Regnum» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ եւ բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների 14-րդ համաժողովի շրջանակներում հրավիրված բրիֆինգում ԱՊՀ եւ բալթյան երկրների ԱՕԿ-ների ասոցիացիայի քարտուղար, Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Յուրեվը հայտարարել է, թե ասոցիացիայի անդամ երկրները միջազգային մարզական հասարակայնության շրջանում Բաքվի հեղինակության շուրջ դրական վերաբերմունք ստեղծելուն աջակցելու առումով կարող են աջակցել եւ 2020 թվականի օլիմպիական մայրաքաղաքի ընտրության ժամանակ սատարել Բաքվին:
2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվելու համար պայքարում են նաեւ Մադրիդը, Հռոմը, Տոկիոն, Ստամբուլը եւ Դոհան:
Թե Բաքվին սատարելու հարցում իրականում ի՞նչ է որոշվել, մենք չգիտենք: «Dey.az»-ը գրում է, որ համաժողովին չեն մասնակցել Հայաստանը եւ Վրաստանը: Վերջինը դուրս է եկել ԱՊՀ կազմից, իսկ Հայաստանը, մեր ունեցած տեղեկություններով, չի էլ հրավիրվել: Անկախ ամեն ինչից, վստահ ենք, որ Հայաստանն այդ ակցիային չի միանա՝ դրա համար հիմնավոր պատճառներ ունենալով: Մոռանալո՞ւ բան են այն պայմաններն ու թշնամական վերաբերմունքը, որոնցում գտնվել են մեր մարզական՝ ըմբշամարտի եւ բռնցքամարտի պատվիրակությունները, որ պարտադրված են եղել հանդես գալ հարեւան հանրապետությունում անցկացված աշխարհի առաջնություններում: Միայն այն, որ Բաքվի ճանապարհին, ինքնաթիռից սկսած նրանք հարձակումներից պաշտպանվելու համար վերցվել են հատուկ ծառայությունների առանձնահատուկ խիստ հսկողության տակ ու պահվել աշխարհից մեկուսացված, արդեն իսկ ամեն ինչ ասում է: Էլ չենք խոսում բուն մրցավայրերում եւ դրանց շրջակայքում հանդիսականի վայրենի ոտնձգությունների մասին: Մի կարեւոր հանգամանք էլ: Հարեւան երկրում մերոնք փոքրաթիվ կազմով մասնակցել են ընդամենը մեկ մարզաձեւի աշխարհի առաջնության: Ու անգամ այդ դեպքում էլ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները չեն կարողացել լիարժեք ապահովել նրանց անվտանգությունը՝ հատկապես դահլիճներում: Ավելին, բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ մեր պատվիրակության հետ կալանավորի կարգավիճակում է եղել նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականը: Եվ միայն այն բանի համար, որ այդ երկրի դրոշի ներքո հանդես էին գալիս Դավիթ Հայրապետյանն ու ազգությամբ եզդի Միշա Ալոյանը: Իսկ թե ադրբեջանցի հանդիսականն իրեն ինչպե՞ս է պահել ռինգ մտած «յանով» վերջացող ցանկացած բռնցքամարտիկի հանդեպ (Հայաստանի ներկայացուցիչների մասին էլ չենք խոսում), աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Միշա Ալոյանը «բարի համբավ վայելող» Բաքվից մի կերպ անվնաս դուրս գալուց հետո պատմել է բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին`