ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նաեւ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ՝ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), եւ շարքային Մովսես Աշոտի Բադալյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով, կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: