Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԵՐՇԻԿԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՉԷ

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"Չնայած որ իշխանությունները հենց  այդպես են վերաբերվում

Արդեն տեւական ժամանակ է՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանում» լարված մթնոլորտ է: Ատոմակայանի օպերատիվ անձնակազմի մոտ 160 կարեւորագույն աշխատակից ՀԱԷԿ-ի տնօրինությանը ազատման դիմում է ներկայացրել: Մեկ տարի է՝ նշյալ աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի 50% բարձրացում, սակայն ոչ ՀԱԷԿ-ը, ոչ էլ էներգետիկայի նախարարությունը նրանց ընդառաջ չեն գնում՝ պատճառաբանելով, որ հնարավորություններ եւ ռեզերվներ չունեն: Մինչդեռ ատոմակայանի աշխատակիցներն այդպես չեն գտնում. «Մենք ապահովում ենք հանրապետության 40%-ը ամենաէժան էլեկտրաէներգիայով. մեզանից 1 կիլովատտը գնում են 7 դրամով, իսկ բնակչությանը վաճառում՝ 30: Եթե ցանկություն ունենային եւ մի քիչ մտածեին, ռեզերվ կգտնեին: Եթե անգամ կես կամ 1 դրամով թանկ վաճառեն էլեկտրաէներգիան՝ բոլոր խնդիրները կլուծվեն»:
Ատոմակայանում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը մշտապես փակ թեմա է եղել. դեռ ամիսներ առաջ ատոմակայանի մեր աղբյուրները վստահեցնում էին, որ վերեւներից ՀԱԷԿ-ին արգելել են արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձրացնել ժողովրդի շրջանում՝ առանց այդ էլ այս լարված մթնոլորտում ավելորդ դժգոհության ալիք չբարձրացնելու համար: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԷԿ-ը մի բան էլ ինքնարժեքից ցածր է վաճառում էլեկտրաէներգիան, ինչի արդյունքում այսօր լուրջ խնդիրների առջեւ է կանգնած:
Երեկ ատոմակայանի տնօրինության հետ քննարկվում էր աշխատավարձերի բարձրացման խնդիրը, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից թեեւ նախօրեին խոստացել էին ներկա գտնվել ատոմակայանում եւ քննարկել այս հարցը, սակայն այդպես էլ ոչ ոք չի ներկայացել: Աշխատակիցներն էլ ստիպված իրենք են տնօրինությանն առաջարկություններ արել, որպեսզի գոնե աստիճանաբար լինի աշխատավարձերի բարձրացումը: Ասենք՝ նոյեմբերի 1-ից՝ 25-30%-ով, իսկ եկող տարվա ապրիլ ամսից էլ՝ մնացածը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ատոմակայանի էլեկտրական արտադրամասի որոշ աշխատակիցներ ասացին, որ առաջարկել են աշխատավարձերի բարձրացման «հոգսի» մի մասը իր վրա վերցնի էներգետիկայի նախարարությունը, մի մասն էլ՝ ատոմակայանի տնօրինությունը. «Մենք հատուկ վտանգավոր արտադրամասում ենք աշխատում՝ ռեակտոր ենք գործարկում, ճառագայթում կա, ուստի մեր աշխատավարձերի բարձրացումը տեղին է: Մի հատ երշիկի արտադրամաս է բացվում, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ հեռուստատեսության ներկայացուցիչների հետ, գնում են, հիանում ու ասում՝ ինչ լավ բան է: Բայց երկար ժամանակ է՝ երկրի համար ռազմավարական օբյեկտի աշխատել-չաշխատելու խնդիր է առաջացել, ոչ մի պաշտոնյա ոչինչ չի անում: Այ, եթե մեկը գար, փորձեր խոսել մեզ հետ կամ էլ գոնե հույս տար, մի բան առաջարկեին, մեր դժգոհություններն այսքան չէին սրվի: Իրենց արհամարհական վերաբերմունքն ավելի է զայրացնում մեզ»:
Ինչ վերաբերում է ատոմակայանի՝ ինքնարժեքից ցածր գնով  էլեկտրաէներգիայի վաճառքին, ապա մեզ հետ զրույցում ատոմակայանի մեկ այլ մասնագետ այսպես մեկնաբանեց. «Ինքնարժեքը որոշվում է մի շարք գործոններով, օրինակ՝ աշխատավարձեր, ծախսած վառելիք եւ այլն: Եթե այդ բոլորը գումարենք, ապա այսօրվա 7 դրամից բարձր գին կլինի»:
Երեկ, ժամը 19:00-ի դրությամբ, տնօրինությունն ու աշխատակիցները համաձայնության չէին եկել: ՀԱԷԿ-ի ղեկավարության վրա ճնշում է գործադրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ուստի ատոմակայանի տնօրենը ստիպված մերժել է աշխատավարձերի բարձրացումը եւ որոշել դժգոհ զանգվածի՝ աշխատանքից ազատվելու դիմումները մակագրել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարը կտրուկ մերժել է այս տարի աշխատավարձերի բարձրացման առաջարկը, իսկ եթե որոշի էլ բարձրացնել, ապա գուցե մյուս տարի, այն էլ ընդամենը 10 տոկոսով: Հաշվի առնելով, որ ատոմակայանը մեր երկրի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, եւ բարձրակարգ մասնագետների հեռացումը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ այս կառույցի համար, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում վերադառնանք մութ ու ցուրտ տարիներ՝ հովհարային անջատումների:  
Հ. Գ. Ավելի ուշ մեր աղբյուրները փոխանցեցին, որ 160 աշխատակիցներին միացել է եւս մի քանի հարյուր մարդ: ՀԱԷԿ-ի տնօրենը երեկ ստորագրել է որոշ մասի՝ աշխատանքից ազատման դիմումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել