Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄ ՀԻՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ, ԿԱՄ ՄԱԶՈԽԻՍՏ

Հոկտեմբեր 25,2011 12:57

Ըստ Մովսես Շահվերդյանի՝ միայն այս պարագայում  ՀՀԿ-ն կարող է առաջիկայում էլ մեծամասնություն ունենալ

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունում վերջերս իրավական եւ սոցիալական ոլորտներում հետազոտություն են անցկացրել եւ հանգել են այն եզրակացության, որ կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք օրենքների գործածությունն աղետալի հետեւանքներ է ունեցել մեր ժողովրդի համար: Կուսակցության հետազոտությունների թիրախ են դարձել ճանապարհային ոստիկանությունը, տաքսի-ծառայությունների դաշտում ստեղծված իրավիճակը, ԴԱՀԿ օղակը: «Այս շղթայում մի իրավիճակ է ստեղծված՝ բացարձակ վակխանալիա է: Ասենք, ՀՀ վարչական օրենսգրքում այնպիսի սողանցքներ են թողնված, որ մարդը մի փոքր անզգուշության կամ պարզապես անտեղյակության պատճառով կարող է փոքրիկ խախտում թույլ տալ, որը հետագայում իր գլխին պարզապես պատուհաս է դառնալու: Ասենք, մարդն ապահովագրել է մեքենան եւ դեռ չի հասցրել ապակուն փակցված հին կտրոնը փոխարինել նորով. ոստիկանությունն այդ անփութության համար իրավունք ունի 150 հազար դրամով տուգանել: Եվ եթե մուծումը մեկ ամսվա ընթացքում չի կատարվում, այն եռապատկվում է, երեք ամսվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկվում: Այսօրվա Հայաստանի պայմաններում, երբ նվազագույն աշխատավարձը 33 հազար դրամ է, պատկերացրեք՝ ի՞նչ է նշանակում տուգանքների այդ չափը, այն էլ՝ փոքրիկ անուշադրության համար: Հայաստանի սոցիալական պայմաններից ելնելով՝ դա աբսուրդ է, եւ հենց նման օրենքների ընդունումն է հանցագործություն ժողովրդի եւ պետության դեմ»,- ասում է ՀԱՍԿ ղեկավար Մովսես Շահվերդյանը: Ըստ մեր զրուցակցի՝ հենց նման «մանրուքներն» էլ դրդում են մարդկանց դուրս գալ պետության դեմ եւ ի վերջո հեռանալ այս երկրից ու այս իրականությունից: Տաքսի-ծառայություններում կատարված հետազոտություններից էլ մեր զրուցակիցը հետեւյալ օրինակն է բերում. «Գաղտնիք չէ, որ տաքսի-ծառայություններում աշխատող մարդիկ ընդամենը օրվա հաց են վաստակում: Տրամաբանական է, որ ապահովագրումը եւ տեխզննման հարցերը պետք է տաքսի-ծառայության տնօրենի խնդիրը լինեն: Բայց ծառայության ղեկավարները ստիպում են մարդուն վարել մեքենան, եթե անգամ այն տեխզննում չի անցել՝ խոստանալով «ոստիկանության հետ հարցերը» լուծել: Կան դեպքեր, երբ մարդիկ այդ կերպ աշխատել են, ինչի համար էլ տուգանվել են 50 հազար դրամով, հետո տուգանքի կտրոնը թողել են տաքսի-ծառայությունում եւ դուրս եկել այդ աշխատանքից: Մի քանի ամիս հետո մարդը ստանում է դատական ծանուցագիր, որ ծառայությունը գումարը չի վճարել, եւ ինքը պարտավոր է 250 հազար դրամ տուգանք վճարել, այլապես գործին կմիջամտի ԴԱՀԿ-ն»: Այս շիլաշփոթ, բարձիթողի իրավիճակի պատասխանատվությունն, ըստ պարոն Շահվերդյանի, ներկայիս կառավարությանն է եւ ՀՀԿ-ինը, քանի որ այն, ըստ էության, իշխող կուսակցություն է: «ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ առաջիկայում էլ հավակնելու է մեծամասնություն դառնալ: Դա չի կարելի թույլ տալ. ՀՀԿ-ն այժմ իշխող ուժ է, եւ նման իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ անդամ վարչապետի գլխավորած կառավարության հետեւանքով, ուրեմն մեր ժողովուրդը կամ պետք է բացարձակ հիմար լինի, կամ մազոխիստ, որ թույլ տա հետագայում էլ իրեն նմանատիպ իրավիճակների մեջ դնեն»: Ի դեպ, Մովսես Շահվերդյանի վերլուծություններով՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին այլընտրանքի լուրջ հայտ է ներկայացնելու ԲՀԿ-ն. «Բավականին ողջամիտ մոտեցում կլինի, եթե ԲՀԿ-ն ընտրությունների գնա ինքնուրույն. այդ դեպքում ԲՀԿ-ին հարկ կլինի իր գործունեության մեջ ավելացնել քաղաքական եւ գաղափարական բաղադրիչները: Այդ դեպքում ՀԱՍԿ-ը պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանգնել ԲՀԿ-ի կողքին եւ պաշտպանել նրանց ծրագրերը»: Ինչ մնում է նախագահական ընտրություններին, ՀԱՍԿ-ն առայժմ իրեն չի ցանկանում կաշկանդել որեւէ թեկնածուով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31