Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ

Հոկտեմբեր 22,2011 00:00

ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը  հ/կ-ներին առաջարկում է համագործակցել, ոչ թե հասարակության մեջ բանակի վերաբերյալ անպատժելիության, ամենաթողության տպավորություն ստեղծել:

\"\"

«Բանակում տիրող իրավիճակը մտահոգիչ է բոլորի համար, վիճակը փոխելու պահանջը ոչ միայն հասարակական է, այլ նաեւ բանակի ներքին պահանջն է»,- երեկ «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Մտահոգվելու առիթ նա ունի, չնայած հայտնեց, որ արդեն 2 տարի գործող իրենց կառույցը լուրջ աշխատանքներ է իրականացրել, վերահսկողության շրջանակում շրջայցերով են հանդես գալիս, դասախոսություններ կարդում, որոնց, ի դեպ, խորհրդի նախագահի խոսքով, մասնակցում է նաեւ հրամանատարական եւ սպայական կազմը: Կառույցի վերահսկողական գործառույթը նա գնահատում է որպես օժանդակության գործառույթ, ոչ թե վերակացուի, «որը պետք է մտրակի բանակը»: Խոսելով հասարակական խորհուրդ եւ հասարակական կազմակերպություններ համագործակցության մասին՝ նա ընդգծեց, որ կան շատ հ/կ-ներ, որոնք գիտեն խորհրդի տեղը եւ տարբեր հարցերով դիմում են, բայց կան շատերն էլ, որ այդ համագործակցությունից հրաժարվում են: Նա վստահեցրեց, որ հասարակական խորհրդում արժանավոր մարդիկ են աշխատում, իրենք հասարակական դաշտի հետ մեծ հակադրություն չեն տեսնում, ներկայացնում են առաջարկություններ եւ պատրաստ են համատեղ քննարկել: Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ խորհրդի բոլոր անդամնե՞րն են զինվորական ծառայություն անցել: Պարզվեց, որ երկու կանանցից բացի, տարբեր մամուլի ակումբներում հանդես եկող ռազմական հոգեբաններ Հակոբ Թադեւոսյանը եւ Դավիթ Ջամալյանը բանակում չեն ծառայել:
Ըստ Գ. Հարությունյանի, վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ թեւեւ մահացության մակարդակը բանակում նվազում է, սակայն հասարակությանը, ինչպես նաեւ ՊՆ-ին եւ անձամբ պաշտպանության նախարարին այդ տեմպը չի բավարարում. «Նվազում իրոք կա, անցյալ տարվա համար նախարարությունը պաշտոնապես հրապարակեց թվերը՝ 54 մահ, տարեվերջին կհրապարակվի նաեւ այս տարվանը: Բոլորս էլ ցանկանում ենք, որ այդ նվազումը լինի կտրուկ, մեզ հատկապես մտահոգում են բռնության եւ նվաստացման հիմքի վրա մահացության դեպքերը»: Ավելի ուշ նա պնդեց, թե բանակում չկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտ. «Պետք չի այս երանգով տպավորություն ստեղծել հասարակության մեջ, թե բանակում ուղղակի քաոս է, ամենաթողություն»:
Բանախոսի դիտարկմամբ, բանակին միայն հոգեբանների ինստիտուտը բավարար չէ, նա առաջարկեց ներդնել նաեւ սոցիալական աշխատողների ինստիտուտ, որը կօգնի հարմարվողականության, կոլեկտիվի ձեւավորման, ներանձնային, ներխմբային խնդիրները լուծելուն: «Այսօր արմատացած խորը անվստահություն կա իրականացվող քննությունների հետ կապված, բայց խնդիրը նաեւ այդ անվստահությունը հաղթահարելու մեջ է: Այժմ պատասխանատուները կարծեք թե փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի նոր տեղի ունեցող դեպքերի հետ կապված քննությունները լավ լինեն»,- շեշտեց նա: Խորհրդի նախագահը կարծում է, որ այսօրվա ձեւախեղումներից մեկն այն է, որ «բանակն է հանդես գալիս որպես հավաքական հակահերոս, մինչդեռ իր հավաքականության մեջ բանակն իրականում հերոս է»: Մի շարք հ/կ-ներ օրերս բանակի վերջին դեպքերի հետ կապված դիմել էին ՊՆ-ին, վերջինս հրաժարվել է ներկայացված հարցաշարին պատասխանել, իսկ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն էլ բանակի խնդիրներով մտահոգ հ/կ-ների ներկայացուցիչներին լրատվամիջոցներից մեկով անվանել էր «թուլա»: Այս առնչությամբ էլ Գ. Հարությունյանը պատասխանեց, որ նախարարության պաշտոնյաները հանդիպումներ են ունենում դժգոհողների հետ եւ քննարկում են խնդիրները, իսկ անձնական վիրավորանքները յուրաքանչյուր պարագայում անթույլատրելի համարեց, գտնում է. «Ռացիոնալը տեղափոխվում է իռացիոնալ, անձնական հարաբերությունների դաշտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել