Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ ՊԱՐՈՂ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ»

Հոկտեմբեր 22,2011 00:00

Վանաձորի քաղաքապետարանը միջոցներ չունի, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը «Հորովել» համույթի պետական
որակավորման հարցը ձգձգում է:

Այս տարվա ապրիլի 22-ին անդրադառնալով Գրիգոր Հախինյանի եւ Խաչատուր Ավետիսյանի 85-ամյակներին՝ գրել ենք, որ այժմ Գրիգոր Հախինյանի անվան Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը՝ 1958 թվականին Վանաձորի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տանը հիմնադրված վոկալ-պարային ինքնագործ խումբն է, որը 1972 թվականին պետական անսամբլի կոչում է ստացել: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքից դուրս երգի-պարի անսամբլին նման կոչում է տրվել: «Հորովելը» այլ վաստակ էլ ունի: Ունի նաեւ խնդիրներ:
Չկա մի համայնքային միջոցառում, ուր «Հորովելը» ներկա չլինի: 2010 թվականի մայիսին «Հորովելի» ղեկավարությունը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ կրկին պետական անսամբլի որակավորում ստանալու համար: Մինչ օրս հարցը քննարկվում է պետական ամենաբարձր ատյաններում, իսկ որոշումը՝ ուշանում:
53-ամյա համույթը Վանաձորի համայնքի ենթակայության տակ է անցել 1994 թվականին: Անսամբլի ղեկավարությունը համոզված է, որ պետական կարգավիճակ ստանալը շատ հարցեր կլուծի: Նախ աշխատավարձը կբարձրանա. «Էն չափանիշներով, որ նախարարությունն է վճարում, մեր քաղաքն էդ տարբերակով չի կարող վճարել, նախարարությունը տալիս է միջինը 45 հազար դրամ աշխատավարձ ու այդտեղից բարձրանում է ըստ հաստիքների: Իսկ հիմա մեզ մոտ տնօրենն ու հավաքարարը նույն 32 500 դրամն են ստանում»,- մեզ հետ զրույցում ասաց անսամբլի բալետմայստեր Արայիկ Գեւորգյանը: Եթե «Հորովելը» դառնա պետական, ապա նախարարությունը նաեւ տնտեսական հարցերի, նոր բեմադրությունների ու դրանց անհրաժեշտ հագուստի համար կվճարի: Հորովելցիները վստահ են՝ անսամբլի հանդեպ մոտեցումը կփոխվի: «Ճիշտ չէ՝ պրոֆեսիոնալ անսամբլին բերել ասֆալտի վրա պարացնել, որովհետեւ պարողը լուրջ վնասվածք կարող է ստանալ՝ ոտքի, ծնկի, ողնաշարի»,-ասում է Արայիկ Գեւորգյանը: Նա պատմում է, որ առանց այդ էլ ֆինանսական սուղ պայմաններում յուրաքանչյուր համերգից հետո մի չուվակի (տղաների պարային կոշիկ) է մաշվում, որի մեկ զույգն արժե 100 դոլար եւ նկատում. «Ո՞վ է մեզ բերել, բացի աշխատավարձը, 1 դոլար տվել»:
«Հորովելի» բալետմայստերը պատմում է, որ համույթը համայնքային միջոցառումներին մասնակցելիս որեւէ հոնորար չի ստանում, համայնքային վերեւները դա բացատրում են այսպես. «Հորովելը» համայնքային ենթակայության տակ է եւ պարտավոր է պարել: Պետական կարգավիճակ ստանալու պարագայում համույթը կարող է հրաժարվել համայնքային միջոցառումներին անվճար ելույթ ունենալ: Արայիկ Գեւորգյանը զայրանում ու զարմանում է, ինչպես է պատահում, որ ամեն ինչի համար գումար կա, բայց պարարվեստի ու մշակույթի համար՝ չկա: Նրա խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ Վանաձորի ղեկավար այրերին ընդհանրապես արվեստ պետք չէ. «Եթե մի բան պետք է լինում, ես ձեռք եմ բերում, պետք եղած ժամանակ խնդրում եմ, ստիպում եմ… Չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է նման անսամբլ ունենալ ու բանի տեղ չդնել: Ցանկություն է պետք եւ վերջ»:
Հորովելցիները դեռեւս խորհրդային տարիներին կարված շորերով են պարում: Դրանք յուրահատուկ շորեր են, որակյալ ու ասեղնագործ, բայց պարը թեթեւացել է, ու էդ շորերով պարելը հիմա դժվար է՝ թեկուզ մյուս կողմից հագուստն արդեն ասում է, որ «Հորովելն» է բեմում: Բայց նախկինում 8 զույգ կառուցվածքով «Հորովելն» այժմ համալրվել եւ 12 զույգ է դարձել, ինչը նոր հագուստի եւ այլ հարցեր է առաջ բերում:
Ֆինանսական խնդիրը արհեստավարժ պարողին հետ է պահում բեմից՝ չեն կարողանում իրենց ընտանիքները պահել պարով ու պարելով: Դրանից զատ, ըստ Արայիկ Գեւորգյանի, նաեւ այսօրվա տրամադրությունների արդյունքում տղաների հոսքը պարային համույթներ՝ միանգամից նվազեց. պատանիները չեն ձգտում արվեստի մարդ դառնալ, շրջապատը այլ աչքով է նայում, մի տեսակ թույլ չի տալիս: Մինչդեռ պարը երիտասարդություն է սիրում, մինչեւ 30 տարեկան, սերնդափոխությունը անհրաժեշտ է: «Հորովելում» համույթին կից ստուդիայով եւ պարարվեստի բաժնի միջոցով համալրում են պարողների շարքերը. ««Հորովելի» ստուդիայում պարապմունքները անվճար են: Ամբողջ աշխարհում հակառակն է, պրոֆեսիոնալ ստուդիաներում ավելի թանկ են վճարում»:
«Հորովելը» նոր բեմադրությամբ պարեր ունի, սակայն չի կարողանում հանդիսատեսին ներկայացնել, կրկին ֆինանսական խնդիրների պատճառով՝ հագուստի, նոր նկարչական եւ երաժշտական ձեւավորման հարցերը պետք է լուծել: «Մի բեմադրած պարը հանդիսատեսին ներկայացնելու համար 3 միլիոն դրամ է հարկավոր, պետական անսամբլը հնարավորություն կտա այդ պարերն էլ ներկայացնել»,- ասում է Արայիկ Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել