NEW
Անցած հանգստյան օրերը հաջող չդասավորվեցին ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականների համար: 19 եւ 17 տարեկանների հավաքականները պարտություններ գրանցեցին:
Մ-19 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբում Վարազդատ Ավետիսյանի սաները Երեւանում արդեն տոնել էին մեկ հաղթանակ սլովակների նկատմամբ ու մրցեցին խմբի ֆավորիտ համարվող Հունաստանի թիմի հետ: Վերջինս, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին տուրում 10:0 ոչ ֆուտբոլային հաշվով հաղթել էր Անդորրային: Ցավոք, հունական «մեքենան» ուժեղ գտնվեց նաեւ մեր թիմից: Հանդիպման հենց մեկնարկում հույներն իրենց խաղը թելադրելու համար լավագույն զենքը կիրառեցին՝ արագ գոլ խփելով արդեն 4-րդ րոպեին, ու ստացվեց, որ հենց սկզբից մերոնք հետապնդողի դերում հայտնվեցին: Միայն 76-րդ րոպեին Սլովակիայի հետ խաղի հերոս Հովհաննես Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Սակայն մերոնց ուրախությունը երկար չտեւեց՝ ընդամենը 2 րոպ անց հույները կրկին առաջ անցան հաշվի մեջ ու ի վերջո 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Ցավալի պարտություն է, սակայն ամեն ինչ դեռ կորած չէ. Հայաստանի հավաքականը հնարավորություն է պահպանել երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Միայն թե անհրաժեշտ է վերջին տուրում հաղթանակ տոնել Անդորրայի նկատմամբ, որն անիրականալի խնդիր չի թվում: Իսկ այ մեր ավելի կրտսեր ֆուտբոլիստները Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլում 0:4 հաշվով պարտություն կրեցին Լիտվայից՝ դուրս մնալով հետագա պայքարից: