Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճարն ու առեւտուրը

Հոկտեմբեր 25,2011 13:10

 «Ցավոք սրտի, մեր մայրաքաղաքային հոգեւորականության որոշ մասը գտնվում է կյանքի «գեղեցիկ ոճի» ազդեցության տակ: Այստեղից է մոդայիկ հագուստով, սեղանների ճոխությամբ եւ առատությամբ մրցելու ձգտումը: Այստեղից է նաեւ թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներով, բջջային հեռախոսներով եւ նման այլ բաներով պարծենալը: Եվ դա այն դեպքում, երբ բնակչության կեսն ապրում է աղքատության շեմից ցածր»: Այս խոսքերն ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ՝ պատրիարք Ալեքսին՝ 1998 թվականին: Դրանից 11 տարի անց այդ պաշտոնը զբաղեցրեց պատրիարք Կիրիլը, որը երկար ժամանակ ղեկավարում էր Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժինը: Վերջինիս գլխավոր գործառույթը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, բիզնեսն էր՝ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի առեւտուրը: Իսկ ինչո՞ւ էր այդ բիզնեսն այդքան շահութաբեր: Որովհետեւ պետության կողմից դրան տրված էին հարկային արտոնություններ՝ իբր, եկեղեցուն, հավատացյալներին աջակցելու համար, բայց իրականում վերը հիշատակված ցուցամոլությունն ու շվայտ կյանքը խրախուսելու նպատակով:
Դե, մեր Մայր աթոռը նույնպես չի կարող «ժամանակակից հովերից» հետ մնալ եւ փորձում է «աստվածապաշտ» կառավարության օգնությամբ նորանոր արտոնություններ կորզել: Քանի որ ներկայիս կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի մոտ բիզնեսմենի ջիղը շատ ավելի վառ է արտահայտված, քան հոգեւորականի, դա միանգամայն բնական է: Եվ ահա երեկ կառավարությունը ԱԺ էր բերել մի նախագիծ, ըստ որի՝ պիտի գույքահարկից ազատվեն Հայաստանյայց Մայր Աթոռին «սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանել է գործադիրը»: Այդ ցանկում ներառված է 286 օբյեկտ, որոնց թվում՝ 20 բնակելի տուն, 4 առանձնատուն եւ վիլլա, 10 դպրոց եւ մանկապարտեզ, 2 ճաշարան եւ սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ՝ իր շրջակա կառույցներով, եւ այլն: Նախ՝ «եկեղեցական եւ ծիսական պարագաներ» հասկացությունը չափազանց լայն է՝ դրանց արտադրության տակ կարելի է «սղացնել» ամեն ինչ: Ի վերջո, կարելի է ապացուցել, որ առանց «Բենթլիի» հնարավոր չէ պատարագ մատուցել: Երկրորդ՝ ի՞նչ է Մայր աթոռն անում առանձնատներում, վիլլաներում եւ հատկապես ֆուտբոլային դաշտերում, եւ ինչո՞ւ պետք է դրանք ազատվեն գույքահարկից:
Բնականաբար, նման հարցեր առաջացան նաեւ պատգամավորների մոտ: Բայց Մայր աթոռի պատասխանը ես կարող եմ կանխագուշակել. բոլոր նրանք, ովքեր խոսում են կաթողիկոսի «օբյեկտները» հարկելու օգտին, ցանկանում են քանդել Հայ Առաքելական եկեղեցին եւ ներդրված են աղանդավորական շարժումների արտասահմանյան կենտրոնների կողմից: Նման սահմռկեցուցիչ մեղադրանքներից հետո ո՞վ կհամարձակվի ծպտուն հանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31