Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվեցին

Հոկտեմբեր 22,2011 00:00

Ոստիկանության ԱԱՎ՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի տեսուչ Ս. Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս. Մելքոնյանի հետ համաձայնության գալով, իրացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձեւաթղթերով կազմված փաստաթղթեր եւ դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց: Կազմվել են մասնավորապես բանկերում դեպոզիտային հաշիվներում գումարի առկայության վերաբերյալ, ինչպես նաեւ ամուսնության, մահվան, ծննդյան, անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ ու վկայականներ:
Համակարգչային մասնագետ Ս. Մելքոնյանը՝ ըստ մեղադրանքը պաշտպանող դատախազի, Հայաստանում գործող տարբեր հիմնարկների, բանկերի, կազմակերպությունների ձեւաթղթերով կազմված տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի իսկական օրինակների, ինչպես նաեւ իրականում գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող կազմակերպությունների տվյալների հիման վրա, համակարգչային տեխնիկայով փոփոխություններ կատարելով, լրացնելու եւ կեղծ ձեւաթղթերով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող կեղծ տեղեկանքներ պատրաստելու շուրջ համաձայնության է եկել նաեւ Կ. Ենգոյանի եւ Ս. Սարգսյանի հետ:
Այդ տեղեկանքները ստորագրվել, թվագրվել, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կնքվել են եւ դրվել շրջանառության մեջ: Կեղծ փաստաթղթեր պատվիրած անձանցից ստացված գումարները Ս. Մկրտումյանը, Կ. Ենգոյանը եւ Ս. Սարգսյանը տնօրինել են Ս. Մելքոնյանի հետ:
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ս. Մկրտումյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, իսկ Ս. Մելքոնյանը, Կ. Ենգոյանը եւ Ս. Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել տուգանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել