Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԼՈՎԱԿԻԱՆ ԿՐԿԻՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ

Հոկտեմբեր 22,2011 00:00

Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ու Սլովակիայի ֆուտբոլային ճանապարհները կրկին խաչվեցին: Վարազդատ Ավետիսյանը հավաքում ընդգրկել էր 23 ֆուտբոլիստների, որոնք հիմնականում ներկայացնում են Հայաստանի առաջնությունը: Լեգեոներներից մեր թիմը համալրել են ռուսական «Ուրալն» ու «Տորպեդոն» ներկայացնող Էդուարդ Թաթոյանն ու Հայկ Ղազարյանը, ինչպես նաեւ՝ լեհական բարձրագույն խմբի «Լոձի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Մինչդեռ սլովակների կազմում ընդգրկված էին «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Տվենտե» ակումբները ներկայացնող ֆուտբոլիստներ: Զարմանալի չէ, որ բուքմեյքերական գրասենյակները մինչ հանդիպման մեկնարկը նախապատվությունը տալիս էին սլովակներին: Սակայն այս էլ որերորդ անգամ հայ-սլովակյան հակամարտությունը բուքմեյքերների սպասելիքները չարդարացրեց: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում ընդամենը հինգ րոպեի ընթացքում երկու գնդակ անցկացրեց մրցակցի դարպասը, որին ի պատասխան՝ ֆորմալ տանտեր համարվող սլովակները երկրորդ խաղակեսում միայն մեկ պահ կարողացան իրագործել՝ 71-րդ րոպեին կրճատելով հաշվի տարբերությունը: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ ողջ հանդիպման ընթացքում բարձրահասակ սլովակները բավական ակտիվ ու վտանգավոր էին գործում ու քանիցս գոլային պահեր ստեղծեցին Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասի մոտ: Ուստի զարմանալի չէ, որ հետխաղյա մամուլի ասուլիսում երկու թիմերի մարզիչներն էլ շատ գոհ չէին իրենց թիմերի ցուցադրած ֆուտբոլից:
Վարազդատ Ավետիսյանը նշեց, որ խաղից սպասելիքները ավելի մեծ էին. «Գնդակով պլանավորածից քիչ խաղացինք: Հակառակորդը թույլ չէր տալիս ավելի շատ տիրել գնդակին, պրեսինգի էր դիմում»,- ասաց մեր մարզիչը, իսկ Պետեր Գերգելին նկատեց, որ Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը իրենց սխալի արդյունքն էր, ու հաշիվն առանձնապես չի համապատասխանում դաշտում ծավալված իրադարձություններին. «Հայաստանը խփեց երկու գոլ, իսկ մենք երեք լավ պահ ունեինք: Կարծում եմ՝ ոչ-ոքին կլիներ լավագույն արդյունքը»,- եզրակացրեց Գերգելին: Սլովակների մարզիչը նշեց նաեւ, որ խմբի ֆավորիտ է համարում Հունաստանի ընտրանուն: Հենց հույների հետ էլ վաղը, ժամը 16:00-ին, Հանրապետական մարզադաշտում կմրցի մեր հավաքականը:
Ի դեպ, ընտրական խմբային մրցաշարի մեկնարկային խաղում հույները «Միկա» մարզադաշտում 10:0 անհավանական հաշվով ջախջախեցին Անդորրայի հավաքականին: Այսինքն՝ մերոնց հեշտ խաղ չի սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել