Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՕԲԱՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"Թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական  կազմակերպություններն ակտիվացել են

ԱՄՆ սենատորներ Ջեյն Շահինը, Լինդսի Գրահամը, նրանց հետ նաեւ մի խումբ վերլուծաբաններ ԱՄՆ նախագահ Օբամայի աշխատակազմին խորհուրդ են տվել Կովկասում ծրագրեր իրականացնելիս հենվել Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի վրա: Նրանց համոզմամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում երկաթգիծը այս երեք երկրների միջեւ արդյունավետ համագործակցության դրսեւորումներ են: Սենատորները եւ վերլուծաբանները ԱՄՆ նախագահին խորհուրդ են տալիս աջակցել «Հարավային միջանցք» ծրագրին: Հիշեցնենք, որ դա ադրբեջանական եւ թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու նախագիծ է, որը կրկին շրջանցում է Հայաստանը: Ծրագրերը նորություն չեն, դրանք վերջին 15 տարիների աշխարհաքաղաքական զարգացումների ծնունդն են, եւ ստացվեց այնպես, որ դրանք շրջանցեցին Հայաստանը, փոխարենը՝ գործնական նշանակություն ստացան մեր հարեւանների համար: Դրա բացասական կողմերի մասին հայաստանյան տարբեր վերլուծաբաններ մշտապես ասել են, ինչին հակադրվել է հայ «կառավարականների» հեգնանքը, թե այդ ծրագրերը այդպես էլ մնալու են թղթի վրա: Ի հեճուկս նմանատիպ ցանկությունների՝ տարիների ընթացքում դրանք միս ու արյուն են ստանում: Կընդունի ԱՄՆ նախագահի աշխատակազմն այս խորհուրդները, թե ոչ՝ կերեւա առաջիկայում, բայց այն, որ Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ծրագրերի հետագա ճակատագրերի առումով Հայաստանը կրկին անտեսելու հրապարակային խորհուրդ է հնչեցվում, մտահոգիչ է:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն, օրինակ չի բացառում, որ առաջիկայում նմանատիպ այլ նախաձեռնությունների, անգամ դրանց հաջողությունների ականատեսը կլինենք: Մեր զրուցակիցը սա բացատրում է նրանով, որ ամերիկյան թուրքական լոբբիստական կառույցները, վերջին շրջանում՝ նաեւ եվրոպական, սկսում են ուժեղանալ: Իր շփումներից, հանդիպումներից եւ զրույցներից քաղաքագետը այն համոզման է հանգել, որ բավականին ուժեղ են նաեւ ամերիկյան եւ եվրոպական ադրբեջանական լոբբիստական կառույցները: Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը, անկախ լոբբիստների աշխատանքից, նաեւ «օբյեկտիվ գործընթաց» է տեսնում. «Այստեղ շատերի շահերն են համընկնում, եւ ես չեմ կարծում, որ սա հատուկ ուղղված է Հայաստանի դեմ: Այլ հարց է, որ այնպես ստացվեց, որ այդ ծրագրերը շրջանցում են Հայաստանը: Մեկ հանգամանք էլ, որը բերեց այդ ծրագրերի առավել աշխուժացմանը, այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը բավականին կոշտացրել է իր նավթային եւ գազային քաղաքականությունը: Ռուսաստանը Եվրոպայում իր խաղի կանոններն է թելադրում, եւ պարզ է, որ եվրոպական երկրները, նաեւ ԱՄՆ-ը, պետք է այլընտրանքներին առավելություն տային: Իսկ այլընտրանքը նավթն ու գազը տեղափոխելն է՝ շրջանցելով Ռուսաստանը: Օբյեկտիվ գործընթաց է. պահանջարկ կա եւ փորձ է արվում ռեալիզացնել այդ ծրագրերը: Ու ինչքան էլ բարդություններ լինեն, ինչքան էլ մենք էսպես-էնպես ասենք՝ «Հարավային միջանցք» ասելով, առաջին հերթին «Նաբուկօ»-ի մասին է խոսքը, եւ այն կյանքի կկոչվի, քանի որ քաղաքական եւ տնտեսական պահանջարկը կա»: Ի դեպ, մեր զրուցակիցն իր կողմից էլ հավելում է, որ Ադրբեջանն արդեն փորձում է դոնոր երկիր դառնալ եւ նավթի ու գազի հաշվին կուտակած դոլարներով փորձում է միջազգային ծրագրեր ֆինանսավորել: Իսկ դա նշանակում է նաեւ կամք թելադրել, կարծիք առաջ տանել: Մեր զրուցակիցը չի ցանկանում սրանից ողբերգություն սարքել, բայց ի գիտություն ընդունել, կարծում է, պարտադիր է:
Քաղաքագետն, այնուհանդերձ, այս փակուղուց դուրս գալու եւ այդ ծրագրերում Հայաստանի հետագա ներգրավման ճանապարհներ տեսնում է: «Մեր լոբբիստներն Ամերիկայում, ովքեր իրոք շատ հզոր են, առաջին հերթին զբաղվում են Ցեղասպանության ճանաչման հարցով, ինչ-որ չափով նաեւ կարող է Ղարաբաղի հետ կապված հարցերում են օգնում: Բայց իրենց ողջ ուժը, ջանքը, քաղաքական ռեսուրսը, ազդեցությունը, ֆինանսները ներդնում են Ցեղասպանության ճանաչման հարցի վրա: Համապատասխան էլ արդյունք ենք ստանում: Միգուցե իմաստ ունի, որ մեր լոբբիստները նաեւ այլ ուղղությամբ աշխատեն: Օրինակ, սենատորների եւ վերլուծաբանների միջոցով դիմեին Օբամային եւ պահանջեին, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը վերացվի, խնդրեին, որ ԱՄՆ-ն աջակցեր այդ ծրագրերում Հայաստանի ներգրավման հարցում»: Իսկ ինչո՞ւ Հայաստանի որեւէ իշխանություն չի փորձել առավել համակարգված աշխատել լոբբիստական կազմակերպությունների հետ եւ համատեղ օրակարգ ձեւավորել՝ «Առավոտի» հարցին քաղաքագետը հեգնեց. «Պարապությունից չէ, որ խոսում ենք պառլամենտի որակի մասին: Ո՞վ պիտի ձեւավորի եւ առաջադրի այս տիպի խնդիրներ: Առաջին հերթին՝ պառլամենտի անդամները, կուսակցական ֆրակցիաները, քաղաքական էլիտան, բայց մեր պառլամենտի զգալի մասը «լուրջ գործերով» զբաղված մարդիկ են: Մարդիկ բիզնես-բան ունեն՝ աշխատում են, փող են դիզում, պատկերացնում եք՝ շեղել այդ մարդկանց իրենց գործից. ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ախպեր ջան, արի գնանք ինչ-որ ազգային հարցերով զբաղվենք, պարզ է, որ «անբարոյականություն» կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել