Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է»

Հոկտեմբեր 22,2011 00:00

Ճանաչված դաշնակահար Վազգեն Վարդանյանը  վերջապես հանդիպեց հայ ունկնդրի հետ

\"\"
Վազգեն Վարդանյանն ու Էդվարդ Միրզոյանը՝
մենահամերգից հետո:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 24-ին ընդգրկուն ծրագրով կավարտվի «Վերադարձի» 5-րդ փառատոնը, որի ժամանակ այլ երաժիշտների թվում հանդես կգա նաեւ ճանաչված դաշնակահար, ծնունդով Մոսկվայից, Սլովենիայում ստեղծագործող Վազգեն Վարդանյանը: «Առավոտը» հանդիպեց երաժշտի հետ՝ հաշվի առնելով հիշյալ փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 19-ին կայացած նրա մենահամերգի մասին մասնագետների, մասնավորաբար՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիացական կարծիքները, նաեւ ճշտելու որոշ լուրեր, ինչպես, օրինակ, այն, իբր մայիսին դաշնակահարը Երեւանում մենահամերգ է ունեցել ծանոթների եւ հարազատների համար:
Վ. Վարդանյանը թեեւ ասաց, որ իրեն հաճելի չէ այդ մասին խոսելը, բայց հաստատեց վերջին լուրը, մանրամասնելով, որ մենահամերգին ներկա են եղել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Էդվարդ Միրզոյանը, Գայանե Գեղամյանը, Ալեքսանդր Մանուկյանը, Արմեն Բաբախանյանը, մենեջեր Նիկա Բաբայանը եւ իր հարազատները. «Ցավում եմ, որ առաջին հանդիպումը հայ երաժշտասերի հետ, փաստորեն, գարնանը չկայացավ ոչ թե կազմակերպչի վատ աշխատանքի, այլ պարզապես նրա անգործության պատճառով՝ չկար հայտագիր, նույնիսկ ռոյալը լարած չէր…»: Հարցին, թե Արեւմուտքում ցանկալի հյուրը նման դեպքից հետո ինչպե՞ս համաձայնեց մասնակցելու «Վերադարձի» փառատոնին, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանը հայրենիքս է: Կա մի հանգամանք եւս՝ հրավիրող կողմի թեկուզեւ հեռախոսային բանակցությունը: Այս անգամ բոլորովին այլ էր փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանի եւ Գարիկ Նազարյանի կիրթ, նաեւ պրոֆեսիոնալ վերաբերմունքը»:
Մեր զրուցակիցը այս այցին հասցնելով շփվել թե երեւանցիների եւ թե մայրաքաղաքային մշակութային կյանքի հետ, եկել է հետեւյալ եզրահանգման. «Միայն այն փաստը, որ երեւանյան մշակութային կյանքը այս աստիճան բարձրակարգ է (նկատի ունի հյուրախաղերի եկած հռչակավոր երաժիշտներին- Ս. Դ.), իսկապես ապագան հուսադրող է: Այս առումով Երեւանի եւ Արեւմուտքի շատ քաղաքների միջեւ կարելի է տանել զուգահեռներ: Մյուս կողմից՝ ճիշտ է, եվրոպական քաղաքներում, օրինակ, թեեւ տրամվայներն աշխատում են վայրկյանի ճշգրտությամբ, սակայն նրանց մոտ էլ մշակույթ չկա այլ ոլորտներում…»:
Միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկրից ճշտեցինք նաեւ, թե ինչքանո՞վ է հավաստի այն, որ եղել է մեկ մրցույթ, որտեղ ունեցել է անհաջողություն: Վ. Վարդանյանն ասաց հետեւյալը. «Ժամանակին Ցյուրիխում կայացած մրցույթում ես չանցա եզրափակիչ, թեեւ կարծում եմ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Դորենսկու խոսքը ամեն ինչ ասում է` Վարդանյանը բեմի համար է, ոչ թե մրցույթի: Ասեմ ավելին, արեւմտյան որոշ լրատվամիջոցներ գրում են այն, ինչն իրենց այդ պահին ձեռնտու է: Օրինակ, մի առիթով ներկայացնելով իմ նվագի «բարեմասնությունները», չգիտես ինչու, շեշտել էին, թե Մոցարտ նվագելը Վարդանյանի համար չէ, նրա մոտ պակասում է մոցարտյան ոճը: Եվ սա այն դեպքում, երբ մոցարտյան իմ կատարումների մասին բարձր կարծիք են հայտնել Վլադիմիր Կրայնեւն ու Կոնստանտին Օրբելյանը»: Իսկ թե ինչու երեւանյան մենահամերգում ներկայացրած ծրագրում չկա եւ ոչ մի հայ կոմպոզիտորի գործ, դաշնակահարն ասաց. «Ճիշտն ասած, ինձ այնքան էլ մոտ չեն ժամանակակից հեղինակների երկերը, սակայն առաջարկի դեպքում չի բացառվում դրանց անդրադառնալը»:
Զրույցի ավարտին հանրահայտ երաժիշտներ Վալերի Գերգիեւի, Յուրի Բաշմետի, Նիկոլայ Պետրովի, Կոնստանտին Օրբելյանի եւ այլոց հետ համագործակցող դաշնակահարը ցանկություն հայտնեց առաջիկայում համերգաշար եւ վարպետության դասեր անցկացնել Երեւանում ու մարզերում, ինչպես նաեւ Արցախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել