Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրում կրճատումներ են սպասվում

Հոկտեմբեր 22,2011 00:00

Թափանցիկ աշխատելու, բյուրոկրատական քաշքշուկներին ու կոռուպցիոն ռիսկերին վերջ դնելու նպատակով կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նոր տարվանից  անցնում է բարեփոխումների: Երեկ այս թեմայով Գյումրիում մամուլի ասուլիս էր հրավիրել Կադաստրի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց, թե այսուհետ ինչպես են աշխատելու: «Մենք ունեինք գրանցման տարածքային ստորաբաժանումներ բոլոր նախկին շրջկենտրոններում՝ Սովետական միության ժամանակվա վարչական շրջաններում, որոշվեց ավելի խոշորացնել գրանցման մեր ստորաբաժանումները, այսինքն ստեղծել 10 մարզերում 10 գրանցման տարածքային ստորաբաժանում, մեկն էլ  Երեւանում, այսինքն՝ կունենանք 11 գրանցման մարմին, եւ բոլոր մեր նախկին ստորաբաժանումների փոխարեն դրանք  դարձնում ենք սպասարկման գրասենյակներ»,- տեղեկացրեց պաշտոնյան: Իսկ թե ո՞րն է նման կառուցվածքային փոփոխությունների իմաստը, ըստ պարոն Բաշոյանի, հունվարի 1-ից իրավունքների պետական գրանցումը ավտոմատացվում է, որը համարյա թե կվերացնի քաշքշուկները, ծառայությունները կմոտեցնի հասարակությանը, կքչացնի քաղաքացու կողմից կատարած ծախսերը: «Երբեմն թյուր կարծիք է ստեղծվում, որ եթե, ասենք, Գյումրիում ստեղծվում է գրանցման գրասենյակ, ուրեմն  Անիից մարդը պիտի գա հասնի Գյումրի: Գործելու է մեկ պատուհանի գաղափարը, մարդը իր դիմումը կներկայացնի Անիի սպասարկման գրասենյակում եւ այնտեղից էլ կստանա իրավունքի պետական գրանցման վկայական, այսինքն՝ գրանցման համակարգի հետ քաղաքացին չի շփվելու, գրանցման համակարգը, կոպիտ ասած, դառնում է փակ, որպեսզի քաղաքացու հետ չշփվեն, քաղաքացու հետ կաշխատեն սպասարկման գրասենյակները»:
Քանի որ  կադաստրը զբաղվելու է իրավունքների պետական գրացմամբ, ուստիեւ, ըստ պաշտոնյայի, օպտիմալացման ու բարեփոխումների արդյունքում որոշ մարդիկ,  մասնավորապես՝ հաշվառողները, դուրս կմնան աշխատանքից: Սակայն այս մարդիկ կարող են շարունակել իրենց գործունությունը, եթե ստանան համապատասխան որակավորում: Ֆելիքս Բաշոյանի հաշվարկներով, մոտ 100 աշխատակից դուրս կմնա համակարգից, որից 80-90%-ը չափագրողներ են:
.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել