Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե հիմնադրամի պարագայում ավելի հե՞շտ է ծախսել գումարները»

Հոկտեմբեր 21,2011 00:00

Կամ մեծ մտքեր՝ ասված Հանրային խորհրդում

\"\"

Նախկին վարչապետներ, նախկին նախարարներ ու տնօրեններ, նախկին ռեկտորներ, նախկին … Մի խոսքով, վերջերս բոլոր նախկինները հավաքվել էին Հանրային խորհուրդ կոչվող կազմակերպության ընդլայնված կոլեգիայի նիստում եւ քննարկում էին նախկին «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի» ներկան եւ ապագան: Ինչ էին անում նախկինները գիտության համար այն ժամանակ, երբ «նախկին» չէին` մի կողմ թողնենք: Այս պարզունակ հարցը տվող դեռ կլինի: Երկու «մեծ» միտք, որոնք քննարկումների սկիզբն ու վերջն էին` ահա թե ինչը ստիպեց անդրադառնամ գիտության խնդիրներին: Վերջին միտքն արտասանել էր անմեղսունակ Գիտպետկոմի նախագահը: Առաջին միտքը քննարկումների ստարտն է` մի խումբ գիտնականներ դիմել են նամակով եւ հայտնում են, որ «…հիմնադրամի կարգավիճակը հարիր չէ գիտական հաստատությանը»: Երեւի օրգանական զզվանքը, որ ունեմ «հարիր» բառի հանդեպ (թող ներեն լեզվի մասնագետները), ստիպեց նայեմ հիմնադրամների վիճակագրությունը ամբողջ աշխարհում: Բերված է առաջնակարգ ամսագրերում տարբեր հիմնադրամների կողմից տպագրված 284220 հոդվածի վերլուծության մի մասը: Ամենաշատ տպագրված աշխատանքներ ունեցող հիմնադրամներից 500-ի մեջ 95%-ը բժշկական հիմնարկներ են, որոնք ունեն հզոր գիտական մաս: Օրինակ, Մայո եղբայրների կողմից 1911թ. ԱՄՆ-ում հիմնած հիմնադրամը ունի 52260 տպագրած աշխատանք՝ վերջին 80 տարում: Նույն ժամանակահատվածում ամբողջ հայկական գիտության տպագրած աշխատանքների թիվն ավելի համեստ է: Որ մեծ հղումներով հոդվածների մեջ կա 8900 հղում ունեցող հոդված` որակի ֆանտաստիկ չափանիշ, որն անհասանելի է հայկական գիտությանը, սա էլ հստակ բնութագիր է: Բայց չգիտես «…ինչու հիմնադրամի վիճակը հարիր չէ..»: Ինչի՞ն, թշվառ գոյությունը քարշ տվող գիտնականների վիճակի՞ն, թե՞ տարբեր տեղերից փախցրած կոչումներին ու պատվոգրերին: Իմիջիայլոց, միջուկային ֆիզիկայով զբաղվող հիմնադրամ էլ կա` Հոլանդիայում (ECN: Netherlands Energy Research Foundation  https://www.ecn.nl/en/): Բայց ի տարբերություն հայկական իշխանությունների հրավիրած միջազգայի փորձագիտության կարծիքի, այնտեղ հասկացել են, թե ինչ ապագա ունի միջուկային ֆիզիկան: Վերջին 5 տարում տպագրել են 5 աշխատանք, չնայած տարիներ առաջ, երբ այդ բնագավառում անելիք կար, տպագրվում էին տասնյակներով (1250 աշխատանք՝ նախորդ 20 տարում):  Դրա համար էլ այդ բառը չեմ սիրում, երբ ասելիք չկա կամ ամաչում են իրական վիճակից` «հարիր չէ…»: Իսկ ի՞նչն է հարիր, միգուցե Գիտպետկոմի բստրած եւ կառավարության կողմից հաստատված անօգնական ու անիմաստ գիտության «ռազմավարության» եւ  «գերակա ուղղությունների» մասին փաստաթղթե՞րը: Դե օգտագործեք, հիմնվեք դրանց վրա ու մի տրամաբանական միտք ասեք: Սկզբունքային պահ է, ցույց տվեք, որ ինչ-որ բան հասկանում եք եւ ափսոս չեն այն գումարները, որ հարկատուներից հավաքել` ձեզ են տվել: Եվ ոչ կառուցողական այս քննարկումների վերջակետն է սիմվոլիկ, որ դրել եմ վերնագրում: Անմեղսունակ Գիտպետկոմի նախագահի վախվորած պնդումը, ձեւակերպած հարցի ձեւով. «…գուցե հիմնադրամի պարագայում ավելի հե՞շտ է ծախսել տրամադրված գումարները…» : Հա, խելքի պուտուկ, բա ո՞նց: Լավ էլ հասկանում ես հայկական գիտության հիմնախնդիրները: Գիտությանը տրամադրած լիքը գումար կա` չգիտենք ոնց ծախսենք: Արի սովորեցրու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31