Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 22,2011 00:00

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստը:
Նիստի ընթացքում քննարկման է ներկայացվել ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:
«Ահաբեկչության դեմ պայքարը ցանկացած պետության համար քաղաքական գերակայություն է, ինչպես նաեւ ամրագրված է ազգային անվտանգության ռազմավարության մեջ: Ահաբեկչությունը մինչեւ այժմ շրջանցել է մեր երկիրը, բայց մենք պետք է իրավական եւ ինստիտուցիոնալ առումով պատրաստ լինենք՝ ահաբեկչության եւ հատկապես կիբեր-ահաբեկչության դեմ պայքարում առավել միասնական ու հավաքական գործելու: Մենք տեսնում ենք, թե հատկապես կիբեր-ահաբեկչության ոլորտում ինչ հանցագործություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի: Ուզում եմ նշել, որ այս փաստաթղթի ընդունումը պայմանավորված է նաեւ երեք միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Դրանք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն, որոնց շրջանակներում մեր ստանձնած հանձնառությունների թվում է ահաբեկչության եւ կիբեր-ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի կողմից միջգերատեսչական հանձնախմբի քննարկմանն է ներկայացվել ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:
Ծրագիրը, որը մշակվել է բոլոր շահառու գերատեսչությունների նկատառումների հաշվառմամբ եւ միջազգային փորձագետների լայն ներգրավվածությամբ, համապարփակ փաստաթուղթ է, որում առկա են ահաբեկչության դրսեւորումների եւ առկա իրավիճակի վերլուծությունը, սպառնալիքների տեսակների եւ ձեւերի նկարագրությունը, ահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական դրույթները եւ պայքարի մեխանիզմները: Ծրագրում տեղ են գտել նաեւ կադրային ապահովման խնդիրները, միջազգային փորձի կիրառման մեխանիզմները, ինչպես նաեւ միջազգային համագործակցությունն ապահովող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի կնքման նպատակները:
Նախագիծը հավանության է արժանացել միջգերատեսչական հանձնախմբի կողմից, եւ առաջիկայում այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել