Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտրվածները» կրկին փորձեցին

Հոկտեմբեր 22,2011 00:00

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննությունները շարունակվում են

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում հոկտեմբերի 21-29-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններ են անցկացվելու: Երեկ ներկա էր նաեւ «Առավոտը»: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վահե Բավեյանը, 339 հայտերից 149-ը նախորդ փուլում հավաստագրման քննությունը ձախողած «տնօրենացուներն» են: Երեկվա բանավոր քննությունը հանձնելու ընթացքում միջանցքում հավաքվածները, որոնցից շատերը եկել էին բարոյապես աջակցելու, նյարդայնացած էին, խոսել, առավել եւս՝ ձայնագրվել չցանկացան. մինչեւ վերջին վայրկյանը փորձում էին «սերտել» հսկա հարցաշարը: Արմավիրի մարզից մի «տնօրենացու» 2-րդ անգամ չէր կարողացել հաղթահարել թեստային գրավոր փուլը: Վերջինս ցանկություն հայտնեց խոսել միայն առանց ձայնագրիչի, ասաց. «1000 տարվա ՀՀԿ-ական եմ, հետո խնդիրներ կունենամ: 20 տարվա տնօրեն եմ, ասում են՝ «պտիչկան» սխալ ես դրել, «գեստապոյի» նման երկու ջահել կողքերդ ման են գալիս, մեկին նայում ես, ասում են՝ մի շրջվիր, էս ի՞նչ բան է, մարդուն հոգեբանորեն ճնշում են»: Երեկ քննություն հանձնողներից բացակա էր 3 «տնօրենացու»: 53 մասնակիցներից 16-ը «կտրվեց» հենց առաջին փուլից: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ հավաստագրման այս քննությունը նախորդ փուլերից ոչնչով չի տարբերվում, այն անցկացվում է համապատասխան կարգի համաձայն՝ թեստային եւ բանավոր համակարգով: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «կտրվածներն» այս անգամ ավելի շատ են: «Բաներ կան, որ տնօրենը պարտադիր պետք է իմանա, բայց չգիտի: Օրինակ՝ մասնակից կար, որ բացարձակ չէր տիրապետում դպրոցի ֆինանսավորման բանաձեւին»,- փաստեց Բավեյանը: Երեկվա քննություն հանձնողների մեջ էր նաեւ Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ՀՀԿ անդամ Էլեոնորա Թումանյանը, ով այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի 3 հավակնորդներից մեկն է: Հիշեցնենք, որ հավակնորդներից մեկը՝ դպրոցի փոխտնօրեն Լիանա Ավագյանը պնդում էր, թե Է. Թումանյանի գալով, դպրոցում վիճակը վատթարացել է («Առավոտ», 20 հոկտեմբերի, «Մեր դպրոցը շուկայի ֆիլիալ էլ չէ»): Ի դեպ, Է. Թումանյանը լավ պատասխանեց բանավոր հարցերին, եւ հանձնաժողովը, ի տարբերություն մյուսների, նրան լրացուցիչ հարցեր չուղղեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել