Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի մանկավարժի լեգենդար սանը

Հոկտեմբեր 22,2011 00:00

Պինկաս Ցուկերմանը հանդես կգա Հայաստանում՝  իբրեւ մենակատար

Երեկ հրավիրված ասուլիսում «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 26-ին կայանալիք իրադարձության՝ լեգենդար ջութակահար Պինկաս Ցուկերմանի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի մասին:
Բանախոսը հայտնեց, որ ստեղծագործական 45 տարիների ընթացքում վիրտուոզ երաժիշտն արժանացել է միջազգային ամենահեղինակավոր մրցանակների, ընդգծելով, որ ջութակահարի 100-ից ավելի ձայնագրություններից 21-ը նոմինացվել են, իսկ 2-ը արժանացել «Գրեմմի» մրցանակի: «Առավոտի» ռեպլիկին, թե սա մեծանուն արվեստագետի երկրորդ այցն է Հայաստան, Ս. Ռոստոմյանը արձագանքեց, ասելով. «Որպես ակտիվ կամերային երաժիշտ՝ Ցուկերմանը հանդես է եկել մեծանուն Դանիել Բարենբոյմի, Վրադիմիր Աշկենազիի, «Օրիոն», «Տոկիո» լարային քառյակների եւ այլոց հետ, 2003-ից էլ հեղինակավոր համերգասրահներում ու փառատոներում ելույթ է ունենում իր հիմնած Zukerman Chamber Players անսամբլի հետ: Վերջինիս հետ Երեւանում 2010-ին Ցուկերմանը հանդես եկավ որպես կամերային երաժիշտ»: Շարունակելով խոսքը՝ Ս. Ռոստոմյանը նշեց, որ վերջին տարիներին ջութակահարը հազվադեպ է հանդես գալիս իբրեւ մենակատար: Նա ասաց, որ դժվար էր նրան այդ «կարգավիճակում» Երեւան հրավիրելը: Հավելեց նաեւ. «30-35 տարի լինելով Ֆիլհարմոնիկի կողքին՝ կարող եմ հայտարարել, որ այսօր նվագախումբը իսկապես իր մակարդակով չի զիջում արեւմտյան հեղինակավոր կոլեկտիվներին, եւ սա է պատճառը, որ «Երեւանյան հեռանկարների» հրավերով Երեւան հյուրախաղերի եկած իրական աստղերը հենց այս նվագախմբի հետ են բեմ դուրս գալիս»: Հասկանալի պատճառներով Ցուկերմանը Երեւան կժամանի հենց համերգի օրը, եւ նրան հնարավորություն չենք ունենա ուղղել մեր հարցը Ջուլիարդի դպրոցի հայազգի մանկավարժ Իվան Գալամյանի մասին, ում մոտ Ցուկերմանն ուսանել է 1960-ականների սկզբներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել