Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտությամբ՝ հիվանդության դեմ

Հոկտեմբեր 21,2011 00:00

NEW

Հանուն հայ կանանց առողջության

Նոյեմբերի 14-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Dorians, The beautified project, Dogma, Empirey, Reinkarnacia հայկական ռոք խմբերը հանդես կգան «Rock for Life» խորագիրը կրող համերգով, որը նախաձեռնել է «Մամա Սյու» բարեգործական հիմնադրամը:
Հիմնադրամի անդամ Հայկ Քեշիշյանի խոսքով, ռոք համերգը թվով երկրորդն է. «Առաջինը, որը նույնպես բարեգործական էր, տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Այդ ժամանակ «Մամա Սյու» հիմնադրամը դեռեւս նոր էր սկսել իր գործունեությունը: Մեր նպատակն է կանգնել կրձքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց կողքին եւ օգնել նրանց բուժման հարցում: Հենց այս պատրվակով էլ ստեղծվեց հիմնադրամը:  Ամիսներ առաջ «facebook» սոցիալական ցանցում Սյուզաննա անունով մի աղջիկ իրեն օգնելու խնդրանքով դիմել էր բոլորին՝ հիվանդ մոր համար անհրաժեշտ դեղորայքի գումար հայթայթելու համար: Նրա շուրջ հավաքվեցին մի խումբ երիտասարդներ, այդ թվում եւ ես ու սկսեցինք տարբեր ատյաններ դիմել օգնության խնդրանքով: Օգնություն ակնկալում էինք գումարային տեսքով, քանի որ կրծքագեղձի քաղցկեղից բուժվելու համար նրա հիվանդին անհրաժեշտ է 18 սրվակ «հերցեպտին»,  որի ամեն մի սրվակն արժե 3000 ԱՄՆ դոլար: Մի շարք միջոցառումների միջոցով արդեն հավաքվել է երեք սրվակի գումարը, իսկ այժմ խիստ անհրաժեշտություն կա չորրորդ սրվակի»: Հ. Քեշիշյանի խոսքով, ֆեյսբուքյան գաղափարակից ընկերներով որոշել են բարեգործական հիմնադրամ ստեղծել՝ Սյուզաննայի գլխավորությամբ եւ օգնել ոչ միայն նրա մորը, այլեւ այդ հիվանդությամբ տառապող բոլոր հայ կանանց: Ըստ Հ. Քեշիշյանի՝ ռոք համերգից բացի, իրենք կազմակերպել են նաեւ  «DJ-ները կյանքի համար», «Ժողովրդական երաժշտությունը կյանքի համար» խորագրերով համերգներ: Իսկ այս անգամ ընտրել են ռոքը, որովհետեւ՝ «Ռոքը բոլոր ժամանակների ամենասիրված երաժշտությունն է եւ ունի միլիոնավոր հետնորդներ»:
Կայանալիք համերգի մասին էլ Հ. Քեշիշյանն նշեց. «Մեծ ուշադրություն ենք դարձրել մասնակից խմբերի հանրահայտության վրա: Նախորդ ռոք համերգին բազմաթիվ ռոք խմբեր եւ երաժիշտներ էին մասնակցում, բայց փորձը ցույց տվեց, որ հանրությունը ունի իր ընտրյալները, որոնք կարող են մեր խոսքը հասցնել յուրաքանչյուրի սրտին՝ իրենց երաժշտությամբ: Արդեն կազմվել է հետաքրքիր ծրագիր: Սպասվում է անակնկալ՝ հայկական ռոքի վետերաններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել