Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻՆ «ԿԿՐԹԵՆ»

Հոկտեմբեր 22,2011 00:00

Երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Երիտասարդ վերականգնողների աշնան ուսումնական դպրոցի» բացումը: Ծրագրի կազմակերպիչ Աշոտ Փիլիպոսայնը նշեց, որ նախկինում մի շարք երկրներում անցկացվել է «Երիտասարդ հնագետների դպրոց» ծրագիրը, այդ իսկ պատճառով Հուշարձանների վերականգնման կենտրոնն այս տարի որոշեց կազմակերպել հուշարձանների վերականգնման վերաբերյալ դասընթացներ: «Հուշարձաններ ասելով նկատի ունեմ ե՛ւ շարժական, ե՛ւ անշարժ հուշարձաններ, այսինքն՝ աշխատանքներ են իրականացվելու, որոնք կապված են կերամիկայի, խեցեղենի, նկարների, որմնանկարների վերականգնման հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մի քանի օրվա մեջ մասնակիցները չեն կարող յուրացնել ամբողջը, սակայն սա փորձի փոխանակման հնարավորություն կտա երիտասարդ մասնագետներին»:
Ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մասնագետներ՝ Բելառուսից, Ուկրաինայից եւ Մոլդովայից: Նրանք մինչեւ հոկտեմբերի 29-ը կանցկացնեն դասընթացներ՝ նկարների մաքրման, վերականգնման, ամրակայման, հուշարձանների պեղման եւ նախնական ամրակայման աշխատանքների վերաբերյալ: 9 մասնակից ԱՊՀ անդամ երկրներից եւ 10 մասնակից Հայաստանից հնարավորություն կունենան ստանալ տեսական գիտելիքներ: Դասընթացներին զուգընթաց՝ կազմակերպվելու են նաեւ այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Խոր Վիրապ վանական համալիր, Գառնի, Գեղարդ, Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանական համալիր եւ այլ հնագիտական վայրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել