Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվառվել են, բայց կա անտարբերություն

Հոկտեմբեր 22,2011 00:00

Այս օրերին Սյունիքի մարզի բնակիչների ամենօրյա հյուրերը հաշվարարներն էին, ովքեր մարդահամարի անցկացման նպատակով անցնում էին տնետուն, զրուցում հասցեատերերի հետ, լրացնում 33 հարցից բաղկացած հարցաթերթիկը: Մարզում գործում է մարդահամարի 10 տեղամաս:
Ու թեեւ պատասխանատուները պնդում են, որ Սյունիքում լուրջ դժվարություններ, հաշվառումից հրաժարվողներ, ոստիկանության միջամտություններ, բնակչության դժգոհություններ, այլ արտառոց դեպքեր չեն եղել, հաշվարարների աշխատանքներում դժվարություններ եղել են՝ հատկապես փակ դռների հետ կապված: Հաշվարարները նույնիսկ ստիպված են եղել նույն հասցեն այցելել երկու եւ ավելի անգամ՝ պարզելու ապրողների առկայությունը կամ ճշտելու դատարկ տուն լինելու փաստը:
«Աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում: Հիմնական շեշտը դնում ենք որակի եւ բնակչության ընդգրկման ամբողջականության վրա, որպեսզի մարզի ոչ մի բնակիչ հաշվառումից դուրս չմնա: Ընտրել ենք այնպիսի կադրեր, որ բնակիչներին ճիշտ մոտեցում ցուցաբերեն, բարեհամբույր լինեն, աշխատանքներն ընթանան հեշտ ու վստահության մթնոլորտում: Ընդգրկվել են մանկավարժներ, աշխատանք փնտրող քաղաքացիներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներ ու տվյալ թաղամասերին ծանոթ բնակիչներ: Բնակչությունից դժգոհություններ չենք ստացել, նրանք ըմբռնումով են մոտենում այս հարցին»,- տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ, մարդահամարին աջակցող մարզային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Գրիգորյանը:
Մինչ պատասխանատուները լրջորեն են մոտենում խնդրին, կան բնակիչներ, ովքեր անտարբերություն են ցուցաբերում մարդահամարին: «Ես նույնպես հաշվառվել եմ, բայց դա ինձ համար էդքան էլ կարեւոր չէր: Սկզբից մեր դուռը բախող հաշվարարին տեսնելով մտածեցի՝ կարող է «Եհովայի վկա» լինի, չէի ցանկանում ներս թողնել, իմանալուց հետո ներս հրավիրեցի ու պատասխանեցի հարցերին, սակայն կային հարցեր, որոնց պատասխանելը տհաճ էր ու անցանկալի՝ հատկապես ընտանիքում հաշմանդամ ունենալու կամ մահացության դեպքերի մասին հարցերին եւ այլն, որոնց ես ստիպված էի պատասխանել»,- ասում է կապանցի Կարինեն:
Այլ կապանցիներ էլ ոգեւորությամբ էին նշում, որ իրենք արդեն հաշվառվել են եւ այդ գործընթացն անիմաստ չեն համարում: Երիտասարդության շրջանում, սակայն, հակառակ պատկերն էր, նրանք նույնիսկ ծանոթ չէին հարցաթերթիկի հարցերին ու հաշվառվելու բեռը իրենց ծնողների ուսերին էին թողել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել