Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ես գլխիս սարքե՞լ»

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"Ձորաղբյուրի ամառանոցային տնտեսության մի խումբ սեփականատերեր 2007թ. դիմել էին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Արմեն եւ Վահագն Վանցյանների կողմից ընդհանուր օգտագործման ճանապարհը եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով: «Առավոտը» 2010թ. փետրվարից «Չի իրականացվել», «Կոռուպցիայի հոտ է գալիս» եւ «Դատարանի վճիռը՝ արհամարհված» հոդվածներում անդրադարձել է այդ հարցին: Հիշեցնենք, որ դատարանը կայացրել էր վճիռ. քանդել ապօրինի կառույցը եւ վերականգնել ճանապարհը։
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել է ուժի մեջ եւ մերժել Վանցյանների բողոքը։ Վճռաբեկ դատարանը նույնպես կայացրել էր ճանապարհը վերականգնելու վճիռ եւ նշել, որ հարցը ենթակա չէ բողոքարկման։
Երկար քաշքշուկից հետո, ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը դիմելուց հետո միայն ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքի աշխատակիցները 2010թ. օգոստոսի սկզբին կատարեցին դատարանի վճիռը՝ քանդելով Արմեն եւ Վահագն Վանցյանների կողմից կառուցված պարիսպը: Բայց ընդամենը օրեր անց պարիսպը վերականգնված էր:
Այդ առիթով ամառանոցների տերերը դարձյալ բողոքել են ՀՀ նախագահի աշխատակազմին, Կոտայքի մարզի դատախազությանը եւ ոստիկանությանը: Նախագահի աշխատակազմից պատասխան չեն ստացել, բայց ոստիկանությունից պատասխանել են, որ այդ հարցով իրենք չեն զբաղվում, դա Ձորաղբյուրի գյուղապետարանի խնդիրն է: Ձորաղբյուրցիների փաստաբան Օլգա Սաֆարյանը (լուսա նկարում), լինելով գյուղապետի մոտ, տեղեկանում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին գյուղապետարանը որոշում է կայացրել 5 օրվա ընթացքում պարիսպը քանդելու մասին, որը չի կատարվել, իսկ դրան հետեւել է Վանցյաններին 200 000 դրամով տուգանելու որոշումը: Օ. Սաֆարյանը փորձել է մանրամասնել, թե Վանցյանները տեղյա՞կ են եղել գյուղապետարանի որոշումներին, ստացե՞լ են ծանուցագիր, իսկ դրանից հետո՝ արդյո՞ք վճարել են տուգանքը: Գյուղապետը վստահեցրել է, որ ծանուցագիրը անձամբ է հանձնել Վանցյանների ներկայացուցչին, իսկ տուգանքի մասով տեղյակ չէ՝ վճարե՞լ են, թե՞ ոչ: «Երբ գյուղապետից պահանջեցի հիմքեր, նա ոչ ծանուցագիրը գտավ, ոչ էլ որեւէ փաստաթուղթ: Նա իմ պահանջով գրեց ու կնքեց իր ասածները, թուղթը մեկնեց ինձ ու երբ ձեռքս պարզեցի այն վերցնելու՝ ետ քաշեց, ասելով՝ ուզում եք գլխիս սարքե՞լ»,- պատմեց տիկին Սաֆարյանը: Նա զարմացած է, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին գործով վարչական վարույթ է իրականացվել, իսկ ինքը դրանից տեղյակ չէ: Այժմ նա գրություն է պատրաստում Կոտայքի մարզպետին, իսկ հիմքերը ստանալուց հետո կդիմի Կոտայքի ոստիկանություն՝ Վանցյանների նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել