Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականը ուսուցիչներ կվերապատրաստի

Հոկտեմբեր 22,2011 00:00

Այս օրերին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի 11 փորձագետներ, որոնք աշխատում են իրենց հայ 47 գործընկերների հետ: Նրանցից 35 -ը Մանկավարժական համալսարանի դասախոսներ են, մյուսը` 12-ը, ՀՀ բարձրագույն ուսումնական տարբեր հաստատությունների:
Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարության ծրագրերի իրականացման գործակալության հետ միասին մշակվել էր ծրագիր, ըստ որի՝ ՀՊՄՀ-ն ստացել է հնարավորություն` ընտրելու գործընկեր, եւ այդ գործընկերը դարձել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանը: Այն հայտնի է որպես ոչ միայն Ֆինլանդիայի, այլեւ Եվրոպայի լավագույն մանկավարժական կադրեր պատրաստող բուհերից մեկը:
Ֆինն մասնագետները տեղացի փորձագետներին են փոխանցում այն փորձը, որ այս պահին մանկավարժական կրթության տեսակետից պահանջվում է եվրոպական չափանիշներով: 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հունվարը նախատեսված ծրագրի ընթացքում պարբերաբար հանդիպումներ կլինեն, գաղափարներ ու ծրագրեր կմշակվեն: Նախատեսված է բարեփոխել ոչ միայն բուն ուսումնական գործընթացը, գիտաուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, այլեւ ՀՊՄՀ կառավարման համակարգը, ֆինանսական, ռեսուրսային, նյութատեխնիկական, ստեղծվելու է կարիերայի կենտրոն, ավելի խորքային է ուսումնասիրվելու որակի ապահովման գործընթացը: Հայ մասնագետների վերապատրաստման արդյունքում ՀՊՄՀ-ն պետք է դառնա առաջնային բուհ՝ ուսուցիչների որակավորման եւ վերապատրաստման հարցերում:
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած առաջին փուլի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 21-ին: Ֆինն փորձագետների երկրորդ այցը նախատեսվում է 2011թ. դեկտեմբերին: Հայ մասնագետները համապատասխան թրենինգներն անցնելուց հետո իրենք կդառնան տեղական փորձագետներ եւ կարող են իրենց աշխատանքով ներդրում ունենալ տարբեր բուհերում եվրոպական չափանիշների ներմուծման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել