NEW
Իսպանական կենտրոնը շարունակում է հայերին ներկայացնել իսպանական պարեր, երաժշտության: Օրերս «One club»-ում իսպանական ֆիեստա էր: Այս անգամ ֆիեստան կոչվում էր «Պատվերով FIESTA LATINA »: Մեզ հետ զրույցում Իսպանական կենտրոնի հիմնադիր Աշոտ Փարսյանը նշեց, որ միջոցառումը կենտրոնի կազմակերպած մյուս երեկոներից շատ է տարբերվում. «Ամեն անգամ ֆիեստա կազմակերպելիս նպատակ ենք ունենում անել այնպես, որ տարբերվենք մյուսներից: Սա մեզ համար խնդիր է դարձել, քանի որ մեզ կրկնօրինակում են ամեն քայլափոխի: Ու քանի որ հեղինակային իրավունք պահելը չի ստացվում այստեղ, մենք էլ փորձում ենք փոխել մեր թեմաները: Այն, ինչ արել ենք նախկին ակումբերում, դա թողնում ենք այդ ակումբների դռներից ներս եւ հորինում մի նոր բան: Երիտասարդները շատ են սիրում պատվիրել երգեր: Պատվերները հարգի են հայերիս մոտ: Ու քանի որ այդ պատվերները պարբերական բնույթ են կրում, որոշեցինք այս երեկոն նվիրել պատվերներին եւ բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց նախընտրած երաժշտությունը: Ֆեյսբուքի միջոցով հայտարարվեց պատվերի մասին, որտեղ յուրաքանչյուր ոք իրավունք ուներ պատվիրելու մինչեւ 5 երգ: Որոշեցինք հնարավորություն տալ մասնակցողին կազմել իր անձնական playlist-ը, որոնք հրապարակեցինք մեր ֆեյսբուքյան էջի պատին»:
Նշենք, որ երեկույթի կազմակերպիչները երգեր պատվիրելու հարցում սահմանափակում էին դրել՝ «no Արմենչիկ», «no Шуфутинский», «no Գուգուշ» եւ այլն. «Սահմանափակում դրվեց, քանի որ իսպանական ռիթմերից տաքացած երիտասարդները երբեմն այնպիսի պատվերներ են տալիս, որ անհարմար եմ զգում նույնիսկ բարձրաձայնել: Մի անգամ «bachata երեկո» էր, մեկ էլ ամենաթեժ պահին մի տղա մոտեցավ ինձ «տաշի-տուշի» պահանջեց՝ ասելով, թե մի հատ շախով երգ նվագեք լսեմ: Բոլորիս համար անհասկանալի էր, թե նա ինչպես էր հայտնվել ներսում, որը նստած խորոված էր ուտում «bachata երեկոյի» ընթացքում»:
Ա. Փարսյանը նշում է, որ երիտասարդությունն արդեն լավ ծանոթ է լատինական երաժշտությանը: Նրա խոսքերով, եթե ժամանակին լատինամերիկյան երաժշտություն ասելով հասկանում էին միայն Ռիկի Մարտինին կամ Շակիրային, այժմ այնպիսի երգեր են պատվիրում, որ նույնիսկ իրենք՝ երեկոյի կազմակերպիչները չեն իմանում:
Անդրադառնալով լատինո party-ների շատացմանը, կազմակերպիչը դժգոհեց. «Ով չի ալարում՝ «salsa party» է անում ամենաանհասկանալի տեղերում, օրինակ՝ հայկական ռեստորաններում»: