Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 22,2011 00:00

  \"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 Ի ՊԱՀ

– Հանդիպումն ինչպե՞ս եզրափակենք,- Կատյային հարցրեց Ժենյա Ղուկասովնան:
– Թող եզրափակիչ  խոսքը Հրանտն ասի,- ասաց Կատյան.- Սարոյանը Հրանտին շատ ա սիրում:
– Եզրափակիչ խոսք հեչ պարտադիր չի,- ասաց Հրանտը:- Ամեն ինչ շատ լավ էր:
– Իսկապե՞ս լավ էր,- ոգեւորվեց Ժենյա Ղուկասովնան:
– Սրանից ավել ի՞նչ պիտի լիներ,- ասաց Հրանտը:- Ամեն ինչ շատ լավ էր:
– Բացի այն տհաճ միջադեպից,- ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Ի՞նչ տհաճ միջադեպ,- հարցրեց Ռաֆիկը:
– Այդ Խորեն կոչեցյալի հետ կապված,- շշնջաց Ժենյա Ղուկասովնան:
– Կակռազ ամենահամով մոմենտը Խորենի մոմենտն էր,- ծիծաղեց Ռաֆիկը:
– Կատակ եք անում,- ժպտաց Ժենյա  Ղուկասովնան:- Շատ տհաճ միջադեպ էր:
– Ոչ մի տհաճ բան չկար. ամեն ինչ շատ բնական էր,- ասաց Հրանտն ու ավելացրեց.- մենք սովոր ենք, որ ամեն ինչ արհեստական ու պաշտոնական լինի:
– Դե լավ է, որ այդ կարծիքին եք,- թեթեւացած շունչ քաշեց Ժենյա Ղուկասովնան.- սիրտս մի տեսակ հանգստացավ:
– Անհանգստանալու բան չկա,- ասաց Ռաֆիկը.- Սարոյանն ու Խորենն իրար հասկացան:
– Դե լավ է,- ժպտալով ասաց Ժենյա Ղուկասովնան, մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց.- հիմա ի՞նչ անենք, ընկեր Մաթեւոսյան:
– Կոնյակ խմենք, ընկեր Մադոյան,- ժպտաց Հրանտը եւ բաժակը բարձրացնելով  ավելացրեց.- Ձեր կենացը, Ժենյա Ղուկասովնա. միշտ էսպես գեղեցիկ ու հմայիչ մնաք:
– Շնորհակալ եմ, Հրանտ ջան,- ժպտաց խմբագիրը:
– Ձեր կենացը, Ժենյա Ղուկասովնա,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ռոլանդը:
– Շնորհակալություն, Ռոլանդ ջան,- ասաց խմբագիրը:
– Ձեր կենացը, Ժենյա Ղուկասովնա,- բաժակս բարձրացնելով՝ ասացի ես:
– Շնորհակալություն,- ինձ խեթ-խեթ նայելով՝ ասաց խմբագիրը:
Էդ պահին Սարոյանն ու Շիրազը մոտեցան մեզ, Սարոյանն իր բաժակը խփեց իմ ու Ռոլանդի բաժակներին եւ իր բամբ ձայնով աղաղակեց.
– Մայրերո՛ւ կենաց:
Բոլորը մոտեցան, բաժակները խփեցին Սարոյանի բաժակին, եւ Սարոյանը շուրջը նայելով՝ անսպասելի գոռաց.
– Խորեն որտե՞ղ է:
– Գնաց,- ասացի ես:
– Ո՞ւր գնաց,- սարսափահար հարցրեց Սարոյանը:
– Գնա՞մ գտնեմ,- հարցրի ես:
– Հարկավ,- գոռաց Սարոյանը:
Ես դուրս եկա խմբագրի կաբինետից եւ, ինչպես ենթադրում էի, Խորենին գտա Նանսենի սենյակում:
– Խորեն, Սարոյանը քեզ ա կանչում,- ասացի ես:
– Ում ա կանչո՞ւմ,- զարմացավ Նանսենը:
– Խորենին,- ասացի ես:
– Բա ասում ես՝ իրար հետ կռվեցիք,- Խորենին թարս նայեց Նանսենը:
– Կռվեցինք, բայց հետո բարիշեցինք,- ասաց Խորենն ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց.- ինքը բարիշեց:
– Շիրազը ճիշտ ա ասում,- զզվանքով Խորենին նայելով՝ ասաց Նանսենը:
– Ի՞նչն ա ճիշտ ասում,- հարցրեց Խորենը:
– Ճիշտ ա ասում, որ աղվես ես,- ասաց Նանսենը:
– Շիրազը սաղին էլ աղվես ա ասում,- արդարացավ Խորենը:
– Սաղին էլ ասում ա, բայց քո հաշվով լրիվ ճիշտ ա ասում,- ասաց Նանսենը:
– Չհասկացա,- ասաց Խորենը:
– Հետո կբացատրեմ՝ կհասկանաս,- զզվանքով Խորենին նայեց Նանսենը:
– Հետո ե՛ս քեզ կբացատրեմ,- ասաց Խորենը:
– Դու ինձ ի՞նչ պիտի բացատրես, այ հարիֆ,- ասաց Նանսենը:
– Սարոյանը քեզ ա սպասում,- Խորենին ասացի ես:
– Դու աչքովդ չտեսա՞ր, որ Սարոյանն ինքը հետեւիցս գոռաց՝ ինձ կանչեց,- արդարացավ Խորենը:
– Գնանք. քեզ ա սպասում,- ժպտալով ասացի ես:
Երբ մտանք խմբագրի կաբինետ, Սարոյանը Խորենին տեսնելով՝ գրկեց ու համբուրեց:
– Հոս մնա, Խորեն,- ասաց Սարոյանը.- Սաղմոսավանք պիտի երթանք:
– Գառնի-Գեղարդ,- ճշտեց Հրանտը:
– Գառնի-Գեղարդ,- ասաց Սարոյանը:
Հետո Սարոյանը մոտեցավ ինձ ու Ռոլանդին, կռացավ, Ռոլանդի ականջին շշնջաց.
– Աս մարդը խե՞նթ է:
– Խորե՞նը,- հարցրեց Ռոլանդը:
– Շիրազը խե՞նթ է,- հարցրեց Սարոյանն ու ավելացրեց.- լուսամուտի քովն ինձի հարց տվավ, ըսավ՝ մայրը կսիրե՞ս:
– Շիրազն իրա մայրիկին շատ ա  սիրում, վարպետ,- ասաց Ռոլանդը:
– Մայրերուն ամենքս ալ կսիրենք,- զարմացած ասաց Սարոյանը:
– Շիրազն իր մայրիկի մասին բանաստեղծությունների գիրք է գրել,- խոսակցությանը խառնվեցի ես:
– Հա,- ասաց Ռոլանդը.- էդ գրքի բոլոր բանաստեղծություններն իր մայրիկին են նվիրված:
– Շիրազի մայրիկ մեռա՞ծ է,- հարցրեց Սարոյանը:
– Հա,- ասաց Ռոլանդը:- Էդ գիրքն էլ կոչվում ա՝ «Հուշարձան մայրիկիս»:
– Օրիժինալ տապանաքար մոգոնած է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սարոյանը:
– Հա,- ասաց Ռոլանդը:
– Ամփոխչ ոտանավորներ մայրերու մասի՞ն են,- հարցրեց Սարոյանը.- ուրիշ սյուժե չկա՞:
– Ոչ թե ընդհանրապես մայրերի մասին են, այլ անձամբ իր մայրիկի  մասին են,- ասացի ես:
– Ամփո՞խչը,- զարմացած հարցրեց Սարոյանը:
– Հա,- ասաց Ռոլանդը:
– Ղոջա գի՞րք մըն է, չէ նե՝ պզտիկ գրքույկ,- հարցրեց Սարոյանը:
– Ահագին մեծ գիրք ա,- ասաց Ռոլանդը:
– Շիրազ ախպար, քու կենա՛ց,- Շիրազի կողմը շրջվելով՝ անսպասելի գոռաց Սարոյանը:
Շիրազը, որ էդ պահին Հրանտի հետ տաք-տաք վիճում էր, անակնկալի գալով ասաց.
– Իմ կենացն արդեն խմել ենք, Վիլյամ եղբայր. իմ ու Հրանտի կենացն արդեն խմել ենք:
– Մայրերու մասին գրքիդ կենաց, Շիրազ ախպար,- ասաց Սարոյանը, հետո նայեց Ռոլանդին ու հարցրեց.- տապանաքար մայրերո՞ւն:
– Հուշարձան մայրիկիս,- ժպտալով ասաց Ռոլանդը:
– Շիրազի մայրիկի կենաց,- ասաց Սարոյանը:- Մանչերն ըսին, որ Շիրազ ուր մայրիկի համար աղվոր ու ղոջա գիրք մը գրած է:
– Էդ գրքիցս քեզ անպայման կտամ, Վիլյամ եղբայր,- ասաց Շիրազը:
– Ատիկա պզտիկ հորաքրոջս ահագին նվեր կըլլա,- ասաց Սարոյանը:
– Բոլոր մայրերի կենացը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Շիրազը:
– Բախտավոր մայրերու կենաց,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Սարոյանը:- Շիրազի մայրիկի կենաց, որ աղվոր ու ղոջա գրքի արժանացած է: Բախտավոր մեռելներու կենաց:
– Բոլոր մայրերի համար,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Խորենը:
– Հեմինգուեյի կենաց,- Խորենին նայելով՝ գոռաց Սարոյանը:- Հեմինգուեյ նմանապես բախտավոր մեռել մըն է. անիկա բախտավոր է, որ Խորեն ուրան կհիշե: Իմ, Հրանտի ու Շիրազի հետ Սաղմոսավանք կուգա՞ս, Խորեն:
– Գառնի-Գեղարդ,- ասաց Հրանտը:
– Գառնի-Գեղարդ,- ասաց Սարոյանը:
– Եթե հետներդ տանեք, հաճույքով կգամ, վարպետ,- ժպտալով ասաց Խորենը:
– Այ Խորեն, ինքը քեզ չասե՞ց, որ իրան վարպետ չասես,- ժպտալով ասաց Ռոլանդը:
– Բա ի՞նչ ասեմ,- զարմացավ Խորենը:
Սարոյանը խեթ-խեթ նայեց Ռոլանդին, հետո նայեց ինձ ու ժպտալով Ռոլանդին ասաց.
– Կըսես՝ աս մանչը Ռազմիկեն աղվո՞ր գրություն կընե:
– Ռոլանդը կատակ էր անում, վարպետ,- ասացի ես:
– Էդ Ռազմիկը երբվանի՞ց է պոեզիայի չափանիշ դառել,- զարմացած հարցրեց Շիրազը:
– Ամերիկա Հեմինգուեյին ալ կատակով կըսեին թե՝ Սարոյան իրմե աղեկ գրություն կընե, բայց անիկա կատակ չէր հասկնա. ուր սիրտն էդ կատակներեն ահագին կնեղվեր,- ասաց Սարոյանը:
– Բայց Հեմինգուեյի գրվածքներից չես ասի, որ ինքը հումորի զգացողություն չունի,- ասաց Խորենը:
– Հեմինգուեյի թեման հազիվ ենք փակել,- Խորենին խեթ-խեթ նայեց Հրանտը:
– Դուք էլ ե՞ք կարծում, որ Հեմինգուեյը հումորի զգացողություն չունի,- Հրանտին հարցրեց Խորենը:
– Ես ոչ մի բան էլ չեմ կարծում,- նեղսրտած ասաց Հրանտը.- ես ո՞վ եմ, որ որեւէ բան կարծեմ:
– Ի՞նչ ըսել է հումորի զգացողություն,- Խորենին հարցրեց Սարոյանը:
– Հումորը կատակն է,- բացատրեց Խորենը:
– Երբ խոսքը կուգար ուրիշներուն, Հեմինգուեյ շատ աղեկ կատակ կհասկնար,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սարոյանը:
– Վարպետ, ասում են՝ Հեմինգուեյը քո Նոբելյանի հաշվով ահագին խանգարել ա,- ասաց Ռոլանդը:
– Կատա՞կ կընես, չէ նե՝ հումոր,- ժպտալով Ռոլանդին հարցրեց Սարոյանը:
– Լրիվ լուրջ եմ ասում,- ասաց Ռոլանդն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- կարդացել եմ:
– Ուրդե՞ղ,- զարմացավ Սարոյանը:
– Դպրոցական դասագրքում,- փռթկացրեց Հրանտը:
– Մանչերուն ատանկ բանե՞ր կսորվցնին,- ավելի զարմացավ Սարոյանը:
– Ռոլանդենց Աշնակում սովորացնում են,- ժպտաց Հրանտը:
– Վարժապետնե՞ր կսորվցնին,- հարցրեց Սարոյանը:
– Ժուռնալում եմ կարդացել, որ Հեմինգուեյն ա ձեր Նոբելյանին խանգարել,- ասաց Ռոլանդը:
– Էդ հնարավոր բան չի,- ասաց Խորենը.- բամբասանքներ են:
– Նոբելուն հայ ըլլալը կխանգարե,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սարոյանը:
– Պարզ ա,- ասաց Ռաֆիկը:
– Բայց հայ ըլլալը Նոբելեն աղվոր բան է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սարոյանը:
Հանկարծ խմբագրի կառավարական հեռախոսը զնգզնգաց, Ժենյա Ղուկասովնան լսափողը վերցրեց եւ մի քիչ լսելուց հետո ասաց.
– Արդեն ավարտում ենք, ընկեր Համազասպյան:
– Գալիս ե՞ն,- հարցրեց Հրանտը:
– Հա: Տասնհինգ րոպեից էստեղ կլինեն,- ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Մեր երեխաների այս նկարներն ուզում եմ ձեզ նվիրել, վարպետ,- նկարները Սարոյանին մեկնելով՝ ասաց Իգիթյանը:
– Աղվոր նկարներ են, Հենդրիկ,- ասաց Սարոյանն ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.- ասոնք ափսոս չե՞ն, որ ձեր թանգարանեն դուրս կհանիք:
– Ի՞նչ տարբերություն՝ մե՞ր թանգարանում կլինեն, թե՝ ձեր,- ժպտալով ասաց Իգիթյանն ու ժպտալով ավելացրեց.- ձեզ, իհարկե, ամենաքիչը հարյուր տարվա կյանք եմ ցանկանում:
– Մեր տարիք մեզմե կախում չունի, Հենդրիկ,- ասաց Սարոյանը.- տարիքն Աստծո որոշելիքն է:
– Մեր երեխաները շատ լավ են նկարում,- ասաց Ռոլանդը:
– Մանչերը չեն կրնա վատ նկարել,- ասաց Սարոյանն ու Ռոլանդին հարցրեց.- ձեր օֆիսին անունն ի՞նչ է:
– «Ծիծեռնակ»,- ասաց Ռոլանդը:
– Հենդրիկ, եգուր աս աղվոր պատկերներ «Ծիծեռնակի» մանչերուն նվիրենք,- ժպտալով ասաց Սարոյանը:
– Դեմ չեմ,- մի քիչ մտածելուց հետո ճարահատյալ ասաց Իգիթյանը:
– Աս պատկերներ ինձի՞ կպատկանին,- Իգիթյանին հարցրեց Սարոյանը:
– Այո, իհարկե,- ասաց Իգիթյանը:
– Իմ կողմե նվիրենք «Ծիծեռնակի» մանչերուն,- ասաց Սարոյանը:
– Որոշողը դուք եք, մաեստրո,- ասաց Իգիթյանը:
– Գրչակոթ մը բեր, մանչս,- Ռոլանդին ասաց Սարոյանը:
Ռոլանդը ֆլոմաստեր բերեց, Սարոյանը թելադրեց, եւ Ռոլանդը մեկ առ մեկ բոլոր նկարների հետեւներին գրեց հետեւյալ մակագրությունը. «Վիլյամ Սարոյանեն «Ծիծեռնակի» մանչերուն՝ ի պահ», եւ, հիշում եմ, մանչերուն բառի վրա Ռոլանդը բութ չէր դրել, եւ ես Ռոլանդին համոզեցի, ու էդ բութը մանչերուն բառի վրա դրեց:
Երբ էդ նկարները Սարոյանը հանդիսավոր նվիրեց Ժենյա Ղուկասովնային, Սարոյանին մոտեցավ Խաթլամաջյան Սեյրանն ու իր կտավը Սարոյանին մեկնելով ասաց.
– Վարպետ, իմ այս ստեղծագործությունն ուզում եմ ձեզ նվիրել:
Սարոյանը բավական  երկար նայեց կտավին ու ասաց.
– Արշիլ Գորկիեն ու Կանդինսկիեն առավել պայծառ գույներ են:
– Շատ լավ նկար ա, Սեյրան,- ասաց Հրանտը:
– Կհավնի՞ս, Հրանդ,- հարցրեց Սարոյանը:
– Հրաշք գույներ են,- ասաց Հրանտը:- Սեյրանը շռայլ հոգու տեր նկարիչ է:
– Աս նկար ի՞մն է,- Սեյրանին հարցրեց Սարոյանը:
– Իհարկե, վարպետ,- պատասխանեց ու ասաց Սեյրանը:
Սարոյանը նկարը շրջեց, շրջած տվեց Ռոլանդին ու ասաց.
– Գրե, մանչս:
– Ի՞նչ գրեմ,- հարցրեց Ռոլանդը:
– Վիլյամ Սարոյանեն Հրանդ Մաթեւոսյանին,- թելադրեց Սարոյանն ու մի քիչ մտածելուց հետո ժպտալով ավելացրեց.- ի պահ:
Սեյրանն ու Հրանտն ազգային հարցերի հետ կապված լիքը տարաձայնություններ ունեին, եւ, կարող եմ ասել, Սարոյանի անսպասելի արարքն ամենեւին Սեյրանի սրտով չէր,  բայց Սեյրանն անկարող էր որեւէ բան փոխել, որովհետեւ նկարն արդեն Հրանտի ձեռքին էր, եւ Հրանտն իր շնորհակալությունն անմիջապես հայտնեց, ընդ որում՝ ոչ թե Սարոյանին, այլ՝ անձամբ Սեյրանին:
– Շնորհակալ եմ, Սեյրան ջան. միշտ երազել եմ  քեզանից որեւէ նկար ունենալ,- հիացմունքով Սեյրանի  նկարին նայելով՝ ասաց Հրանտը:
– Սարոյանի՛ն շնորհակալություն հայտնի,- դժգոհ փնթփնթաց Սեյրանը:
– Էրկուսիցդ էլ շնորհակալ եմ,- ժպտալով ասաց Հրանտն ու հիացմունքով կտավին նայելով ավելացրեց.- շատ շնորհակալ եմ, որ էս շքեղությունն ինձ տվիք:
– Ի պահ,- ժպտաց Սեյրանը:
– Թեկուզեւ,- ժպտաց Հրանտը:
Հենց էդ պահին խմբագրի կաբինետ ներխուժեց Վահագն Դավթյանի վարորդն ու Հրանտին ասաց.
– Ընկեր Մաթեւոսյան, Վահագն Արմենակիչն ու մյուսները  մեքենաների մեջ ձեզ են սպասում:
– Մյուսներն ովքե՞ր են,- հարցրեց Հրանտը:
– Համազասպյանը, Ռազմիկն ու Զորին,- ասաց վարորդը:
– Լայաղ չարի՞ն էստեղ գան,- հարցրեց Հրանտը:
– Արմենակիչն ասեց, որ ուշանում ենք,- ասաց վարորդը.- Գառնի ու Գեղարդ պիտի էթանք:
– Երթա՞նք, Հրանդ,- հարցրեց Սարոյանը:
– Գնացինք,- ասաց Հրանտը:
– Շիրազ, Խորեն, գացինք,- գոռաց Սարոյանը:
– Ես էլ ե՞մ գալու,- զարմացավ Խորենը:
– Հարկավ,- ասաց Սարոյանը.-  առանց քեզի չի ըլլա:
– Մանչերն ա՞լ կուգան,- ինձ ու Ռոլանդին նայելով՝ Հրանտին հարցրեց Սարոյանը:
– Մենք զբաղված ենք, վարպետ,- ասաց Ռոլանդը:
– Ի՞նչ   ըսել է զբաղված,- Ռոլանդին հարցրեց Սարոյանը:
– Գործեր ունենք,- Հրանտին աչքով անելով՝ Սարոյանին ասաց Ռոլանդը:
– Գործե՞ր,- զարմացավ Սարոյանը:
– Հա,- ծիծաղեց Հրանտը.- մի ժամից Մարկեսին պիտի ընդունեն:
– Ի՞նչ,- չհասկացավ Սարոյանը:
– Գործեր ունեն,- ժպտաց Հրանտը:
– Ի՞նչ գործեր,- հարցրեց Սարոյանը:
– Ջահել տղերք են, հազար ու մի հետաքրքրություն ունեն,- ասաց Հրանտն ու ժպտալով ավելացրեց.- հո ամբողջ օրը մեր պես բիձեքի հետ քարշ չեն գա:
– Հարկավ,- մի քիչ մտածելուց հետո համաձայնվեց Սարոյանը:
Մենք, իհարկե, շատ կուզեինք իրենց հետ գնալ, բայց երկուսս էլ հասկացող եւ, որ ամենակարեւորն էր, աշխատանք ունեցող տղերք էինք եւ հասկանում էինք, որ Սարոյանին ուղեկցողների մեջ ինքնագլուխ խցկվելով՝ կարող էինք անհարմար վիճակի մեջ դնել ոչ միայն ինքներս մեզ, այլեւ՝ Ժենյա Ղուկասովնային:
Ինչեւէ: Սարոյանն ու մյուսները մեզ հրաժեշտ տալով՝ նստեցին Սփյուռքի կոմիտեի երկրորդ «Վոլգան», որի հետեւի լուսամուտից երեւում էին Համալսարանի Խորենի հպարտ գլուխն ու Սեյրանի նկարը, որի պայծառ գույները մեզնից հեռանալով՝ լուծվեցին կեսօրվա արեւի տաք շողերի մեջ:
Նրանց հետեւից ընթանում էր անվտանգության երիտասարդ պահապանների ճերմակ «Ժիգուլին»:
Չնայած իրենց հետ չգնացինք, ես շատ ուրախ էի: Ուրախ էի, որ Խորենին հետները տարան: Ուրախ էի, որ Սարյանի ու Խորենի միջադեպն էդքան գեղեցիկ ձեւով հարթվեց, ու ես ազատվեցի Ժենյա Ղուկասովնայի կշտամբանքներից:
Գառնիում ու Գեղարդում Համազասպյանը Շիրազի չնախատեսված ներկայությանը սիրով համակերպվել էր, իսկ Խորենի ներկայության կապակցությամբ իր անհամաձայնությունը  կտրականապես էր հայտնել, բայց երբ Հրանտը բացատրել էր, որ Շիրազի ու մանավանդ Խորենի մասնակցությունը Սարոյանի բուռն ցանկությունն է եղել, Համազասպյանն ի վերջո համաձայնվել էր, որ Խորենն էդ ամբողջ օրը հետներն անցկացնի ու նույն երեկոյան էլ հետները մասնակցի Վերա Հակոբյանի տանը տրված ճաշկերույթին, ու էդ ճաշկերույթի ամբողջ  ընթացքում Սարոյանը Խորենին իր կողքին էր բազմեցրել, եւ Խորենը շարունակ ու աջուձախ էդ օրվա մանրամասներն էր պատմում՝ մինչեւ էն օրը, երբ ինքն աննկատ պակասեց երեւանյան համայնապատկերից, եւ ոչ ոք չէր հարցնում՝ ուր կորավ Խորենը, որովհետեւ Խորենը Երեւանում ընկերներ ու հարազատներ չուներ, եւ Խորենի կյանքն ու ճակատագիրը ոչ ոքի չէին հետաքրքրում, եւ ես մեկ էլ Խորենին տեսա իննսունչորսին Լոսում, ավելի ճշգրիտ՝ Փասադենայում՝ իմ ու Միլիտոնյան Էդոյի բանաստեղծական երեկոյի ժամանակ, եւ երբ երեկոյի վերջում ինձ ու Էդոյին սկսեցին հարցեր տալ, եւ երբ ճերմակամորուս մեկը ձեռքը բարձրացնելով ձայն խնդրեց ու ոտքի կանգնելով ինձ  հարցրեց թե՝ ի՞նչ կարծիքի եմ Վիլյամ Սարոյանի գրականության մասին, ես մեխանիկորեն իր հարցին պատասխանելով՝ մտածում էի՝ որտեղի՞ց են էդ ճերմակամորուսի դիմագծերն ու ձայնն էդքան ծանոթ, եւ երբ հյուրանոցում Միլիտոնյան Էդոն ինձ ասաց, որ Սարոյանի մասին ինձ հարց տվողը Համալսարանի Խորենն էր, արդեն շատ ուշ էր, եւ արդեն Խորենին տեսնելու հնարավորությունից զրկված էի, որովհետեւ նույնիսկ Սամվել Սեւադան, որ Լոսի հայերին ու հատկապես մտավորական հայերին մեկ առ մեկ ճանաչում է, Համալսարանի Խորենից որեւէ  տեղեկություն չուներ, եւ հեչ պատահական չէր, որ էդ իրիկուն հենց Միլիտոնյան Էդոն հիշելով տեղը բերեց Համալսարանի Խորենին, որովհետեւ Էդոն բացառիկ հիշողություն ունի, եւ առավել ճիշտ ու արդարացի կլիներ, եթե մեր ջահելության տարիների մասին հենց Միլիտոնյան Էդոն էս տեսակ կենսագրական վեպ գրեր, այլ ոչ թե՝ ես, որ Փասադենայի մեր էդ պոեզիայի երեկոյի ժամանակ տեսնելով Համալսարանի Խորենին՝ չճանաչեցի ու տեղը չբերեցի, եւ երբ հյուրանոցի մեր համարում Էդոն ինձ ու Սեւադային իրազեկեց, որ Փասադենայի ռամկավարների սրահում Սարոյանի մասին ինձ հարց տվող ճերմակամորուսը Համալսարանի Խորենն էր, եւ երբ Էդոն էդ մասին մեզ իրազեկելով՝ նաեւ զարմանք հայտնեց առ այն, որ Խորենն ինձ ոչ թե Հեմինգուեյից հարց տվեց, այլ՝ Սարոյանից, ես էդ իրիկուն Լոսի մեքսիկական հյուրանոցի մեր համարում Էդոյին ու Սեւադային ամենայն մանրամասնությամբ պատմեցի յոթանասունութին «Ծիծեռնակում» տեղի ունեցած էն ամբողջ պատմությունը, որ նախորդ էջերում ձեզ համար ամենայն մանրամասնությամբ պատմեցի, եւ չնայած Էդոն ու Սեւադան շատ լավ էին հիշում մեր ջահելության տարիների Խորենին, երկուսն էլ զարմանալիորեն տեղյակ չէին յոթանասունութին «Ծիծեռնակում» տեղի ունեցած էդ պատմությունից, եւ հատկապես զարմանալի էր, որ Էդոյին էր էդ պատմությունն անծանոթ, որովհետեւ «Ծիծեռնակի» էդ պատմությունից հետո Ռոլանդն ու ես ամենուր ու աջուձախ պատմում էինք Սարոյանի հետ էդ բացառիկ հանդիպումը՝ շեշտելով հատկապես էն հանգամանքը, որ մենք յոթանասունութին չկարողանալով  ներկա գտնվել Գրողների միությունում ու Համալսարանում տեղի ունեցած հանդիպումներին, այնուամենայնիվ, Ռոլանդի շնորհիվ բախտ ունեցանք մեր իսկ հյուրընկալ «Ծիծեռնակում» հյուրընկալել մեծն Սարոյանին, եւ էդ պատմությունն ամենայն մանրամասնությամբ նախ Էդոյին ու Սեւադային, իսկ հիմա նաեւ ձեզ պատմելով՝ պարտավոր եմ շարունակել ու ավարտել այն:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Գլուխ չորրորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել