NEW
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի Սոսեի փ. 13 հասցեում գտնվող «Երեւանի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող ապօրինի խաղատան՝ «Պոկեր ակումբի» գործունեությունը: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդագրության, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել «Պոկեր ակումբի» կազմակերպիչ Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ակումբի 3 դիլեր, 1 մատուցող եւ 9 այցելու /այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ/:
Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի «Պոկեր ակումբը» գործել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների /խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս/ խախտմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 188 /ապօրինի ձեռնարկատիրություն/ եւ 205 /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար: