսության առարկան սահմանադրական կարգի վերականգնումն է, ո՞րն է կարեւորը: Եթե հետաքննության մարմինը այդչափ օպերատիվ եւ գործնական է, ապա տասը մարդու սպանությունների կազմակերպիչներին եւ կատարողներին ավելի քան երկուսուկես տարում ինչո՞ւ չեն կալանում, ո՞րն է կրիմինալը. մարդասպաննե՞րը, թե՞ երիտասարդ ակտիվիստները:
Իմ կարծիքով, աղմկահարույց միջադեպերը կարելի է կանխարգելել եւ խափանել, իսկ առաջին պայմանը ուժային կառույցները ապաքաղաքականացնելն է, երկրորդ՝ նրանք պետք է կատարեն միայն օրենքով իրենց վերապահված իրավունքները եւ պարտականությունները:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա