Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՍԻՑ՝ ՍԱՏԱՆԱ, ԴՐՍԻՑ՝ ՔԱՀԱՆԱ

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"

«Regnum» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների 14-րդ համաժողովում ԱՊՀ եւ բալթյան երկրների ԱՕԿ-ների ասոցիացիայի քարտուղար, Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Յուրեւը հայտարարել է, թե ասոցիացիայի անդամ երկրները միջազգային մարզական հասարակայնության շրջանում հեղինակության շուրջ դրական վերաբերմունք ստեղծելուն աջակցելու նպատակով կարող են աջակցել եւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրության հարցում սատարել Բաքվին: Այդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվելու համար պայքարում են նաեւ Մադրիդը, Հռոմը, Տոկիոն, Ստամբուլը եւ Դոհան:
Թե Բաքվին սատարելու հարցում իրականում ի՞նչ է որոշվել, մենք չգիտենք: «Dey.az»-ը գրում է, որ համաժողովին չեն մասնակցել Հայաստանը եւ Վրաստանը: Վերջինը դուրս է եկել ԱՊՀ կազմից, իսկ Հայաստանը, մեր ունեցած տեղեկություններով, չի էլ հրավիրվել: Անկախ ամեն ինչից, վստահ ենք, որ Հայաստանն այդ ակցիային չի միանա՝ դրա համար հիմնավոր պատճառներ ունենալով: Մոռանալո՞ւ բան են այն պայմաններն ու թշնամական վերաբերմունքը, որոնցում տարբեր ժամանակներում գտնվել են մեր մարզական՝ ըմբշամարտի եւ բռնցքամարտի պատվիրակությունները, որ պարտադրված են եղել հանդես գալ հարեւան հանրապետությունում անցկացված աշխարհի առաջնություններում: Միայն այն, որ Բաքվի ճանապարհին, ինքնաթիռից սկսած, նրանք հարձակումներից պաշտպանվելու համար վերցվել են հատուկ ծառայությունների առանձնահատուկ խիստ հսկողության տակ ու պահվել աշխարհից մեկուսացված, արդեն իսկ ամեն ինչ ասում է: Էլ չենք խոսում բուն մրցավայրերում եւ դրանց շրջակայքում հանդիսականի վայրենի ոտնձգությունների մասին: Մի կարեւոր հանգամանք էլ: Հարեւան երկրում մերոնք փոքրաթիվ կազմով մասնակցել են ընդամենը մեկ մարզաձեւի աշխարհի առաջնության: Ու անգամ այդ դեպքում էլ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները չեն կարողացել լիարժեք ապահովել նրանց անվտանգությունը՝ հատկապես դահլիճներում: Ավելին, բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ մեր պատվիրակության հետ կալանավորի կարգավիճակում է եղել նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականը: Եվ միայն այն բանի համար, որ այդ երկրի դրոշի ներքո հանդես էին գալիս Դավիթ Հայրապետյանն ու ազգությամբ եզդի Միշա Ալոյանը: Իսկ թե ադրբեջանցի հանդիսականն իրեն ինչպե՞ս է պահել ռինգ մտած «յանով» վերջացող ազգանունով ցանկացած բռնցքամարտիկի հանդեպ (Հայաստանի ներկայացուցիչների մասին էլ չենք խոսում), աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Միշա Ալոյանը «բարի համբավ վայելող» Բաքվից մի կերպ անվնաս դուրս գալուց հետո պատմել է բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:
Դրան հակառակ, հարեւան հանրապետության ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամները Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնության օրերին ոչ միայն ընդհանուր հիմունքներով բնակվում էին «Կոնգրես» հյուրանոցում, այլեւ հանգիստ շրջում էին մայրաքաղաքում, իսկ երեկոները Հանրապետության հրապարակում ժողովրդի մեջ հանգիստ վայելում երգող շատրվանների հաճույքը:
Եթե Բաքվի համաժողովում իսկապես որոշվել է սատարել Բաքվին, ապա կողմ քվեարկողներն ինչպե՞ս են պատկերացնում հենց Հայաստանի օլիմպիականների մասնակցությունը 2020-ի օլիմպիական խաղերին: Մանավանդ որ, դա համալիր մրցում է ու մարզիկները միաժամանակ հանդես են գալու տարբեր մրցասպարեզներում: Նրանք պատրաստ կլինե՞ն ստանձնել մերոնց անվտանգության երաշխավորի դերը եւ, Աստված մի արասցե, մի բան լինելու դեպքում պատասխանատվություն կրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել