Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցի ջութակահարը կապանցիներին խոստում է տվել

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"Հայտնի ու տաղանդավոր ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ 25-ամյա Հրաչյա Ավանեսյանը անցած շաբաթ Կապանում էր եւ կրկին այն բեմում, որտեղ առաջին անգամ` 9 տարեկան հասակում է մենահամերգ  ունեցել:
Ծնվել է Գյումրիում, սակայն արմատներով Կապանից է:
Առաջին մենահամերգից 16 տարի անց Կապանի արվեստի պետական քոլեջի նույն բեմում կայացավ Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը: Այս քոլեջի շրջանավարտ է նաեւ Հրաչյայի հայրը՝ Սամվել Ավանեսյանը:
«Վերջին անգամ Կապանում եղել էի 2001 թվականին, բայց փոքր հասակում հաճախակի էի գալիս: Մենահամերգով այստեղ գալ չէինք պլանավորել, համերգներով Երեւանում էի եւ իմ առաջին ազատ օրը եկա Կապան: Հանդիպել եմ բոլոր հարազատներիս, բարեկամներիս եւ ծանոթներիս: Հետո կշրջեմ քաղաքով, քանի որ ուզում եմ տեսնել՝ ինչ փոփոխություններ են եղել իմ երկար բացակայության ընթացքում»,- ասել է Հրաչյա Ավանեսյանը:
Համերգից առաջ իր երկրպագուների հետ զրույցի ժամանակ Հրաչյան ասաց, որ շախմատի սիրահար է, տիրապետում է 5 լեզուների, սիրում է ջազ, ռոք: Նպատակ ունի հետագայում Հայաստանում երաժշտական դպրոց բացել, որտեղ երկար ժամանակով դասավանդելու կգան արտասահմանի լավագույն մասնագետները:
Առաջիկա ամիսներին Հրաչյա Ավանեսյանը համերգներով հանդես կգա Դանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում: Հավանական է, որ առաջիկայում Հրաչյա Ավանեսյանը ստանա Բելգիայի քաղաքացիություն, սակայն չի պատրաստվում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Խոսելով հայկական բանակում ծառայելու սահմանադրական պարտականության եւ կառավարության որոշմամբ իր՝ բանակից ազատման խնդրի մասին, Հրաչյան նշեց, որ հուսով է՝ մեկ տարի հետո էլ կառավարությունն ըմբռնումով կմոտենա իր համար շատ կարեւոր հարցին:
Հրաչյան կապանցիներին խոստացավ, որ Կապանում իր մենահամերգները երկար ընդմիջումներով չեն լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել