Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀԱՐԶԱՆ

Հոկտեմբեր 22,2011 00:00

Բոլորը սպասում են ներկոալիցիոն նոր զարգացումների

Հայաստանյան քաղաքական ուժերը կանգնած են հերթական ջրբաժանի առաջ՝ ա՞ջ գնալ, թե՞ ձախ, մնալ կենտրոնո՞ւմ, թե՞ տեղաշարժվել: Սրանք հարցեր են, որ առաջանում են բոլոր ընտրություններից առաջ եւ վերջնական լուծումներ են ստանում ընտրությունների շեմին:
Մինչեւ ընտրություններ դեռ բավականին ժամանակ կա, իսկ դաշտը իրականում այնքան էլ բարդ չէ՝ կա քաղաքական իշխող կոալիցիա՝ երեք հայտնի ուժերով, կա ՀԱԿ-ը՝ իր մեջ մտնող մի քանի ուժերով, կան Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը», եւ կան բազմաթիվ մանր-մունր ուժեր, որոնք կօգտագործվեն ինչպես որ հարկն է: Ակնհայտ է, որ ոչ մի քաղաքական ուժ իր համար նոր մոլորակ չի բացահայտելու: Անկախ իրենց գաղափարական հայացքներից՝ քաղաքական ուժերը մշտապես կամ աջ են գնալու, որտեղ «մերոնք են», կամ ձախ, որտեղ էլի «մերոնք» են, դե, իսկ կենտրոնում մնացողների հարցը պարզից էլ պարզ է: Անկասկած է, որ քաղաքական դաշտում ընտրությունների շեմին անխուսափելի են վերադասավորումները: Չի բացառվում, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ կստեղծվեն եւս մեկ կամ երկու նոր դաշինքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կփորձեն ստանալ ընդդիմադիր այն զանգվածի ձայները, որոնք ոչ ՀԱԿ-ինն են, ոչ Դաշնակցությանը եւ ոչ էլ «Ժառանգությանը»: Կստեղծվեն նաեւ Հանրապետականին աջակցող դաշինքներ եւ միավորումներ, ինչպես եղել է բոլոր ընտրություններից առաջ: Ըստ էության, քաղաքական դաշտում վերաձեւումները չեն լինելու անսպասելի. օրինակ՝ ո՞ւմ համար է գաղտնիք, որ ԱԺՄ-ն՝ պլյուս Արշակ Սադոյան, Շավարշ Քոչարյան, Խոսրով Հարությունյան, Արտաշես Մամիկոնովիչ եւ հազար ու մի հասարակական կազմակերպություններ, արծիվներ եւ բազեներ կաջակցեն եւ ձայներ կապահովեն ՀՀԿ-ի համար: Իսկ սա արդեն լուրջ թիվ է, եւ որքան էլ ընդդիմադիր զանգվածը ընդդիմադիր լինի, կան ավելի մեծաթիվ ուժեր, որոնք կանգնելու են իշխանության կողքին: Իշխող կոալիցիայում անցած շաբաթվա ընթացքում լարվածությունն իրոք տեսանելի դարձավ: Անցած ուրբաթ Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր, այդ թվում նաեւ՝ ՀՀԿ-ԲՀԿ ներկա եւ ապագա հարաբերությունները: Սրան հաջորդեցին հազար ու մի հնարավոր եւ անհնարին հավանականությունների մասին վերլուծություններ, կանխատեսումներ, անգամ գուշակություններ եղան այն մասին, թե Հանրապետականը «Բարգավաճին» խստորեն հրահանգել է՝ կողմնորոշվիր, թե չէ՝ մենք կկողմնորոշենք: Այս գուշակությունները թե ՀՀԿ-ի եւ թե ԲՀԿ-ի ներկայացուցիչները համերաշխորեն հերքում են: Մի բան անկասկած է՝ «Բարգավաճ Հայաստանը» հողից կտրված ուժ չէ, այստեղ կոնկրետ մարդիկ են՝ իրենց կոնկրետ բիզնեսներով եւ կապերով, եւ այդ մարդիկ, մեծ մասամբ, անգամ ամենավատ երազում չեն էլ ուզում պատկերացնել, որ Գագիկ Ծառուկյանը կորոշի ԲՀԿ-ն դարձնել ընդդիմություն: Հայ գործարարները (մեկ բացառությամբ) սովորաբար իրենց «չեն տեսնում ընդդիմադիր դաշտում»: Նման բան արդեն եղել է. հիշենք ՕԵԿ-ի հետ կատարվածը: Այս անգամ լավ է գոնե, որ ոչ մի ԲՀԿ-ական չի հայտարարում, թե իր ճակատին գրված է «Բարգավաճ Հայաստան»: Հետեւաբար, որոշ «վերլուծություններ» այն մասին, թե ԲՀԿ-ն կդառնա ընդդիմություն, այնքան էլ լուրջ չեն, քանի որ իշխանության «համը» տեսած ոչ մի ուժ չունի բավարար կամք՝ իրական ընդդիմություն դառնալու: Հարկ կա՞ հիշեցնել Դաշնակցության մասին, որը, որքան էլ հիմա ընդդիմադիր դիրքերից է խոսում, այդուհանդերձ՝ մի տեսակ, պարզ է, չէ՞, որ «էն չի»: Անվիճելի է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կարող է եւ «սեւ կատու» անցնել: Պատճառը նախկին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, եւ եթե նա իրոք ուզում է ետ գալ, ուրեմն ԲՀԿ-ն պետք է նրան աջակցի, որեւէ մեկը հակառակին չի հավատում, թեպետ չի բացառվում, որ գործարար Գագիկ Ծառուկյանը, որը կարծես վաղուց է «պոկվել» երկրորդ նախագահից, ինքնուրույն որոշում կայացնի՝ մնալ իր կոալիցիոն գործընկերոջ կողքին եւ գործով ապացուցել իր խոսքը՝ իր իսկ ձեռքով ստորագրած հուշագրի տրամաբանության մեջ: Իսկ եթե ԲՀԿ-ն չանի այդ բանը, ապա Հանրապետականի համար խիստ կարեւոր է օր առաջ ԲՀԿ-ից ետ վերցնել իշխանական լծակները՝ չորս նախարարական պորտֆելները, անհաշիվ այլ պետական պաշտոններ եւ արտոնություններ: ԵՎ ՀՀԿ-ն որքան շուտ անի այդ բանը, այնքան կշահի: Եվ եթե ՀՀԿ-ն իր ձեռքը չխփի սեղանին եւ չասի իր «տղամարդկային» խոսքը, առաջիկա ճակատամարտը կծավալվի նոյեմբերի առաջին իսկ օրերից, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը խորհրդարանի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնի եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Կոալիցիայի անդամ բոլոր ուժերը, տրամաբանորեն, պարտավոր են սատարել այդ բյուջեն, քանի որ իրենք իրենց մասով, կոնկրետ ԲՀԿ-ն՝ մոտ երեսունհինգ տոկոսի չափով, պատասխանատու են այդ բյուջեի համար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի, եթե իշխանության մաս կազմող ուժերից մեկը սկսի ընդդիմադիր ելույթներ ունենալ պետական բյուջեի մասին եւ հանկարծ որոշի դեմ քվեարկել այդ նույն բյուջեին: Այդ դեպքում ՀՀԿ-ից շատ մեծ ջանքեր կպահանջվեն բյուջեն փրկելու եւ կողմ ձայներ ապահովելու համար: Մյուս կողմից էլ՝ եթե մինչ այդ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս հայտարարվի, ամեն ինչ շատ ավելի հարթ կընթանա, քանի որ առանց ԲՀԿ-ի էլ ՀՀԿ-ն էլ իր հերթին է ինքնաբավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել