Լրահոս
Օրվա լրահոսը

«Նռան հատիկը» մեկնարկեց

Հոկտեմբեր 22,2011 00:00

Փառատոնն ընդլայնում է աշխարհագրությունը

«Նռան հատիկ-2011» մանկապատանեկան թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 24-29-ը: Այս մասին երեկ մշակույթի նախարարությունում հայտնեցին կազմակերպիչները: Փառատոնը նվիրվում է անկախության 20-րդ ամյակին: Փառատոնին մասնակցելու է 35 թատերախումբ. 1-ը՝ Իրանի Թեհրան քաղաքից, 1-ը՝ Վրաստանի մայրաքաղաքից, 13-ը՝ ՀՀ մարզերից, 17-ը՝ Երեւանից: Փառատոնը  ստեղծվել է 2011թ.՝ «Նախաբեմ» կրթամշակությաին ասոցիացիայի կողմից:
«Նախաբեմի» պատվավոր նախագահ Երվանդ Մանարյանն իր խոսքում նշեց. «Մեր իրականության մեջ բացառիկ են այն երեւույթները, որոնք հարատեւություն ունեն, շատ գեղեցիկ բաներ են ծնվում եւ շատ շուտ էլ շարքից դուրս գալիս: Այս դեպքում, երեւի, բոլորիս մոտ այն զգացողությունն է, որ սա կարեւոր նախաձեռնություն է: Սիրում ենք թատրոնը, թեեւ մեր թատերական իրողություններին նայելով՝ դժվար է դա հաստատելը»:  «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանն էլ իմացել է, որ Բուլղարիայից թատերական խումբ 30 տարի առաջ է եկել, ուրախ է, որ այս տարի «Նռան հատիկի» շրջանակներում այդ երկրից հայկական  թատերախումբ լինելու է: Պարոն Ղազարյանը ցավում է, որ մարզից եկած երեխաները մնալու տեղ չունենալու պատճառով երկար ժամանակ չեն կարողանում իրար հետ շփվել, փառատոնի ժամանակահատվածն էլ հիմա է ընտրված, որովհետեւ դպրոցականների համար աշնանային արձակուրդ է:
Էջմիածին քաղաքի «Ընծա» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Բաբախանյանի համար այս փառատոնը վարակիչ է. «Պատկերացրեք՝ հարյուր-հազարավոր երեխաներ ապրում են թատրոնով: Մեկ տարի երեխաները պատրաստվում են այդ տոնին: Դպրոցի մանկավարժներն էլ են ասում, թե այն կորիզը, որ թատերախումբն է պատրաստում՝ նաեւ դպրոցի սիրտն է»: Ըստ նրա՝ մեր արժեքային համակարգն այնքան էլ խաթարված չէ. «Արժեքը այն 14 տարեկան պատանին է, որը չի ամաչում բեմ բարձրանալ, մնացածների համար էլ լավ օրինակ է ծառայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել