Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՀԱՅՏԱՐԱՐԻ

Հոկտեմբեր 22,2011 00:00

Հոկտեմբերի 23-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում հանդես է գալու բանակին վերաբերող հայտարարությամբ:
Արձանագրելով, որ «ազատ, անկախ եւ արժանապատիվ ապրելու համար, իհարկե, հարկավոր է ունենալ ազգային զինված ուժեր», ինչը հայկական պետություն ունենալու համար անվիճարկելի կարեւորագույն պայման է, եւ որ «յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է եւ պարտավոր է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը», Փոստանջյանը միաժամանակ կշեշտի. «Սակայն դա չի նշանակում, որ հանուն հայրենիքի պաշտպանության ստեղծված զինված ուժերի ղեկավարները կարող են իրենց եւ բանակի արատների մասին ահազանգողներին լռեցնելու եւ բանակում սպանություններ կատարողներին չբացահայտելու արտոնություններ ունենալ, կամ բանակը կարելի է օգտագործել ավտորիտար ռեժիմը սպասարկելու, այս կամ այն գեներալի ու սպայի ունեցվածքը բազմապատկելու համար:
Այս իրողությանը գումարվել է ներկայիս երկու հայկական պետությունների ինքնիշխանությունը սահմանափակելու, մեր ազգային անվտանգությունը թուլացնելու ոչ պակաս վտանգավոր քաղաքականությունը եւս. այն է՝ հայրենի հողը «Մադրիդյան սկզբունքներով» օտար զինված ուժերին հանձնելու փորձը եւ հայրենիքում գտնվող այլ օտար զինված ուժերի ներկայության խրախուսումը՝ առանց ազգային շահը հաշվի առնող փոխհատուցման:
Իսկ ինչ կարող է եւ պետք է անի ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, թեպետ նա Հայաստանի նույնպես չընտրված նախագահներից է: Նա առնվազն պարտավոր է պահանջել իրավական գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրին, որի հետեւանքով օգտագործվեցին Հայաստանի զինված ուժերը, եւ սպանվեց պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինակոչիկը, հայկական բանակից իսպառ ազատել իրենց ունեցվածքը բազմապատկող գեներալներին եւ սպաներին՝ նրանց գործողություններին տալով իրավական գնահատական»:
Պատգամավորի համոզմամբ, եթե նախագահ Սերժ Սարգսյանը չսկսի հայկական բանակի առողջացումը, չհրաժարվի իր կողմից ստորագրված հակահայկական փաստաթղթերից եւ «շարունակի իր խոսափողների միջոցով հանրությանը մոլորեցնելու անբարո քաղաքականությունն ու իր ենթակայության տակ գտնվող արդարադատության համակարգի միջոցով քաղաքացիական ընդվզող խմբերի եւ սպանված զինվորների հարազատների բողոքների ճնշման փորձերն ու հետապնդումները, ապա օրակարգը կենսակոչող ժողովուրդը առանց նրա էլ կիրականացնի իր արդար ծրագիրը, որին չմասնակցելու դեպքում Սերժ Սարգսյանը հնարավորություն չի ունենա մեղմելու իր մեղսակցությունը բանակում տիրող այսօրվա իրավիճակի եւ չընտրված նախագահ հանդիսանալու հակազգային իրողության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել