Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը պետք է բեռնաթափել համալսարանական թոհուբոհից

Հոկտեմբեր 22,2011 00:00

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնադրումը Երեւանի կենտրոնում արդարացված էր նախորդ դարաշրջանի կեսերին, սակայն այն ներկայումս պատուհաս է դարձել թե ուսանողների, թե  քաղաքային իշխանությունների համար:

Երեւանի կենտրոնը համալսարանական դասաժամերին «շնչահեղձ» է լինում քաղաքամերձ շրջաններից ժամանող ուսանողության զանգվածներից: Տարօրինակն այն է, որ տասնամյակներ առաջ կառուցված բուհերը չեն ընդլայնում սպասարկող ենթակառուցվածքները (լսարանային ֆոնդ, ավտոկայանատեղեր, սննդի կետեր եւ այլն), սակայն տարեցտարի ընդլայնում են ուսանողների թվաքանակը: Եվ պատահական չէ, որ ներկայիս համալսարանական ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, եւ պատճառը ոչ այնքան ֆինանսական ռեսուրսների սղությունն է, որքան «կենտրոնամանիան», որը համակել է մեզ: Ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ բուհերում ներկայումս իրականացվող փոքրածավալ ֆինանսական ներդրումները արդյունավետ չեն գնահատվում, քանի որ Երեւանի կենտրոնում խտացած հնաոճ համալսարանական կառույցները արդիականացման առումով սահմանափակ հնարավորություններ ունեն:

Աշխարհի բոլոր առաջավոր համալսարանները զբաղեցնելով հսկայական հեկտարներ, գործում են մայրաքաղաքներից դուրս. իրենց ուսանողական ավաններով, սպորտային բացօթյա համալիրներով, առեւտրի եւ կենցաղային կենտրոններով, որը չես տեսնի ոչ մի երեւանյան բուհում: Կարծում եմ, որ ժամանակն է մտածել Երեւանի կենտրոնը համալսարաններից բեռնաթափելու մասին, որը կրթության կառավարման բարելավումից բացի, լուծում է հանրապետությունում տարածքների տնտեսական համահարթեցման շատ խնդիրներ: Շուրջ մեկ տասնամյակ գործում է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը, սակայն այն դեռեւս ի զորու չէ համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու, քանի որ քաղաքամայր Երեւանի եւ համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ դեռեւս առկա է հսկայական տարբերություն:

Կարծում եմ, որ երեւանյան բուհերի աստիճանաբար «տեղահանումը» եւ տեղաբաշխումը հանրապետության տարբեր շրջաններում՝ էապես կնպաստի ֆինանսական համահարթեցման գործընթացին: Նախ, բուհերը հանդես գալով խոշոր հարկատուներ, իրենց գործունեությամբ կհամալրեն համայնքային բյուջեները: Իր հերթին, մեծաքանակ ուսանողների առկայությունը կաշխուժացնի առեւտուրը համայնքներում, նոր թափ կհաղորդի կենցաղսպասարկման ոլորտի զարգացմանը: Խոշոր բուհերի գործունեությունը հանրապետության տարբեր տարածաշրջաններում կլուծի նաեւ միգրացիոն հիմնահարցեր: Գյուղաբնակ շրջանավարտները չեն ձգտի մայրաքաղաք, իսկ շրջաններից մայրաքաղաք մեկնած եւ կրթություն ստացած պրոֆեսորադասախոսական անձնակազմը աշխատանքի կանցնի իր իսկ ծննդավայրում, շրջանցելով Երեւանում համեմատաբար թանկարժեք ապրուստի պայմաններ ստեղծելու հիմնախնդիրները:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ տվյալ գաղափարն անիրագործելի է, սակայն ինքս համոզված եմ, որ այն կիրականանա տեսանելի ապագայում՝ մի շարք ծրագրային հարցերի լուծումով եւ հետեւողական աշխատանքով: Առաջին հերթին բուհերը պետք է մեծածավալ ֆինանսական ռեսուրսներ տրամադրեն հանրապետությունով մեկ ներկայումս սփռված իրենց մասնաճյուղերի զարգացմանը, որպեսզի աստիճանաբար «դիրքավորվեն» համայնքային կրթական շուկայում: Այնուհետեւ, հետեւողականորեն հրաժարվեն «մեկ մասնագիտությամբ» կրթական ծառայություններից (մանկավարժական, տնտեսագիտական, ճարտարագիտական) եւ ընդլայնեն բազմաոլորտ մասնագիտությունների թողարկման շրջանակը, որը հատուկ է դասական համալսարաններին: Այն հնարավորություն կստեղծի մարզային մեկ համալսարանի շրջանակներում պատրաստել բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ եւ բազում այլ մասնագիտություններ, դրանով իսկ կանխելով տարածաշրջանի դասախոսների եւ ուսանողների հոսքը մայրաքաղաք: Բացի այդ, բազմապրոֆիլ մասնագիտությունների թողարկումով կձեւավորվեն խոշոր մարզային համալսարանական միավորումներ (օրինակ` Սյունիքի, Տավուշի, Լոռվա, Արմավիրի եւ այլն), որով էապես կկրճատվեն կրթական ծառայությունների ծախսերը եւ կբարելավվի կրթության որակի վերահսկողությունը: Այն կկանխի նաեւ գյուղական համայնքների «ծերացման գործընթացը», երիտասարդները կսովորեն եւ աշխատանք կփնտրեն իրենց հայրենի մարզերում: Չէ՞ որ համալսարանների բազմահազարանոց ուսանողության կրթական եւ կենցաղային հոգսերի բավարարումը կենթադրի նաեւ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում:

Համոզված եմ, որ կշահեն այն համալսարանները, որոնք այսօրվանից ձեռնամուխ կլինեն հանրապետության տարածաշրջաններում իրենց դիրքավորման ու զարգացման ծրագրերի իրականացմանը: Այլապես վաղն արդեն ուշ կլինի, քանի որ Երեւանի կենտրոնը «շնչահեղձ է լինում» համալսարանական թոհուբոհից եւ չկա երաշխիք, որ մոտ ապագայում բուհական ցանցի նման կենտրոնացումը ժամանակի պահանջներից ելնելով կարող է կանխարգելիչ դեր խաղալ համալսարանական գործունեության զարգացման գործընթացում:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31