Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բռնապետով պակաս

Հոկտեմբեր 22,2011 07:00

 Երեկ սպանված Լիբիայի նախկին ղեկավար Մուհամար Քադդաֆին ոչ մի նորմալ կրթություն չէր ստացել, պատանեկության տարիներին նա հազիվ էր սովորել կարդալ Ղուրանը: Այնուամենայնիվ, նա իրեն համարում էր համաշխարհային մակարդակի փիլիսոփա, «գրել էր», այսպես կոչված, «Կանաչ գիրքը», որը անիմաստ եւ ցնորամիտ կարգախոսների հավաքածու էր, եւ որը լիբիացի ուսանողները ստիպված էին ուսումնասիրել եւ սերտել: Մեր նախկին երկրում էլ կար մի կիսագրագետ, բայց «երկաթյա կամք ունեցող» առաջնորդ, որը պատրանք ուներ, թե գիտության տարբեր բնագավառների (այդ թվում՝ լեզվաբանության) խորը գիտակ է. նրա գրքերը նույնպես մտնում էին դպրոցականների եւ ուսանողների ուսուցման պարտադիր ծրագրի մեջ:
Քադդաֆիին սպանեցին, եւ ես նրան բացարձակապես չեմ խղճում: Ինչպե՞ս կարելի է խղճալ մի մարդու, որը 42 տարի իշխանության գլուխ լինելով՝ բանտերում խոշտանգում եւ ոչնչացնում էր իր քաղաքական հակառակորդներին, եւ որը այս տարվա փետրվարին կարող էր հանգիստ եւ անարյուն հեռանալ, բայց մի սարսափելի արյունահեղություն սկսեց: Քադդաֆին հրաժարական չտվեց՝ հայտարարելով, որ նա նախագահ չէ, նա ազգի առաջնորդ է եւ իր ողջ կյանքը տառապել է ազգի համար: Թե ինչպես է նա «տառապել», պարզ դարձավ վերջին ամիսներին. նա եւ նրա բազմանդամ ընտանիքի անդամները ապրել են անասելի, ֆանտաստիկ ճոխության մեջ եւ ոչնչով չէին զիջում այլ «նավթային» երկրների սուլթաններին ու արքայազններին: Եվ այն համեստ բեդուինական վրանները, որոնցով նա շրջագայում էր աշխարհով, ոչ այլ ինչ էին, քան երեսպաշտական ծխածածկույթ: Կեղծավորություն էր նաեւ այն «համաժողովրդական սերը», որը իբր կար Քադդաֆիի նկատմամբ: Այդ պարտադրված, վախի վրա հիմնված «սերը» բռնապետության առաջին ախտանիշն է: Ճիշտ նույն ձեւով բելառուսները «սիրում են» Լուկաշենկոյին, իսկ ղազախները՝ Նազարբաեւին: Բռնապետների նկատմամբ իրական զգացմունքները դրսեւորվում են «իրավիճակի փոփոխությունից» հետո:
Քադդաֆին, կրկնեմ, մեղքս չի գալիս: Իսկ Լիբիայի ժողովուրդը՝ շատ: Որովհետեւ ՆԱՏՕ-ի օգնությամբ իշխանության եկած, այսպես կոչված, «ընդդիմադիրները» նույնպես մի բարի պտուղ չեն, ու հազարավոր մարդկանց արյան գնով տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ մի դրական հեռանկար չի խոստանում: Օբաման երեկ կոչ է արել «անհապաղ ձեռնամուխ լինել բաց, հանդուրժող եւ տոլերանտ Լիբիայի շինարարությանը»: Իսկ Սարկոզին ասել է, որ վերջին իրադարձությունները «ազդանշան պիտի դառնան ժողովրդավարական համակարգի ստեղծմանը, որում տեղ կգտնվի երկրի բոլոր խմբերի համար, եւ երաշխավորվելու են հիմնական ազատությունները»: Չեմ հավատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել